Back Մեկնարկեց Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» նոր ծրագիրը

Մեկնարկեց Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» նոր ծրագիրը

2023թ. ապրիլի 28-ին Երևանում Եվրոպայի խորհուրդը պաշտոնապես մեկնարկեց «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագիրը (Ծրագիր): Ծրագիրը ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից և իրականցվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում:

Ծրագիրը Եվրոպայի խորհրդի շարունակական ջանքերի մասն է՝ ուղղված աջակցելու Հայաստանին մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ կիրառման գործում՝ հատուկ ուշադրություն դարձնելով դատական վարույթների չափազանց երկարատևության, ներպետական դատարանների վճիռները չկատարելու կամ ուշ կատարելու խնդիրներին, մինչդատական փուլում արդյունավետ դատական վերահսկողությանը, հավաքների ազատության իրավունքին, վատ վերաբերմունքի և կյանքից զրկելու ենթադրյալ դեպքերի արդյունավետ քննությանը։ Ծրագրի շրջանակներում կտրամադրվի օրենսդրական, մեթոդաբանական և կարողությունների զարգացմանն ուղղված աջակցություն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներից բխող ընդհանուր միջոցների կատարմանը նպաստելու համար ։Ծրագրի գործողությունները համահունչ են և նպատակ ունեն աջակցել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության 2020-2025 թվականների Ազգային ռազմավարության և ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության որոշ գերակայությունների իրականացմանը:

Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է հասնել հետևյալ արդյունքների.

  • Մինչդատական վարույթում կալանքի կիրառման պրակտիկան,  վատ վերաբերմունքի և կյանքից զրկելու ենթադրյալ դեպքերի, ինչպես նաև հավաքների ազատության իրավունքին առնչվող գործերի արդյունավետ քննությանը վերաբերող ներպետական օրենսդրությունը և պրակտիկան կբարելավվեն և կհամապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին:
  • Ներպետական դատարանների դատական ակտերի կատարումը կբարելավվի՝ Եվրոպայի խորհրդի չափանիշներին համահունչ:
  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերահսկմանն ուղղված իշխանությունների ջանքերը կբարելավվեն և ավելի համակարգված կլինեն:

Մեկնարկային միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 50 ներկայացուցիչներ Ծրագրի գործընկեր և շահառու կառույցներից, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ Վճռաբեկ դատարանից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Արդարադատության նախարարությունից, Ներքին գործերի նախարարությունից, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից, Գլխավոր դատախազությունից, Արդարադատության ակադեմիայից, Քննչական կոմիտեից, Փաստաբանների պալատից և այլ կառույցներից։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 28/04/2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Back Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանում ոստիկանական բարեփոխումներին՝ երաշխավորելու խաղաղ հավաքների ազատության իրավունքը

Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանում ոստիկանական բարեփոխումներին՝ երաշխավորելու խաղաղ հավաքների ազատության իրավունքը

Համաձայն ՄԻԵԿ-ի 11-րդ հոդվածի, յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք։ Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակայնությունում` ի շահ պետական անվտանգության կամ հասարակական կարգի պահպանման։

Այս իրավունքն իրականացնելու նպատակով  Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրվել է փորձագիտական աջակցություն՝ Ոստիկանության գվարդիայի մասին նոր օրենքը մշակելու և հարակից իրավական մի շարք ակտերում փոփոխություններ կատարելու համար։ Նոր օրենքի նախագիծը ՀՀ կառավարության հաստատումն է ստացել ս․թ․ մայիսի 2-ին։

Եվրոպայի խորհուրդը ՀՀ ներքին գործերի նախարարության հետ համատեղ մայիսի 16-ին և 17-ին կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ նվիրված  նոր օրենքի նախագծին Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի շրջանակներում քննարկվել է նաև խաղաղ հավաքների ազատության իրավունքը։ Մասնավորապես, ԵԽ Նախարարների կոմիտեի խստացված վերահսկողության ներքո գտնվող Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործում, ինչպես նաև այս խումբ գործերի այլ վճիռներում Եվրոպական  դատարանն արձանագրել է, որ խաղաղ ցույցերի ցրումը և դրա հետևանքով ակտիվիստների ձերբակալումը, հետապնդումը և դատապարտումը անհամաչափ և անհարկի բնույթ են կրել, ինչպես նաև առկա են եղել ՄԻԵԿ-ի 11-րդ հոդվածով նախատեսված բողոքների դեմ արդյունավետ ներպետական պաշտպանության թերի միջոցներ։ Հաշվի առնելով բարեփոխումների հրատապ անհրաժեշտությունը՝ կարևոր է ներդաշնակեցնել ներպետական օրենսդրությունը և պրակտիկան եվրոպական չափանիշներին:

Քննարկումն էական դերակատարում ուներ օրենքի նոր նախագծի մշակման գործընթացում, քանի որ այն կարևոր հարթակ է հանդիսացել կառուցողական երկխոսություն ծավալելու, լուծումներ առաջադրելու և հեռանկարային առաջարկներ ներկայացնելու համար՝ Ազգային ժողովում լսումներին ընդառաջ։ Եվրոպայի խորհուրդը հատկապես կարևորում է Ազգային ժողովի հետ արդյունավետ համագործակցությունը՝ հաշվի առնելով վերջինիս դերը իրավական ակտերի ընդունման և կայուն արդյունքների ապահովման գործում։

Միջոցառումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի կողմից, որը իրականցվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից։

ԾԱՂԿԱՁՈՐ, ՀԱՅԱՍՏԱՆ 16-17 մայիսի, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page