Back Եվրոպայի խորհուրդը նպաստում է անդամ երկրների միջև լավագույն փորձի փոխանակմանը

Եվրոպայի խորհուրդը նպաստում է անդամ երկրների միջև լավագույն փորձի փոխանակմանը

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի պատվիրակությունը 2024 թվականի հունիսի 4-ից 6-ը մեկնել էր Նիդերլանդներ։ Փորձի փոխանակման այս այցը կնպաստի վճիռների կատարման գործընթացների արդյունավետության և էֆեկտիվության բարձրացմանը:

Նիդերլանդների կառավարության  ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում յուրօրինակ ռազմավարություն և պրակտիկա է կիրառում ՄԻԵԴ-ի վճիռները և միջազգային չափանիշներն ներպետական մակարդակում իրականացնելու համար, բացի այդ, այս երկիրը ՄԻԵԴ միջպետական ​​գործերում ներգրավվածության հարուստ փորձ ունի, ինչը նպաստել է այս ոլորտում իրավագիտության և իրավական պրակտիկայի զարգացմանը: Հետևաբար, պատվիրակության անդամների համար օգտակար էր ծանոթանալ Նիդերլանդների փորձին և արժեքավոր տեղեկատվություն ու առաջարկություններ ստանալ միջազգային մակարդակով մարդու իրավունքների ոլորտում բարդ վեճերի լուծման վերաբերյալ, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը  ներկայումս ներգրավված է ՄԻԵԴ միջպետական ​​յոթ գործերում՝ 5 գործով որպես հայցվոր և 2 գործով որպես պատասխանող։ Ավելին, Հայաստանը վերջերս վավերացրել է Հռոմի ստատուտը՝ նշանակալից քայլ կատարելով միջազգային արդարադատության և հաշվետվողականության հանդեպ իր հավատարմության ամրապնդման ուղղությամբ։ Այսպիսով, այցի կարևոր ուղղություններից էր նաև Հռոմի ստատուտը Նիդերլանդների ներքին իրավական համակարգում ընդգրկելու լավագույն փորձի ուսումնասիրումը:

Պատվիրակության անդամները Լեյդենի համալսարանում հնարավորություն ունեցան մասնակցելու  միջազգային իրավունքի վերաբերյալ կլոր սեղան քննարկմանը՝ նվիրված միջազգային քրեական իրավունքի նոր զարգացումներին և միջազգային դատավարություններում արբանյակային պատկերների որպես ապացույց օգտագործմանը:

Այցը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից:

 

 

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ 4-6 ՀՈՒՆԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Back Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանում խափանման այլընտրանքային միջոցների կիրառման խթանմանը

Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանում խափանման այլընտրանքային միջոցների կիրառման խթանմանը

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքն ընդլայնել է խափանման միջոցների տեսակները՝ սահմանելով վարչական հսկողությունը և տնային կալանքը, որն իրավունքների և ազատությունների սահմանափակմամբ այլընտրանքային խափանման միջոցների շարքում ամենամոտն է կալանքին։  Օրենսգրքի նոր դրույթների պատշաճ կիրառումն ապահովելու նպատակով Եվրոպայի Խորհուրդը աջակցում է քրեական արդարադատության դերակատարներին նոր գործելակերպի ներդրման հարցում՝ բարելավելով նրանց մասնագիտական հմտությունները և փոխելով նրանց վերաբերմունքը քրեական դատավարության մյուս մասնակիցների հանդեպ՝ նոր օրենսդրությանը համապատասխան։

Հունիսի 19-20-ը Եվրոպայի Խորհրդի «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» և «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրերը համատեղ կազմակերպել էին իրավական ոլորտի մասնագետների, այդ թվում՝ պրոբացիայի ծառայութան ներկայացուցիչների համար նախատեսված գործնական ուղեցույցների քննարկում, որոնք անդրադառնում են այլընտրանքային խափանման միջոցների արդյունավետ կիրառմանը խոչընդոտող օրենսդրական և գործնական խնդիրներին:

Մինչ ուղեցույցների նախապատրաստումը տեղեկություններ են հավաքագրվել Վճռաբեկ դատարանի, Գլխավոր դատախազության և Պրոբացիայի ծառայության կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ՝ տնային կալանքի, վարչական հսկողության, գրավի դիմաց ազատման և երկրից բացակայելու արգելքի վերաբերյալ հնարավոր լուծումներ մշակելու նպատակով: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հետ կապված ներպետական օրենսդրության հարցերը, այդ միջոցների կիրառման հետ կապված խնդիրները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի և եվրոպական լավագույն փորձի լույսի ներքո ներպետական մակարդակով տնային կալանքի և վարչական հսկողության կիրառման գործնական հարցերը։ Ուշադրության կենտրոնում են եղել նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառմանն աջակցելու և պրոբացիայի ծառայությունների և Հայաստանի քրեական արդարադատության համակարգի մյուս առանցքային դերակատարների միջև առավել սերտ համագործակցության համար անհրաժեշտ հետագա քայլերի մշակումը:

Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը»  ծրագիրը, ինչպես նաև «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագիրն իրականացվում են Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ.գործողությունների ծրագրի շրջանակներում:

ԾԱՂԿԱՁՈՐ, ՀԱՅԱՍՏԱՆ 19-20 ՀՈՒՆԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page