Back Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն հրապարակել է Սոցիալական իրավունքների և կեսնապահովման ճգնաժամի վերաբերյալ իր ուսումնասիրությունը

Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն հրապարակել է Սոցիալական իրավունքների և կեսնապահովման ճգնաժամի վերաբերյալ իր ուսումնասիրությունը

Այսօր, շնորհանդեսի ժամանակ, Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն  (ՍԻԵԿ) հրապարակեց Եվրոպայում սոցիալական իրավունքների վրա կենսապահովման ճգնաժամի ազդեցության թեմայով իր ուսումնասիրությունը։  Ոսումնասիրությունում մանրամասն նկարագրված են Եվրոպական սոցիալական խարտիայում ամրագրված իրավունքների պաշտպանության հարցում պետությունների առջև ծառացած մարտահրավերները: Առաջարկություններ են ներկայացվում կառավարություններին, թե ինչպես ապահովել այդ իրավունքներն այնպիսի իրավիճակներում, երբ առաջին անհրաժեշտության ապրանքների արժեքը շատ ավելի արագ է աճում, քան տնային տնտեսությունների միջին եկամուտները:

Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գծով գլխավոր տնօրեն Ջանլուկա Էսպոզիտոն բացման խոսքում ընդգծեց. «Կենսապահովման ճգնաժամը Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում անդրադառնում է բազմաթիվ մարդկանց վրա, և դրա հետևանքները դեռևս զգացվում են ամեն օր: Շատերն ի վիճակի չեն մինչ ամսվա վերջ ծայրը ծայրին հասցնել։ Այս ճգնաժամը սրում է սոցիալական անհավասարությունները և ազդում անհատների՝ իրենց իրավունքներն իրացնելու ունակության վրա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սոցիալական պաշտպանությունը, աշխատանքը և բնակարանը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել այդ խնդիրները լուծելու համար»։

Ուսումնասիրությունում Կոմիտեն ներկայացնում է ճգնաժամին պետությունների արձագանքման ընդհանուր պատկերը: Սահմանվում են ուղեցույցներ և տրվում են մի շարք հանձնարարականներ․

  • Մասնակից պետությունները պետք է ճգնաժամից առավել տուժած խմբերի պաշտպանությանը միտված հասցեագրված քայլեր նախագծեն և ձեռնարկեն՝ հաշվի առնելով նրանց հատուկ կարիքները:

  • Սոցիալական պաշտպանությունը Խարտիայի հիմնարար տարրն է: Տևական գնաճը զգալիորեն նվազեցրել է սոցիալական ապահովության նպաստների և աջակցության արժեքը, ինչի արդյունքում շահառուներն անկարող են ձեռք բերել առաջին անհրաժեշտության ապրանքները: Պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները, ապահովելու համար, որ այդ նպաստները լինեն համարժեք, կարգավորելով դրանք՝ գնաճին համընթաց պահելու և առավել տուժած խմբերին աջակցելու համար:
     

  • Բարձր գնաճի պատճառով մի շարք երկրներում նվազել է նվազագույն աշխատավարձի իրական արժեքը: Կոմիտեն հստակեցնում է, որ պետությունները պետք է ապահովեն արդար վարձատրություն՝ համաձայն Խարտիայի 4-րդ հոդվածի, ապահովելով, որ աշխատողները և նրանց ընտանիքները վայելեն արժանապատիվ կենսամակարդակ: Մասնավորապես, պետությունները պետք է երաշխավորեն, որ նվազագույն աշխատավարձը սահմանվի զուտ ազգային միջին աշխատավարձի 60%-ից ոչ պակաս:

  • Բնակարանային ծախսերը և անօթևանության ռիսկի աճը կարևոր խնդիրներ են, որոնց բախվում են շատ եվրոպացներ։ Կոմիտեն ընդգծում է, որ  Խարտիայով սահմանված իրավունքների համաձայն պետություններից պահանջվում է երաշխավորել վարձավճարների մատչելիությունը և բնակարանային նպաստների համարժեքությունը բնակարանային ծախսերին։ Կառավարությունները պետք է ավելացնեն սոցիալական բնակարանների մատակարարմանն ուղղված նախաձեռնությունները և ուժեղացնեն վտարումներից պաշտպանությունը:

  • Էլեկտրաէներգիայի և սննդամթերքի գների կտրուկ աճը էապես ազդել է տնային տնտեսությունների վրա, հատկապես ցածր եկամուտ ունեցող ընտանիքների: Կառավարությունները պետք է սերտորեն հետևեն էներգետիկ աղքատության մակարդակրին, նպատակային աջակցություն ցուցաբերեն առավել տուժածներին և իրականացնեն երկարաժամկետ քաղաքականություն՝ ապահովելու համարժեք էլեկտրաէներգիային կայուն, հետևողական և անվտանգ հասանելիություն:

  • Կառավարությունները պետք է բովանդակալից խորհրդակցություններ անցկացնեն ճգնաժամից առավել տուժած անձանց հետ և ապահովեն նրանց մասնակցությունը ճգնաժամին հակազդելու միջոցառումների նախագծմանը, իրականացմանը և գնահատմանը:

ՍԻԵԿ-ն կենտրոնանում է կենսապահովման ճգնաժամից առավել տուժած խմբերի՝ ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների իրավիճակի վրա: Այն կոչ է անում Մասնակից պետություններին՝ կենսապահովման ճգնաժամերի երկարաժամկետ ազդեցությունները չեզոքացնելու նպատակով ոչ միայն կարճաժամկետ քայլեր կատարել (օրինակ՝ արտահերթ կամ միանվագ դրամական նպաստների տրամադրում կամ նպաստների ժամանակավոր ավելացում), այլ նաև ձեռնարկել մարդու իրավունքների վրա հիմնված միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցներ: ՍԻԵԿ-ը հստակ ընդգծում է, որ եթե պետությունները մտադիր են կատարել մարդու իրավունքների եվրոպական օրենսդրության համաձայն միջազգային իրավունքով նախատեսված իրենց պարտավորությունները, կենսապահովման ճգնաժամին, Խարտիայում ամրագրված իրավունքներին համահունչ, անդրադառնալը կարևորագույն նշանակություն ունի: Տնտեսական դժվարությունները չպետք է հանգեցնեն սոցիալական հիմնարար իրավունքների խաթարմանը, ուստի կառավարությունները պետք է ապահովեն, որ քաղաքականությունը համապատասխանի սոցիալական արդարության և համերաշխության սկզբունքներին:

Խարտիայում ամրագրված իրավունքների երաշխավորումը՝ ի շահ բոլորի, նպաստում է տնտեսության վերականգնմանը և սոցիալական արդարությանը: Ապահովելը, որ յուրաքանչյուր եվրոպացի օգտվի սոցիալական ապահովության, բնակարանի, աշխատանքի և կրթության իր իրավունքներից, ուղղակի և իմաստալից պատասխան է ժողովրդավարությանը սպառնացող աճող սպառնալիքներին, որոնք սնվում են կենսամակարդակի և կյանքի հնարավորությունների անկման վախից:», - եզրափակեց ՍԻԵԿ-ի նախագահ Աոյֆե Նոլանը:

 

10 Առանցքային ուղերձներ

 

Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտե ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 19 մարտի, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page