2025 թվականի հունիսին Եվրոպայի խորհուրդը մեկնարկեց հայերեն լեզվով երեք նոր HELP (Մարդու իրավունքների կրթություն իրավաբանական մասնագետների համար) առցանց դասընթացներ՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու համար: Գենդերային հավասարության և գենդերային բաղադրիչի ներառման թեմայով, հոգեկան առողջության և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի վրա կենտրոնացած դասընթացները նպատակ ունեն գործնական գործիքներ և իրավական գիտելիքներ տրամադրել հիմնական ոլորտների մասնագետներին:
Գենդերային հավասարության և գենդերային բաղադրիչի ներառման թեմայով տեղայնացված և հայերեն թարգմանված առցանց դասընթացը մեկնարկել է «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Դասընթացը նախատեսված է տարբեր ոլորտների մասնագետների համար՝ ներառյալ պետական գերատեսչությունների, կրթական հաստատությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար։ Այն մասնակիցներին կտրամադրի գործնական գիտելիքներ՝ քաղաքականությունների մշակման և մասնագիտական գործունեության մեջ գենդերային հավասարության սկզբունքներն ու գենդերային բաղադրիչը ներառելու համար՝ հիմնվելով միջազգային և եվրոպական ստանդարտների վրա։
Մեկ այլ կարևոր նվաճում էր «Հոգեկան առողջություն և մարդու իրավունքներ» դասընթացի ազգային տեղայնացման առաջին խմբի արդյունավետ ավարտը և հաջորդ փուլի մեկնարկը։ Դասընթացը մշակվել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ III» ծրագրի շրջանակներում և իրավաբանների ու առողջապահության ոլորտի մասնագետներին տրամադրում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ՝ հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին և միջազգային լավագույն փորձին:
Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ HELP առցանց դասընթացի մեկնարկը ևս մեկ վկայություն էր Եվրոպայի խորհրդի և Հայաստանի Արդարադատության ակադեմիայի միջև արդյունավետ համագործակցության մասին։ Դասընթացը մշակվել է «Սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում և հարմարեցված է հայկական իրավական դաշտին։ Այն տրամադրում է Եվրոպական չափանիշներին համապատասխան համապարփակ ուղեցույց դատավորներին, դատախազներին, իրավապահ մարմինների ներկայացուցիչներին և քաղաքացիական հասարակությանը՝ թրաֆիքինգի կանխարգելման, զոհերի պաշտպանության և մեղավորների հետապնդման վերաբերյալ։
Նոր մեկնարկած այս դասընթացները ընդգծում են Եվրոպայի խորհրդի շարունակական հանձնառությունը՝ խթանելու մարդու իրավունքները, իրավունքի գերակայությունը և ժողովրդավարական սկզբունքները Հայաստանում: Դրանք կազմում են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող համընդհանուր ջանքերի մի մասը:
