Ս․թ․ հոկտեմբերի 17-19-ին Ախալցիխեում (Վրաստան) Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջանների տեղական իշխանությունների համար կազմակերպված Անդրսահմանային համագործակցության առաջնորդության ակադեմիայի 2-րդ փուլի հիմնական նպատակն էր Հայաստանի և Վրաստանի ժողովուրդների մերձեցումը` հիմնված սահմաններ հատող ընդհանուր սկզբունքների և ընդհանուր ժառանգության վրա:
Եվրոպայի խորհրդի` Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ․ ծրագրի շրջանակներում իրականացված Առաջնորդության ակադեմիայի ծրագրի (Leadership Academy Programme) բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մարտինա ՇՄԻԴՏԸ , Եվրոպայի խորհրդի Վրաստանի գրասենյակի ղեկավար Նատալյա ՎՈՒՏՈՎԱՆ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե ՏԵՐՏԵՐՅԱՆԸ, ինչես նաև Վրաստանի տարածաշրջանային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Մզիա ԳԻՈՐԳՈԲԻԱՆԻՆ։
Համայնքապետերի և բարձրաստիճան պաշտոնյաների կարողությունների զարգացման այս սեմինարը հնարավորություն է տվել ուսումնասիրել գործող իրավասությունները կարգավորող երկու կողմերի օրենսդրական դաշտերը, օգնել է զարգացնել կարողությունները և սահմանել է հնարավոր միջոցներ՝ հաղթահարելու անդրսահմանային համագործակցության խոչընդոտները՝ Եվրոպայի խորհրդի Բուդապեշտի համաժողովի (Budapest Conference) եզրակացություններին համապատասխան:
Մասնակցել են նաև Հայաստանի և Վրաստանի տարածքային իշխանությունների պատվիրակությունները։
Ակադեմիայի ծրագիրը մշակվել է Եվրոպայի խորհրդի Լավ կառավարման փորձագիտական կենտրոնի (Centre of Expertise for Good Governance) կողմից և իրականացվում է մի քանի փուլով սահմանի երկու կողմերում՝ նպատակ ունենալով խորացնել գիտելիքները, ամրապնդել փոխհարաբերությունները և աջակցել համագործակցության մեխանիզմների ստեղծմանը։
«Անդրսահմանային համագործակցության առաջնորդության ակադեմիայի» երկրորդ փուլն անցկացվում է ԵԽ «Ապակենտրոնացում և անդրսահմանային համագործակցություն Հայաստանում» ծրագրի համատեքստում և ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ․ ծրագրի շրջանակներում:

