Արհմիությունները վճռորոշ դեր են խաղում աշխատողների իրավունքների պաշտպանության, սոցիալական արդարության խթանման և արդար աշխատանքային պայմանների ապահովման գործում։ Հայաստանը, հանդիսանալով մի շարք կարևոր միջազգային կոնվենցիաների, այդ թվում՝ Եվրոպական սոցիալական խարտիայի անդամ պարտավորվել է պահպանել այդ իրավունքները։ Սակայն ազգային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցման գործում դեռևս գոյություն ունեն բացեր։
Եվրոպայի խորհուրդը, նպատակ ունենալով խթանել արհմիությունների իրավունքները՝ համահունչ եվրոպական չափանիշներին, կազմակերպել է աշխատաժողով՝ ներկայացնելու «Արհմիությունների իրավունքների միջազգային չափանիշներն ու լավագույն փորձը» նոր հրապարակված զեկույցը։ Միջոցառումը դարձավ արժեքավոր հարթակ՝ Հայաստանում արհմիությունների իրավունքների զարգացման վերաբերյալ քննարկումների համար։
Զեկույցը, որը մշակվել է «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, առաջարկում է բարեփոխումների համապարփակ ճանապարհային քարտեզ։ Այն վերլուծում է հիմնական իրավական փաստաթղթեր, ինչպիսիք են Եվրոպական սոցիալական խարտիան և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ առաջարկելով գործնական առաջարկություններ՝ Հայաստանի արհմիությունների պաշտպանության ոլորտում օրենսդրական բացերը հաղթահարելու համար։
Միջոցառման ընթացքում տարբեր ոլորտների մասնագետներ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ազգային արհմիութենական կազմակերպությունից, քաղաքացիական հասարակությունից և համապատասխան պետական մարմիններից, իրենց ուշադրությունը կենտրոնացրել էին արհմիությունների ձևավորման, կոլեկտիվ բանակցությունների իրավունքի և գործադուլի իրավունքի հիմնական ասպեկտների վրա։ Մասնակիցները քննարկեցին նաև գործնական քայլեր՝ արհմիությունների իրավունքների պաշտպանությունը ամրապնդող օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակները հզորացնելու համար։
Հայաստանում ներկայումս քննարկվող արհմիությունների մասին նոր օրենքի նախագծի պայմաններում՝ ակնկալվում է, որ զեկույցը կդառնա կարևոր տեղեկատու՝ օրենսդիրների և շահագրգիռ կողմերի համար, ովքեր ձևավորում են երկրի աշխատավորների իրավունքների ապագան։
Միջոցառումը կարևոր էր հայկական կառույցների և եվրոպական գործընկերների միջև համագործակցությունը ամրապնդելու համար, որպեսզի ապահովվի արհմիությունների իրավունքների լիարժեք պաշտպանությունն եվրոպական լավագույն փորձին համապատասխան։
Աշխատաժողովը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների Հայաստանի համար նախատեսված գործողությունների ծրագրի ներքո։
