Back Կմշակվի «Ոստիկանական գվարդիայի մասին» նոր օրենքը՝ եվրոպական չափանիշներին համահունչ

Կմշակվի «Ոստիկանական գվարդիայի մասին» նոր օրենքը՝ եվրոպական չափանիշներին համահունչ

Եվրոպայի խորհուրդը ՀՀ ներքին գործերի նախարարության հետ համատեղ հուլիսի 25-26-ին կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ նվիրված «Ոստիկանական գվարդիայի մասին» նոր օրենքի մշակման և այլ հարակից իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հայեցակարգային փաստաթղթին։ Կլոր սեղան-քննարկումների նպատակն էր ստեղծել ընդհանուր հարթակ, որպեսզի համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչները, ոլորտի առանցքային մասնագետները, քաղաքականություն մշակողները և փորձագետները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունները հնարավորություն ստանան քննարկելու նոր օրենսդրական նախաձեռնության հայեցակարգային փաստաթուղթը։

Համաձայն ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ գործողությունների ծրագրի, ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը՝ հավաքների ազատության իրավունքի վերաբերյալ բարեփոխումներին աջակցելու նպատակով Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրվում է փորձագիտական աջակցություն և կազմակերպվում են կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ։ Մասնավորապես, Եվրոպայի խորհուրդը փորձագիտական աջակցություն կտրամադրի «Ոստիկանական գվարդիայի մասին» նոր օրենքի մշակման և մի շարք այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու համար, այդ թվում՝ «Ոստիկանության մասին», «Հավաքների մասին» օրենքներում, «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում։

Ակնկալվում է, որ «Ոստիկանական գվարդիայի մասին» օրենքի հիման վրա ձևավորված ոստիկանական ուժերը զանգվածային հրապարակային միջոցառումների ընթացքում պետք է ունենան նաև հասարակական կարգը պահպանելու գործառույթ։ Հետևաբար օրենքով պետք է կարգավորվի նաև հրապարակային միջոցառումների ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման իրավաչափությունն ու համարժեքությունը՝ միջազգային չափանիշներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային իրավունքին համապատասխան՝ այդպիսով նպաստելով ՄԻԵԿ 11-րդ հոդվածի համաձայն Հայաստանի դեմ կայացված ՄԻԵԴ վճիռների կատարմանը (Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճիռների խումբ):


Քննարկումները կազմակերպվել էին  «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 26/07/2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Back Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանում խափանման այլընտրանքային միջոցների կիրառման խթանմանը

Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանում խափանման այլընտրանքային միջոցների կիրառման խթանմանը

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքն ընդլայնել է խափանման միջոցների տեսակները՝ սահմանելով վարչական հսկողությունը և տնային կալանքը, որն իրավունքների և ազատությունների սահմանափակմամբ այլընտրանքային խափանման միջոցների շարքում ամենամոտն է կալանքին։  Օրենսգրքի նոր դրույթների պատշաճ կիրառումն ապահովելու նպատակով Եվրոպայի Խորհուրդը աջակցում է քրեական արդարադատության դերակատարներին նոր գործելակերպի ներդրման հարցում՝ բարելավելով նրանց մասնագիտական հմտությունները և փոխելով նրանց վերաբերմունքը քրեական դատավարության մյուս մասնակիցների հանդեպ՝ նոր օրենսդրությանը համապատասխան։

Հունիսի 19-20-ը Եվրոպայի Խորհրդի «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» և «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրերը համատեղ կազմակերպել էին իրավական ոլորտի մասնագետների, այդ թվում՝ պրոբացիայի ծառայութան ներկայացուցիչների համար նախատեսված գործնական ուղեցույցների քննարկում, որոնք անդրադառնում են այլընտրանքային խափանման միջոցների արդյունավետ կիրառմանը խոչընդոտող օրենսդրական և գործնական խնդիրներին:

Մինչ ուղեցույցների նախապատրաստումը տեղեկություններ են հավաքագրվել Վճռաբեկ դատարանի, Գլխավոր դատախազության և Պրոբացիայի ծառայության կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ՝ տնային կալանքի, վարչական հսկողության, գրավի դիմաց ազատման և երկրից բացակայելու արգելքի վերաբերյալ հնարավոր լուծումներ մշակելու նպատակով: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հետ կապված ներպետական օրենսդրության հարցերը, այդ միջոցների կիրառման հետ կապված խնդիրները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի և եվրոպական լավագույն փորձի լույսի ներքո ներպետական մակարդակով տնային կալանքի և վարչական հսկողության կիրառման գործնական հարցերը։ Ուշադրության կենտրոնում են եղել նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառմանն աջակցելու և պրոբացիայի ծառայությունների և Հայաստանի քրեական արդարադատության համակարգի մյուս առանցքային դերակատարների միջև առավել սերտ համագործակցության համար անհրաժեշտ հետագա քայլերի մշակումը:

Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը»  ծրագիրը, ինչպես նաև «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագիրն իրականացվում են Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ.գործողությունների ծրագրի շրջանակներում:

ԾԱՂԿԱՁՈՐ, ՀԱՅԱՍՏԱՆ 19-20 ՀՈՒՆԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page