Սահմանադրական դատարանները հանդես են գալիս որպես սահմանադրական սկզբունքների գլխավոր երաշխավոր՝ ապահովելով մարդու իրավունքների և իրավունքի գերակայության պաշտպանությունը ժողովրդավարական և արդար հասարակության մեջ:
Նոյեմբերի 14-15-ին Երևանում տեղի ունեցավ «Սահմանադրական դատարանների որոշումների նկատմամբ հարգանքը» խորագրով միջազգային բարձրաստիճան համաժողովը, որը կարևորեց սահմանադրական դատարանների որոշումների էական դերը, ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում, իրավունքի գերակայության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության գործում:
Միջոցառումը համախմբեց սահմանադրական դատարանների դատավորներին, Վենետիկի հանձնաժողովի անդամներին, Եվրոպայի խորհրդի փորձագետներին, պետական մարմինների և ակադեմիայի ներկայացուցիչներին:
Միջոցառումը ծավալեց ակտիվ քննարկում՝ նվիրված Եվրոպայում սահմանադրական դատարանների որոշումների իրականացմանը, սահմանադրական դատարանների վրա մեդիայի քննադատության ազդեցությանը, և ազգային իրավասու մարմինների շրջանակում Իրավունքի գերակայության ստուգաթերթի կիրառմանը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ընդգծելով նման միջոցառումների կարևորությունը իշխանության տարբեր ճյուղերի և հանրության կողմից Սահմանադրական դատարանի որոշումների նկատմամբ հարգանքի մշակույթի ամրապնդման համար։
«Այս համաժողովի շրջանակներում մենք առիթ կունենանք ուսումնասիրելու, քննարկելու մեր գործընկերների լավագույն փորձը, կիսվելու նաև սեփական փորձով, ինչը հնարավորություն կտա առավել ճկուն և արդյունավետ եղանակներ գտնել սահմանադրական դատարանների որոշումների հարգման և կյանքի կոչման համար», - նշեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։
Եվրոպայի խորհուրդը շարունակում է հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի արդյունավետության և հանրային ընկալման բարելավմանը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կարողությունների հզորացմանը՝ ուղղված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրառմանը։
Միջոցառումը կազմակերպվել է Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի “Աջակցություն սահմանադրական արդարադատության զարգացմանը Հայաստանում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան” ծրագրի համագործակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հետ համատեղ։
