Աշխատանքային իրավունքները սոցիալական իրավունքների հիմնաքարերն են, և աշխատանքային իրավունքների պաշտպանությունը գնում է զուգահեռ լիարժեք զբաղվածության նպատակներին։ Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը կարևոր է աշխատողների համար և այն դրական ազդեցություն է ունենում նրանց առօրյա կյանքի վրա։ Այն նաև օգտակար նշանակություն ունի գործատուների և հասարակության համար, քանի որ ապահովում է իրավական հստակություն աշխատավայրում, պաշտպանում է աշխատողներին և խթանում է կայուն աճ։
2024թ-ի հոկտեմբերի 28-ին Եվրոպայի Խորհուրդը Հայաստանի Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ մեկնարկել է «Աշխատանքային իրավունքները՝ որպես մարդու իրավունքներ» HELP առցանց դասընթացը, որը հարմարեցված է Հայաստանի ներպետական համատեքստին՝ Հայաստանի պետական մարմինների, Ազգային ժողովի, քաղաքացիական դատավորների, իրավաբանների, առողջապահության և աշխատանքի տեսուչների, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամների և միջազգային գործընկերների՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) համար:
«Աշխատանքային իրավունքները՝ որպես մարդու իրավունքներ» HELP առցանց դասընթացը անդրադառնում է ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ աշխատանքային իրավունքներին՝ հիմնականում հիմնվելով Եվրոպական սոցիալական խարտիայի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան հոդվածների վրա: Դասընթացը ընդգրկում է աշխատանքային իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգը, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական պրակտիկան, Եվրոպական սոցիալական խարտիայի դրույթները և Եվրոպական սոցիալական իրավունքների կոմիտեի (ԵՍԻԿ) դատական պրակտիկան:
«Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը նպաստավոր է աշխատողների համար և դրական ազդեցություն ունի նրանց առօրյա կյանքի վրա: Մենք նաև հասկանում ենք աշխատանքային իրավունքների՝ որպես մարդու իրավունքների առավել լավ ըմբռնման կարևորությունը բոլոր նրանց համար, ովքեր իրենց աշխատանքում առնչվում են աշխատանքային իրավունքների տարբեր դրսևորումների հետ», – նշել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն իր ողջույնի խոսքում:
Հայաստանի Արդարատադության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ընդգծել է «Աշխատանքային իրավունքները՝ որպես մարդու իրավունքներ» HELP դասընթացի կարևորությունը և բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը։
Եվրոպական սոցիալական խարտիան Եվրոպայի խորհրդի համաձայնագիր է, որը երաշխավորում է սոցիալական և տնտեսակական հիմնարար իրավունքները և այն քաղաքացիական և քաղաքական ոլորտներում մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի երկնմանակն է։ Եվրոպական սոցիալական խարտիան երաշխավորում է մարդու ամենօրյա իրավունքների լայն շրջանակ, ինչպիսիք են զբաղվածության, աշխատանքային իրավունքների, բնակարանային ապահովման, առողջապահական կրթության, սոցիալական պաշտպանության և բարեկեցության իրավունքները։ Այն ապահովում է սոցիալական իրավունքների լայնածավալ և համապարփակ պաշտպանություն և հանդիսանում է մայրցամաքի՝ մարդու իրավունքների ճարտարապետության էական բաղադրիչ:
Միջոցառումը կազմակերպվել է «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրերի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի ներքո։
