Հայաստանի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմամբ երաշխավորվող իրավունքների և ազատությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցառումների շրջանակներում՝ Եվրոպայի խորհուրդը, ՀՀ առողջապահության նախարարության հետ սերտ համագործակցությամբ, 2025 թվականի հունիսի 6-7-ին կարողությունների զարգացման աշխատաժողով էր կազմակերպել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար: Միջոցառման նպատակն էր ընդգծել օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման նշանակության վերաբերյալ բնակչությանը իրազեկելու կարևորությունն ընդգծող իրավական բարելավված շրջանակը, ներառյալ՝ դոնորության նախապայմանների և փոխպատվաստմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև դիակային դոնոր դառնալու համաձայնություն չտալու իրավունքի և դիակային դոնորի ընտանիքի անդամների համաձայնություն տալու իրավունքի վերաբերյալ: Օրենսդրական այս փոփոխությունները մշակվել են Եվրոպայի խորհրդի տեխնիկական աջակցությամբ՝ որպես առողջապահության ոլորտում ազգային օրենսդրությունը Օվիեդոյի կոնվենցիայով ամրագրված եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հարցում ՀՀ կառավարությանն աջակցության մաս:
Աշխատաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Բանախոսներն ընդգծեցին միջոցառման կարևորությունը՝ հանրությանը օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման վերաբերյալ իրենց իրավունքների մասին պատշաճ կերպով տեղեկացնելու, ինչպես նաև այս հարցերի շուրջ հանրային երկխոսությունն ակտիվացնելու և Հայաստանում առողջապահական գրագիտությունը խթանելու առումով:
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆը ներկայացրեց Եվրոպայի խորհրդի աշխատանքը օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում: Օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում ազգային և եվրոպական ստանդարտները, դոնորության նախապայմաններին վերաբերող դրույթները, դիակային դոնոր դառնալու համաձայնություն չտալու իրավունքը, ինչպես նաև լրատվամիջոցների դերը օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման գործընթացում դոնորների և ռեցիպիենտների իրավունքների պաշտպանության գործում զեկույցների և դերային խաղերի միջոցով ներկայացվեցին ազգային փորձագետների կողմից:
Աշխատաժողովն ամրապնդեց առողջապահական հարցերը լուսաբանող լրագրողների գիտելիքներն ու հմտությունները՝ հնարավորություն տալով նրանց ավելի լավ տեղեկացնել բնակչությանը օրգանների և հյուսվածքների փոխպատվաստմանը վերաբերող դրույթների մասին, և նպաստեց հասարակության կողմից՝ իրենց առողջության վերաբերյալ իրազեկված որոշումներ կայացնելու իրավունքի պաշտպանությանը։
Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ III» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակում։
