2025 թվականի հոկտեմբերի 15-ին Եվրոպայի խորհուրդը՝ համագործակցելով Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի հետ, կազմակերպեց միջոցառում՝ նվիրված մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին։
Միջոցառումն ընդգծեց սոցիալական իրավունքների պաշտպանության և մարդկային արժանապատվության ամենալուրջ խախտումներից մեկի՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջև սերտ կապը։ Թրաֆիքինգը դիտարկվեց ոչ միայն քրեական, այլև սոցիալական և մարդու իրավունքների խախտման համատեքստում՝ շեշտադրելով շահագործման կանխարգելման, զոհերի պաշտպանության և վերականգնման համակարգերի կարևորությունը։
Մասնակիցները քննարկեցին տեղահանված անձանց խոցելիության առանձնահատկությունները, աշխատանքային շահագործման կանխարգելման մեխանիզմները, ինչպես նաև Հայաստանի պարտավորությունները՝ Եվրոպական սոցիալական խարտիայից և այլ միջազգային փաստաթղթերից բխող։ Քննարկումները նպաստեցին ոլորտային փորձի փոխանակմանը և մասնագիտական համագործակցության ամրապնդմանը։
Միջոցառումը զուգորդվեց Եվրոպայի խորհրդի ՀԵԼՓ առցանց դասընթացի՝ «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքար» թեմայով շրջանավարտների վկայականների հանձնման արարողությամբ։ Դասընթացը հաջողությամբ ավարտելու համար ընդհանուր առմամբ 26 մասնակից արժանացավ վկայականի։ ՀԵԼՓ դասընթացի միջոցով մասնակիցները խորացրին իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ թրաֆիքինգի դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման հարցերում՝ որդեգրելով զոհակենտրոն և իրավունքների վրա հիմնված մոտեցում։
Միջոցառումը ևս մեկ քայլ էր դատավորների, դատախազների, փաստաբանների, աշխատանքի տեսուչների և այլ մասնագետների կարողությունների ամրապնդման ուղղությամբ՝ նպաստելով Հայաստանում հավասարության, արդարադատության և սոցիալական համախմբվածության ապահովմանը։
Միջոցառումը իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների ամրապնդում» ծրագրի շրջանակում, որը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի (2023–2026 թթ.) մաս է կազմում։
