Back Հայաստանը խթանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը՝ իրավական բարեփոխումների և կարողությունների զարգացման միջոցով

Աշխատաժողով` նվիրված դատական պրակտիկայում առկա մարտահրավերներին թվային խուզարկության համատեքստում
Հայաստանը խթանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը՝ իրավական բարեփոխումների և կարողությունների զարգացման միջոցով

2021 թվականին Հայաստանը Եվրոպայի խորհրդի աջակցությամբ կարևոր քայլ կատարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման արդյունավետության ամրապնդման ուղղությամբ՝ ընդունելով և կիրառելով քրեական և քրեական դատավարության նոր օրենսգիրքները: Այս օրենսդրական բարեփոխումները էական առաջընթաց էին ներպետական օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացում։

Միևնույն ժամանակ ներկայիս մարտահրավերներն ավելի սերտորեն առնչվում են իրավակիրառ պրակտիկային։ Դատավորների, դատախազների և իրավական ոլորտի մասնագետների համար կազմակերպվող շարունակական վերապատրաստումների միջոցով ապահովվում են Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերում առկա նորարարական մոտեցումների, մասնավորապես թվային խուզարկության հետ կապված դրույթների ճիշտ ըմբռնումը և կիրառումը:

Մայիսի 26-ին և 27-ին կազմակերպված աշխատաժողովը  իրավական ոլորտի մասնագետներին հնարավորություն ընձեռեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացուցիչների և Եվրոպայի խորհրդի Վճիռների կատարման վարչության գործընկերների հետ քննարկելու այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են միջամտությունը էլեկտրոնային սարքերի աշխատանքի նկատմամբ, ինչպես ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում, նաև փոխհատուցման մեխանիզմների գործնական կիրառումը: Այս համատեղ նախաձեռնությունը վկայում է Հայաստանի պատրաստակամության մասին՝ ապահովելու Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը և արդյունավետ իրավական պաշտպանության մեխանիզմների կիրառումը ներպետական մակարդակում։

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քլեր Օվեյը ընդգծեց արդյունավետ համագործակցությունը ՀՀ վճռաբեկ դատարանի և Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի միջև և նշԵց. «Ձեռք բերված առաջընթացը հնարավոր չէր լինի առանց ձեր ակտիվ ներգրավվածության և նվիրվածության»:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն իր խոսքում ընդգծեց, որ այս միջոցառումը կարևոր է՝ ինչպես Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը խորացնելու, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների արդյունավետ պաշտպանությունն ապահովելու համար: Վճռաբեկ դատարանի նախագահը նաև հավելեց, որ Վճռաբեկ դատարանը կարևոր դերակատարություն ունի՝ այդ իրավունքների հնարավոր խախտումները կանխարգելելու հարցում։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնակատար Լիպարիտ Դրմեյանը ընդգծեց քննարկվող թեմայի առանձնահատուկ կարևորությունը ոչ միայն մարդու իրավունքների տեսանկյունից, այլև Քրեական դատավարության նոր օրենսգրքի համատեքստում։ Նա կարևորեց գործնական դժվարությունների լուծման, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման միջոցով մարդու իրավունքների պաշտպանության համատեղ կարողությունների հզորացման անհրաժեշտությունը։

Աշխատաժողովը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում:

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 26-27 ՄԱՅԻՍԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Back Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանում խափանման այլընտրանքային միջոցների կիրառման խթանմանը

Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանում խափանման այլընտրանքային միջոցների կիրառման խթանմանը

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքն ընդլայնել է խափանման միջոցների տեսակները՝ սահմանելով վարչական հսկողությունը և տնային կալանքը, որն իրավունքների և ազատությունների սահմանափակմամբ այլընտրանքային խափանման միջոցների շարքում ամենամոտն է կալանքին։  Օրենսգրքի նոր դրույթների պատշաճ կիրառումն ապահովելու նպատակով Եվրոպայի Խորհուրդը աջակցում է քրեական արդարադատության դերակատարներին նոր գործելակերպի ներդրման հարցում՝ բարելավելով նրանց մասնագիտական հմտությունները և փոխելով նրանց վերաբերմունքը քրեական դատավարության մյուս մասնակիցների հանդեպ՝ նոր օրենսդրությանը համապատասխան։

Հունիսի 19-20-ը Եվրոպայի Խորհրդի «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» և «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրերը համատեղ կազմակերպել էին իրավական ոլորտի մասնագետների, այդ թվում՝ պրոբացիայի ծառայութան ներկայացուցիչների համար նախատեսված գործնական ուղեցույցների քննարկում, որոնք անդրադառնում են այլընտրանքային խափանման միջոցների արդյունավետ կիրառմանը խոչընդոտող օրենսդրական և գործնական խնդիրներին:

Մինչ ուղեցույցների նախապատրաստումը տեղեկություններ են հավաքագրվել Վճռաբեկ դատարանի, Գլխավոր դատախազության և Պրոբացիայի ծառայության կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ՝ տնային կալանքի, վարչական հսկողության, գրավի դիմաց ազատման և երկրից բացակայելու արգելքի վերաբերյալ հնարավոր լուծումներ մշակելու նպատակով: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հետ կապված ներպետական օրենսդրության հարցերը, այդ միջոցների կիրառման հետ կապված խնդիրները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի և եվրոպական լավագույն փորձի լույսի ներքո ներպետական մակարդակով տնային կալանքի և վարչական հսկողության կիրառման գործնական հարցերը։ Ուշադրության կենտրոնում են եղել նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառմանն աջակցելու և պրոբացիայի ծառայությունների և Հայաստանի քրեական արդարադատության համակարգի մյուս առանցքային դերակատարների միջև առավել սերտ համագործակցության համար անհրաժեշտ հետագա քայլերի մշակումը:

Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը»  ծրագիրը, ինչպես նաև «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագիրն իրականացվում են Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ.գործողությունների ծրագրի շրջանակներում:

ԾԱՂԿԱՁՈՐ, ՀԱՅԱՍՏԱՆ 19-20 ՀՈՒՆԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page