Back Եվրոպայի խորհուրդը մեկնարկում է երեք նոր HELP առցանց դասընթացներ՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու համար

Եվրոպայի խորհուրդը մեկնարկում է երեք նոր HELP առցանց դասընթացներ՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու համար

2025 թվականի հունիսին Եվրոպայի խորհուրդը մեկնարկեց հայերեն լեզվով երեք նոր HELP (Մարդու իրավունքների կրթություն իրավաբանական մասնագետների համար) առցանց դասընթացներ՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու համար: Գենդերային հավասարության և գենդերային բաղադրիչի ներառման թեմայով, հոգեկան առողջության և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի վրա կենտրոնացած դասընթացները նպատակ ունեն գործնական գործիքներ և իրավական գիտելիքներ տրամադրել հիմնական ոլորտների մասնագետներին:

Գենդերային հավասարության և գենդերային բաղադրիչի ներառման թեմայով տեղայնացված և հայերեն թարգմանված առցանց դասընթացը մեկնարկել է «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Դասընթացը նախատեսված է տարբեր ոլորտների մասնագետների համար՝ ներառյալ պետական գերատեսչությունների, կրթական հաստատությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար։ Այն մասնակիցներին կտրամադրի գործնական գիտելիքներ՝ քաղաքականությունների մշակման և մասնագիտական գործունեության մեջ գենդերային հավասարության սկզբունքներն ու գենդերային բաղադրիչը ներառելու համար՝ հիմնվելով միջազգային և եվրոպական ստանդարտների վրա։

Մեկ այլ կարևոր նվաճում էր «Հոգեկան առողջություն և մարդու իրավունքներ» դասընթացի ազգային տեղայնացման առաջին խմբի արդյունավետ ավարտը և հաջորդ փուլի մեկնարկը։ Դասընթացը մշակվել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ III» ծրագրի շրջանակներում և իրավաբանների ու առողջապահության ոլորտի մասնագետներին տրամադրում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ՝ հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին և միջազգային լավագույն փորձին:  

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ HELP առցանց դասընթացի մեկնարկը ևս մեկ վկայություն էր Եվրոպայի խորհրդի և Հայաստանի Արդարադատության ակադեմիայի միջև արդյունավետ համագործակցության մասին։ Դասընթացը մշակվել է «Սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում և հարմարեցված է հայկական իրավական դաշտին։ Այն տրամադրում է Եվրոպական չափանիշներին համապատասխան համապարփակ ուղեցույց դատավորներին, դատախազներին, իրավապահ մարմինների ներկայացուցիչներին և քաղաքացիական հասարակությանը՝ թրաֆիքինգի կանխարգելման, զոհերի պաշտպանության և մեղավորների հետապնդման վերաբերյալ։

Նոր մեկնարկած այս դասընթացները ընդգծում են Եվրոպայի խորհրդի շարունակական հանձնառությունը՝ խթանելու մարդու իրավունքները, իրավունքի գերակայությունը և ժողովրդավարական սկզբունքները Հայաստանում: Դրանք կազմում են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող համընդհանուր ջանքերի մի մասը:

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 24 ՀՈՒՆԻՍԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page