Անդրսահմանային համագործակցության համատեքստում իրականացվող առաջնորդության ակադեմիայի առաջին փուլի շրջանակում Դեբեդ գետի հովտում հավաքված Հայաստանի և Վրաստանի համայնքների ղեկավարների և տեղական բարձրաստիճան պաշտոնյաների ակնկալիքներից են պատնեշներ քանդելը, խոչընդոտներ հաղթահարելը, բարեկամություն ձևավորելը և ընդհանուր տարածքի վերաբերյալ ընդհանուր տեսլական ունենալը:
Եվրոպայի խորհրդի նպատակն է մերձեցնել երկրները՝ հիմնվելով ընդհանուր սկզբունքների և ընդհանուր ժառանգության վրա, որոնք կտրում-անցնում են սահմանները: Հիմք ընդունելով Անդրսահմանային համագործակցության Բուդապեշտի համաժողովի եզրակացությունները՝ «Լավ կառավարման փորձագիտական կենտրոնը» սկսել է այս ինտերակտիվ վերապատրաստման ծրագիրը «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի համատեքստում:
Այս գործունեությունը մեկնարկել են երկու փոխնախարարների և Ժողովրդավարության և կառավարման եվրոպական կոմիտեի անդամների՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ պարոն Վաչե Տերտերյանի և Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ տիկին Մզիա Գիորգոբիանիի, կողմից։ Սահմանի յուրաքանչյուր կողմի մասնակիցներին առցանց միացել են կենտրոնական և տեղական իշխանությունների իրենց գործընկերները, ովքեր ցանկանում էին հետևել վերապատրաստման աշխատանքներին, որոնք հիմնված են Եվրոպայի խորհրդի չափանիշների վրա, ինչպիսիք են Ժողովրդավարական լավ կառավարման 12 սկզբունքները:
Անդրսահմանային համագործակցության համատեքստում իրականացվող առաջնորդության ակադեմիայի առաջին փուլը մասնակիցներին նաև հնարավորություն է տալիս մշակել համագործակցության գաղափարներ՝ հիմնված մշակույթի, ժառանգության և տեխնոլոգիական համագործակցության վրա՝ այցելելով COAF Smart կենտրոնը, Հ. Թումանյանի տուն-թանգարանը, Սանահինի վանական համալիրը, ինչպես նաև Մենձ Էր քարայրը։
Ծրագիրն իրականացվում է «Լավ կառավարման փորձագիտական կենտրոնի» կողմից՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի համատեքստում և ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության գրասենյակի կողմից:

