Սեպտեմբերի 9-ին Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները, Ոստիկանության ձերբակալվածներին պահման վայրերի նորաստեղծ հասարակական մշտադիտարկման խմբի անդամները և Եվրոպայի խորհրդի փորձագետները քննարկումներ անցկացրին միջազգային և ազգային չափորոշիչների, վերահսկողության մեխանիզմների և ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության գործում հասարակական մշտադիտարկման դերի վերաբերյալ։
Ոստիկանության ոլորտի շարունակական բարեփոխումները նոր փուլ մտան 2025 թվականի ապրիլի 18-ին՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխությունների ընդունմամբ, որոնք մշակվել են Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ: Այս փոփոխությունները ներառում են ազատությունից զրկված անձանց պաշտպանության ուժեղացված մեխանիզմներ, մասնավորապես՝ բժշկական զննումների և վնասվածքների ու վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքների փաստաթղթավորման պարտականությունների ընդլայնում՝ համաձայն Ստամբուլյան արձանագրությանը։ Հասարակական մշտադիտարկման խմբի ստեղծումը կանխարգելիչ միջոցառումների բարձրացման մի մաս է՝ մշտադիտարկման, փաստաթղթավորման և վատ վերաբերմունքի դեմ պայքարում պետական հաստատությունների հաշվետվողականության բարձրացման միջոցով:
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին մարդու իրավունքների միջազգային պարտավորությունները, ձերբակալված անձանց իրավունքների վերաբերյալ ներպետական իրավական շրջանակը և հասարակական մոնիթորինգի խմբի գործնական պարտականությունները: Հատուկ ուշադրություն դարձվեց Եվրոպայի Խորհրդի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի առաջարկությունների իրականացմանը, ենթակառուցվածքների և հարմարությունների բարելավմանը, ինչպես նաև միջազգային լավագույն փորձից դասեր քաղելուն։
Միջոցառումը անցկացվեց Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդում» ծրագրի շրջանակում, Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի շրջանակներում։
