Առողջապահական գրագիտությունը հիմնարար ներդրում ունի մարդու իրավունքների՝ առողջապահական ծառայությունների հավասար հասանելիության սկզբունքի պաշտպանության համար, հատկապես, երբ առկա առողջապահական ռեսուրսները բնակչության որոշ խմբերի համար ավելի քիչ հասանելի են տարբեր հանգամանքների պատճառով։
Առողջապահական գրագիտությունը՝ անհատների կողմից առողջապահական տեղեկատվությունը գտնելու, հասկանալու և օգտագործելու կարողությունն է, որը հիմնարար նշանակություն ունի արդար, դիմացկուն և իրավունքահեն առողջապահական համակարգեր կառուցելու համար: Այնուամենայնիվ, այսօր եվրոպացիների գրեթե կեսը բախվում է առողջապահական տեղեկատվության և ծառայությունների հասանելիության կամ օգտագործելու մարտահրավերների հետ, հատկապես ամենախոցելի խմբերի շրջանում, ինչը խորացնում է անհավասարությունները և ավելացնում հանրային ծախսը:
Եվրոպայի խորհուրդը աջակցում է իր անդամ պետություններին՝ բարելավելու առողջապահական տեղեկատվության և ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացը մարդկանց մոտեցնելուն՝ ներգրավելով պետական հաստատությունները և կենտրոնանալով խոցելի խմբերի առողջապահական կարիքների վրա:
Այս աջակցության շրջանակներում և Հայաստանում այս մարտահրավերին արձագանքելու նպատակով Եվրոպայի խորհուրդը կազմակերպել էր երկօրյա նպատակային կարողությունների զարգացման աշխատաժողով, ուղղված պետության և քաղաքացիների միջև հարաբերությունների ամրապնդմանը և ավելի հասանելի ու ներառական առողջապահական համակարգերի կառուցման խթանմանը: Միջոցառումը նպաստել է ոլորտային քաղաքականություն մշակողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, և բուժաշխատողների և առողջապահության ոլորտի իրավաբանների, ինչպես նաև առողջապահության ոլորտը լուսաբանող լրագրողների գիտելիքների բարելավմանը առողջապահական գրագիտության հիմնական սկզբունքների և դրանց գործնական կիրառման վերաբերյալ: Մասնակիցները ուսումնասիրել են, թե ինչպես տրամադրել ավելի պարզ ու հստակ առողջապահական տեղեկատվություն, աջակցել բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ իրազեկված որոշումների կայացմանը, ինչպես նաև թվային առողջապահական ծառայությունների օգտագործմանը և ապահովել, որ ծառայությունները հասանելի լինեն բոլորի՝ այդ թվում, խոցելի խմբերի համար:
Գործնական վարժությունների և ուղեկցվող քննարկումների միջոցով մասնակիցները բարելավեցին հաղորդակցման հմտությունները և մշակեցին թիրախային մոտեցումներ՝ հանրության հետ ավելի արդյունավետ փոխազդեցության համար, ինչը նպաստում է համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը: Միջոցառումը առաջնորդվում էր Եվրոպայի խորհրդի չափանիշներով, այդ թվում՝ Եվրոպական սոցիալական խարտիայով և Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիայով (Օվիեդոյի կոնվենցիա) և հիմնված էր Եվրոպայի խորհրդի առողջապահական գրագիտության ուղեցույցի վրա:
Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ III» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակում։
