Back Ոստիկանության գվարդիայի մասին նոր օրենքի նախագիծը ներկայացվել է լայն հանրությանը

Ոստիկանության գվարդիայի մասին նոր օրենքի նախագիծը ներկայացվել է լայն հանրությանը

Եվրոպայի խորհուրդը ՀՀ ներքին գործերի նախարարության հետ համատեղ նոյեմբերի 21-ին, 23-ին և 30-ին Երևանում կազմակերպել էր երեք կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Ոստիկանության գվարդիայի մասին նոր օրենքին և հարակից իրավական ակտերին։ Քննարկումների նպատակն էր ստեղծել ընդհանուր հարթակ, որպեսզի համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչները, ոլորտի առանցքային մասնագետները, քաղաքականություն մշակողներն ու փորձագետները, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Ազգային ժողովի անդամները հնարավորություն ստանան քննարկելու օրենսդրական նոր նախաձեռնությունը, որը մշակվել է Եվրոպայի խորհրդի փորձագիտական աջակցությամբ։

Համաձայն ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ գործողությունների ծրագրի, ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը՝ հավաքների ազատության իրավունքի վերաբերյալ բարեփոխումներին աջակցելու նպատակով Ծրագրի կողմից տրամադրվում է փորձագիտական աջակցություն և կազմակերպվում են կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ։

Ոստիկանության բարեփոխումը տևական և համալիր գործընթաց է, որը պահանջում է հստակ տեսլականի առկայություն և դրա իրացման ճանապարհների ուրվագծում։ Այդ բարեփոխումը ներառում է նաև ոստիկանության զորքերի ապառազմականացումը, դրանց կարգավիճակի, հետևաբար, և լիազորությունների վերանայումը, ինչպես նաև այն լուծումների մշակումը, որոնք թույլ կտան վերջիններիս կողմից առավել արդյունավետ իրականացնել հասարակական կարգի պահպանության գործառույթը, այդ թվում՝ երաշխավորելով յուրաքանչյուրի՝ խաղաղ հավաքներին ազատորեն մասնակցելու իրավունքի պատշաճ իրականացումը։

Ակնկալվում է, որ նոր օրենքի հիման վրա ձևավորված ոստիկանական ուժերը զանգվածային հրապարակային միջոցառումների ընթացքում պետք է ունենան նաև հասարակական կարգը պահպանելու գործառույթ։ Հետևաբար օրենքով պետք է կարգավորվի նաև հրապարակային միջոցառումների ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման իրավաչափությունն ու համարժեքությունը՝ միջազգային չափանիշներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային իրավունքին համապատասխան՝ այդպիսով նպաստելով ՄԻԵԿ 2-րդ, 3-րդ, 5-րդ և 11-րդ հոդվածի համաձայն Հայաստանի դեմ կայացված ՄԻԵԴ վճիռների կատարմանը (Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճիռների խումբ և Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի վճիռների խումբ):

Քննարկումները  կազմակերպվել էին  «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը»ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 30/11/2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Back Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանում խափանման այլընտրանքային միջոցների կիրառման խթանմանը

Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանում խափանման այլընտրանքային միջոցների կիրառման խթանմանը

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքն ընդլայնել է խափանման միջոցների տեսակները՝ սահմանելով վարչական հսկողությունը և տնային կալանքը, որն իրավունքների և ազատությունների սահմանափակմամբ այլընտրանքային խափանման միջոցների շարքում ամենամոտն է կալանքին։  Օրենսգրքի նոր դրույթների պատշաճ կիրառումն ապահովելու նպատակով Եվրոպայի Խորհուրդը աջակցում է քրեական արդարադատության դերակատարներին նոր գործելակերպի ներդրման հարցում՝ բարելավելով նրանց մասնագիտական հմտությունները և փոխելով նրանց վերաբերմունքը քրեական դատավարության մյուս մասնակիցների հանդեպ՝ նոր օրենսդրությանը համապատասխան։

Հունիսի 19-20-ը Եվրոպայի Խորհրդի «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» և «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրերը համատեղ կազմակերպել էին իրավական ոլորտի մասնագետների, այդ թվում՝ պրոբացիայի ծառայութան ներկայացուցիչների համար նախատեսված գործնական ուղեցույցների քննարկում, որոնք անդրադառնում են այլընտրանքային խափանման միջոցների արդյունավետ կիրառմանը խոչընդոտող օրենսդրական և գործնական խնդիրներին:

Մինչ ուղեցույցների նախապատրաստումը տեղեկություններ են հավաքագրվել Վճռաբեկ դատարանի, Գլխավոր դատախազության և Պրոբացիայի ծառայության կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ՝ տնային կալանքի, վարչական հսկողության, գրավի դիմաց ազատման և երկրից բացակայելու արգելքի վերաբերյալ հնարավոր լուծումներ մշակելու նպատակով: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հետ կապված ներպետական օրենսդրության հարցերը, այդ միջոցների կիրառման հետ կապված խնդիրները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի և եվրոպական լավագույն փորձի լույսի ներքո ներպետական մակարդակով տնային կալանքի և վարչական հսկողության կիրառման գործնական հարցերը։ Ուշադրության կենտրոնում են եղել նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառմանն աջակցելու և պրոբացիայի ծառայությունների և Հայաստանի քրեական արդարադատության համակարգի մյուս առանցքային դերակատարների միջև առավել սերտ համագործակցության համար անհրաժեշտ հետագա քայլերի մշակումը:

Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը»  ծրագիրը, ինչպես նաև «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագիրն իրականացվում են Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ.գործողությունների ծրագրի շրջանակներում:

ԾԱՂԿԱՁՈՐ, ՀԱՅԱՍՏԱՆ 19-20 ՀՈՒՆԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page