2025 թվականի հոկտեմբերի 10-ից 11-ը Եվրոպայի խորհուրդը, համագործակցելով Հայաստանի առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի հետ, իրականացրեց երկօրյա կարողությունների զարգացման դասընթաց Երևանի և մարզերի 26 տեսուչների համար։
Դասընթացի նպատակն էր խորացնել տեսուչների գիտելիքները հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության իրավունքի վերաբերյալ՝ հիմնվելով Եվրոպական սոցիալական խարտիայի և Հայաստանի ազգային օրենսդրության դրույթների վրա։ Այն կենտրոնացած էր այն հարցի վրա, թե ինչպես կարող են աշխատանքի տեսուչները արդյունավետորեն կիրառել իրենց լիազորությունները՝ վերահսկելու օրենքի կատարումը, կանխելու խտրականությունը և խթանելու ներառական ու անվտանգ աշխատանքային միջավայր։
Ակտիվ քննարկումների, գործնական վարժությունների և իրական դեպքերի վերլուծության միջոցով մասնակիցները ձեռք բեեցին գործիքներ և մեթոդներ, որոնք կարող են անմիջականորեն կիրառել իրենց ամենօրյա գնահատման և վերահսկողական գործունեության ընթացքում։ Դասընթացը համադրեց տեսական գիտելիքները և գործնական մոտեցումները՝ ներկայացնելով նաև եվրոպական առաջատար փորձը ներառական զբաղվածության ապահովման ուղղությամբ, որտեղ յուրաքանչյուրը հավասար հնարավորություն ունի։
Այս միջոցառումը ևս մեկ քայլ էր Հայաստանի՝ Եվրոպական սոցիալական խարտիայի պարտավորությունները գործնականում իրականացնելու ուղղությամբ՝ միաժամանակ ուժեղացնելով տեսչական մարմնի կարողությունները՝ պաշտպանելու յուրաքանչյուրի արժանապատիվ և հավասար աշխատանքի իրավունքը։ Արդյունքում մասնակիցները վերազինվեցին գիտելիքներով և գործնական հմտություններով՝ նպաստելու ներառական զբաղվածության մշակույթի ձևավորմանը Հայաստանում։
Դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների ամրապնդում» ծրագրի շրջանակում, որը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի (2023–2026 թթ.) մաս է կազմում։
