Եվրոպայի խորհուրդը հանձնառու է բարելավելու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանելու իրավունքահեն մոտեցումները հոգեկան առողջության ծառայությունների մատուցման ոլորտում։
Այս համատեքստում Եվրոպայի խորհրդի «Հոգեկան առողջությունը եւ մարդու իրավունքները» «ՀԵԼՓ» առցանց դասընթացն է մշակվել՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026թթ․ գործողությունների շրջանակում։ Առցանց դասընթացը մշակվել է Եվրոպայի խորհրդի Առողջապահության եւ կենսաբժշկության ոլորտներում մարդու իրավունքների ղեկավար կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ։
Առցանց դասընթացի ազգային տեղայնացված տարբերակի պաշտոնական մեկնարկի միջոցառումը տեղի ունեցավ 2025 թվականի մարտի 20-ին։
Մշակված Եվրոպայի խորհրդի ՀԵԼՓ մեթոդաբանության կիրառմամբ՝ դասընթացը հատուկ նախատեսված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության մեջ ներգրավված առողջապահության ոլորտի մասնագետների ու իրավաբանների, ինչպես նաև որոշում կայացնողների կարողությունների զարգացման և կրթական կարիքները բավարարելու համար: Դասընթացը էական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլ նաև Եվրոպայի խորհրդի մյուս անդամ-պետությունների համար՝ խթանելով ոլորտում ուրվագծված հիմնական սկզբունքների ամրապնդումը ազգային մակարդակում և բարելավելով հանրային երկխոսությունը հոգեկան առողջության հարցերի շուրջ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆը, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, Ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը եւ Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։
Բանախոսները միաձայն համաձայնեցին, որ հոգեկան առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների խնդիրները առողջապահական համակարգերի կարևորագույն մարտահրավերներից են։
Նրանք ընդգծեցին, որ ամբողջ աշխարհում ահոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքները հաճախ վտանգվում են։ Այս խնդիրները լուծելու համար անհրաժեշտ են համապատասխան միջոցներ՝ ամրապնդելու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրենսդրական շրջանակները, խթանելու նրանց ինքնավարությունը և բարձրացնելու հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկությունը:
Դասընթացի իրականացումը կնպաստի նաև Հայաստանի կողմից ՄԻԵԴ «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» վճռի կատարմանը և «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և ռազմավարությունից բխող 2023-2025թթ․ գործողությունների» կատարմանը։
Միջոցառումն ուղեկցվեց նաև «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի Համակարգման խորհրդի նիստը, որի շրջանակներում ներկայացվեցին նախորդ փուլի իրականացման արդյունքում ձեռք բերված արդյունքներն ու նախանշվեցին ազգային իշխանությունների հետ համագործակցության նոր ուղղությունները։
Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ III» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակում։
