Ապրիլի 20-ին «Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում և Հայաստանում թափանցիկ և մասնակցային տեղական ինքնակառավարման խթանում» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության 5-ամյա ռազմավարության (2022-2026) և 2-ամյա գործողությունների պլանի մշակման աշխատաժողովը։ Այն վարում էին Տեղական ինքնավարության և կառավարման հիմնադրամի (FLAG, Ալբանիա) փորձագետներ Իեն Վիլսոնը (Անգլիա) և Արթան Րոջին (Ալբանիա), ինչպես նաև Եվրոպայի խորհրդի հայաստանյան փորձագետներ Իրինա Փահլևանյանը և Արմինե Թուխիկյանը։
Խոսելով Միության ռազմավարության մասին՝ Էմին Երիցյանը՝ Միության նախագահը նշեց․ «Միությունը որպես կազմակերպություն ունի իր կարիքները, ռազմավարական նպատակները, թիրախները, բայց դրանք զուգակցվում են համայնքների այսօրվա կարիքների հետ։ Միությունը պետք է նպաստի դրանց իրականացմանը։ Այդ իմաստով համայնքների ռազմավարությունները և ընդհանրապես միասնական շահի գիտակցումը շատ կարևոր է։ Ռազմավարությունը, որը մշակվում է Միության անդամների ներգրավմամբ, պետք է լինի ոչ միայն միության, այլ իր բոլոր անդամների սեփականությունը»։ Եզրափակիչ խոսքում պարոն Երիցյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդին և Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսին շարունակական աջակցության համար՝ միտված ոչ միայն Համայքների միության, այլև համայնքների զարգացմանը։
Աշխատաժողովի ամփոփիչ ինտերակտիվ հատվածում համայնքապետերն արտահայտեցին իրենց կարծիքները Միության տեսլականի, առաքելության և նպատակների շուրջ՝ կենտրոնանալով համայնքների համագործակցության, համախմբման և հզորության վրա՝ առաջարկելով նորարարական գաղափարներ։ Համայնքապետերը կցանկանային տեսնել Միությունը ավելի ինստիտուցիոնալացված, որպեսզի այն ունակ լինի ազդել կենտրոնական իշխանության վրա՝ ի բարօրություն իր անդամների, ունենա կայուն ներքին և արտաքին գործընկերներ, որակյալ ծառայություն և նպաստի կայուն զարգացմանը։
«Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում և Հայաստանում թափանցիկ և մասնակցային տեղական ինքնակառավարման խթանում» ծրագրի համակարգող Նունե Բալյանը ներկայացրեց ծրագրի կողմից իրականացված առանցքային գործողությունները, նշեց առաջնահերթություններն ու տարածքային կառավարման բարեփոխումներին հաջորդած աջակցության կարիքները, որոնց ծրագիրն արձագանքում է։ Անդրադառնալով Միության ռազմավարության գործընթացին՝ նշեց․ «Միության անդամ համայնքները պետք է վերահսկեն ռազմավարության իրականացման գործընթացը և հանդես գան որպես ռազմավարության իրականացման անմիջական դերակատարներ»։

