Back Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացում՝ տեղահանված անձանց սոցիալական իրավունքները պաշտպանելու համար

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացում՝ տեղահանված անձանց սոցիալական իրավունքները պաշտպանելու համար

2025 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Եվրոպայի խորհուրդը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ, կազմակերպեց երկօրյա կարողությունների զարգացման աշխատաժողով՝ «Սոցիալական իրավունքների պաշտպանությունը տեղահանման պայմաններում. սոցիալական իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկատվության արդյունավետ հավաքագրում և մշակում՝ կենտրոնանալով փախստականների վրա» թեմայով։

Աշխատաժողովը միավորեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով ամրապնդել նրանց գիտելիքներն ու գործնական հմտությունները՝ սոցիալական իրավունքների խախտումների փաստաթղթավորման, վերլուծության և արձագանքման ոլորտներում, հատկապես՝ տեղահանված անձանց և փախստականների իրավունքների պաշտպանության համատեքստում։

Կարողությունների զարգացման ծրագիրը շեշտադրում է կատարել Եվրոպական սոցիալական խարտիայի հիմնական դրույթների վրա՝ ներառյալ առողջության պաշտպանության, սոցիալական և բժշկական օգնության, բնակարանային ապահովման, ինչպես նաև աղքատության և սոցիալական մեկուսացման դեմ պաշտպանության իրավունքները։ Մասնակիցները ներգրավվեցին ինտերակտիվ քննարկումների, դեպքերի ուսումնասիրությունների և եվրոպական լավագույն փորձի փոխանակման գործընթացներում՝ ուսումնասիրելով տվյալների արդյունավետ հավաքագրման մեթոդներ և բացահայտելով պետական ու հասարակական կառույցների հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններ։

Միջոցառումն ընդգծեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հանձնառությունը՝ պահպանելու մարդու իրավունքների միջազգային չափանիշները և խթանելու խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը ողջ երկրում։ Այդ նպատակով անցկացվեց նաև հատուկ նիստ՝ վերջին տարիներին իրականացված աշխատանքները ներկայացնելու և առկա մարտահրավերները քննարկելու համար։

Այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ էր Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման ուղղությամբ՝ ապահովելու համար, որ բոլոր անհատների՝ այդ թվում փախստականների և տեղահանված անձանց սոցիալական իրավունքները հարգվեն, պաշտպանվեն և լիարժեքորեն իրականացվեն՝ համաձայն Եվրոպական սոցիալական խարտիայի դրույթների։

Կարողությունների զարգացման դասընթացը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների ամրապնդում» ծրագրի շրջանակում, որը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի (2023–2026 թթ.) մաս է կազմում։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ -1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page