Մարտի 19-ին գործարկվեց Հայաստանի Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի (Էթիկայի հանձնաժողով) պաշտոնական կայքէջը՝ նշանավորելով էթիկայի հանձնաժողովի առաքելության ու գործառույթների խթանման ուղղությամբ կարևոր առաջընթաց, ինչպիսիք են էթիկական չափանիշները, թափանցիկությունը և մասնագիտական բարեվարքության պահպանումը Հայաստանի առողջապահության ոլորտում:
Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը նորաստեղծ մարմին է, որը հիմնադրվել է 2023թ․ հուլիսին՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ։ Որպես Հայաստանում իր տեսակի մեջ առաջին հաստատություն, այն ունի կարևոր մանդատ՝ իր գործունեության միջոցով բարձրացնելու առողջապահական համակարգում մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների վերաբերյալ իրազեկվածությունը:
Էթիկայի հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար Եվրոպայի խորհուրդը շարունակում է վերջինիս աջակցել առողջապահության ոլորտում մարդու իրավունքների ամրապնդման, կարողությունների զարգացման, իրազեկման արշավների և այլ նախաձեռնությունների միջոցով, ներառյալ՝ պաշտոնական կայքէջի ստեղծումը: Կայքէջը ստեղծվել է Էթիկայի հանձնաժողովի թափանցիկությունը, հաշվետվողականությունը և անկախությունը խթանելու, ինչպես նաև Էթիկայի հանձնաժողովին դիմելու գործընթացը հեշտացնելու նպատակով:
Միջոցառման ընթացքում այս հարթակը պաշտոնապես ներկայացվեց նաև լրատվամիջոցներին՝ կարևորելով նրանց դերը Հայաստանում Էթիկայի հանձնաժողովի աշխատանքի խթանման գործում։ Լրատվամիջոցների աջակցությունը չափազանց կարևոր է Էթիկայի հանձնաժողովի առաքելության և պարտականությունների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման համար:
Միջոցառումը համատեղ կազմակերպվել էր Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ III» ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի շրջանակում։
* Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը (էթիկայի հանձնաժողովը) օրենքով ստեղծված, յոթ անդամից բաղկացած անկախ մարմին է, որն աշխատում է հասարակական հիմունքներով՝ ուսումնասիրելու բուժաշխատող-պացիենտ, բուժաշխատող-բուժաշխատող, բուժաշխատող-երրորդ հարաբերություններում և հանրային առողջության ոլորտում էթիկայի կանոնների հնարավոր խախտման դեպքերը։
