Back Կլոր սեղանը Երևանում ընդգծում է Հայաստանի առաջընթացը Եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածի վավերացման ուղղությամբ

Կլոր սեղանը Երևանում ընդգծում է Հայաստանի առաջընթացը Եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածի վավերացման ուղղությամբ

Եվրոպայի խորհուրդը Երևանում անցկացրեց բարձր մակարդակի կլոր սեղան քննարկում՝ նպատակ ունենալով առաջ մղել Եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածի վավերացումը, որը սահմանում է առողջության պաշտպանության իրավունքը։

Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի կառավարության, Ազգային ժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, Առողջապահության համաշխարհայի կազմակերպության, ինչպես նաև միջազգային փորձագետներ՝ ներառյալ Եվրոպական սոցիալական իրավունքների կոմիտեի և Եվրոպայի խորհրդի քարտուղարության անդամներ։

Մասնակիցները քննարկեցին բոլորի համար որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովման, առողջապահական անհավասարությունների հաղթահարման և ամենախոցելի խմբերի պաշտպանության համար ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման կարևորությունը։ Առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների և արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև Ազգային ժողովի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի ու մարդու իրավունքների մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները փոխանակեցին տեսակետներ՝ վավերացման իրավական, ֆինանսական և քաղաքական հետևանքների վերաբերյալ։

Միջազգային փորձագետներն ընդգծեցին, որ Եվրոպական սոցիալական խարտիայով երաշխավորված առողջության իրավունքը լրացնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված պաշտպանությունը՝ պետություններին պարտավորեցնելով իրականացնել դրական քայլեր՝ առողջությունը խթանելու և հիվանդությունները կանխելու նպատակով։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Եվրոպայի խորհրդի այլ անդամ պետությունների համեմատական փորձին՝ ցույց տալով, թե ինչպես կարող է վավերացումը նպաստել հաշվետվողականության բարձրացմանը, հանրային առողջապահության կառավարման բարելավմանը և առողջապահական ծառայությունների հասանելիության հավասարեցմանը։

Կլոր սեղանը վերահաստատեց Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցությունը Հայաստանին՝ սոցիալական իրավունքների առաջխաղացման և երկրի՝ եվրոպական չափանիշներին համապատասխանեցման խթանման գործում։ Քննարկումը եզրափակվեց բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ հանձնառությամբ՝ խորացնելու համագործակցությունը և շարունակելու աշխատանքը 11-րդ հոդվածի վավերացման ուղղությամբ։

Միջոցառումը իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների ամրապնդում» ծրագրի շրջանակում, որը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի (2023–2026 թթ.) մաս է կազմում։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page