2023 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Երևանում կազմակերպվել էին չորս մեկօրյա վերապատրաստման դասընթացներ 70 դատավորների համար՝ նվիրված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի առկա հարցերին: Քննարկված թեմաները բխում են «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործերի խմբից, որոնք գտնվում են ԵԽ Նախարարների կոմիտեի ստանդարտ վերահսկողության ներքո, որտեղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ դիմումատուների կալանավորման համար համապատասխան և բավարար պատճառներ չեն եղել, ինչպես նաև այլ հարցեր՝ կապված կալանքի իրավաչափության հետ։ Հռչակելով «ազատության իրավունքը»՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը երաշխավորում է անձի ֆիզիկական ազատությունը՝ նպատակ ունենալով ապահովել, որ ոչ ոք կամայականորեն չզրկվի ազատությունից։ Դասընթացների ընթացքում դատավորները մասնավորապես բարելավեցին իրենց գիտելիքներն ու հմտությունները այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են ազատության և անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման եվրոպական չափանիշները և ներպետական պրակտիկան, ինչպես նաև մինչդատական վարույթի դատական երաշխիքների գործնական խնդիրները։
Դասընթացների յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ դասըթացավարի կողմից ներկայացվեցին կոնկրետ օրինակներ և իրավիճակային խնդիրներ, ինչը էապես նպաստեց մասնակիցների և դասընթացավարի միջև ծավալված ակտիվ քննարկումներին:
Վերապատրաստման դասընթացները կազմակերպվել էին Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից։
