Back Եվրոպայի խորհուրդը խթանում է երեխաների առողջության պահպանման ոլորտում իրավունքահեն եւ մասնակցային մոտեցումները

Եվրոպայի խորհրդի պաշտոնյաներն ու Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունները համատեղ քննարկել են երեխաների՝ իրենց առողջությանը վերաբերող որոշումների կայացման գործընթացներին մասնակցելու կարեւորությունը։
Եվրոպայի խորհուրդը խթանում է երեխաների առողջության պահպանման ոլորտում իրավունքահեն եւ մասնակցային մոտեցումները

Մարդու իրավունքներին առնչվող եվրոպական փաստաթղթերում նշված է, որ երեխաներն իրավունքների կրողներ են՝ ունակ որոշումներ կայացնելու իրենց կարողությունների զարգացմանը զուգընթաց։ Այս մոտեցումը արտացոլում է երեխաների ինքնավարության և պաշտպանության մասին ընդհանուր ընկալման փոփոխությունը՝ կապված նրանց առողջության վերաբերյալ որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորության հետ:

2024 թվականի նոյեմբերի 19-ին Եվրոպայի խորհուրդը կազմակերպել էր փորձագիտական ​​քննարկում՝ «Երեխաների ներգրավվածությունը իրենց առողջությանը վերաբերող որոշումների կայացման գործընթացներում» թեմայով, որը հիմնված էր «Երեխաների մասնակցությունը իրենց առողջության վերաբերյալ որոշումների կայացմանը» ուղեցույցի վրա՝ պատրաստված Եվրոպայի խորհրդի Կենսաբժշկության և առողջապահության ոլորտներում Մարդու իրավունքների ղեկավար կոմիտեի (CDBIO) և Երեխաների իրավունքների հարցերով ղեկավար կոմիտեի (CDENF) համատեղ ջանքերով։

Քննարկման առանցքում էին հարցեր, որոնք առնչվում են քաղաքականություն մշակողների, առողջապահության ոլորտի մասնագետների և այլ մասնագետների դերին, ովքեր աջակցում և խթանում են երեխաներին՝ մասնակցելու իրենց առողջության վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում։

Աշխատաժողովը համախմբել էր առանցքային շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Փաստաբանների պալատի, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի պաշտոնյաներին և ոլորտի փորձագետներին:

Հանդես գալով բացման խոսքով՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆը և Եվրոպայի խորհրդի երեխաների իրավունքների հարցերով համագործակցության և կարողությունների զարգացման ստորաբաժանման ղեկավար Զարուհի Գասպարյանը ընդգծեցին երեխաների լիարժեք մասնակցության և նրանց լավագույն շահերը սահմանելու կարևորությունը, որոնք ներկայացված ուղեցույցի հիմնական գաղափարներն են։ Բարձր գնահատելով առողջապահության ոլորտում Հայաստանի կառավարության նախաձեռնությունները՝ նրանք վերահաստատեցին կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու առողջապահության ոլորտում երեխաների իրավունքների վրա հիմնված և մասնակցային մոտեցումների խթանմանը։

Մասնակիցները քննարկեցին երեխայակենտրոն առողջապահական ծառայությունների ոլորտում միջազգային իրավական շրջանակը և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ազգային օրենսդրությունների միջև հիմնական տարբերությունները և լավագույն փորձը, ինչպես նաև ազգային իրավական և քաղաքականության շրջանակը՝ մարդու իրավունքների եվրոպական չափանիշների և Առողջապահության նախարարության կողմից երեխաների առողջության պահպանման ոլորտում իրականացվող քաղաքականության ընթացիկ բարեփոխումների տեսանկյունից։

Այս քննարկումը կարևոր նշանակություն ունեցավ երեխաների առողջության պահպանման ոլորտում իրավունքահեն գործելակերպերի խթանման և այս ոլորտում պետական մարմինների ու միջազգային գործընկերների միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ։

Փորձագիտական քննարկումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝  «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ II» և «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրերի շրջանակներում, որոնք իրականացվում են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակում։

 

 

 

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Ո՞րն է ծրագրի նպատակը

«Երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրը Հայաստանում փախստականների ներհոսքին արձագանքման համալիր փաթեթի մաս է, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ միջազգային և Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան երեխաների պաշտպանության համակարգի դիմակայունությունն ու կարողությունները հզորացնելու նրանց ջանքերում։

Ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝ 1) առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված երեխաների պաշտպանություն հետկոնֆլիկտային համատեքստում, և 2) երեխաների պաշտպանություն սեռական բռնությունից և շահագործումից։

Ծրագիրը հիմնված է հետկոնֆլիկտային պայմաններում երեխաների իրավունքները պաշտպանելու Եվրոպայի խորհրդի փորձի վրա: Եվրոպայի խորհրդի Երեխայի իրավունքների ռազմավարությանը համահունչ` ծրագիրը, ի թիվս այլնի, աջակցում է Միգրացիայի համատեքստում առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների արդյունավետ խնամակալության մասին Նախարարների կոմիտեի CM/Rec(2019)11 հանձնարարականի կատարմանը:

 Սկիզբ՝ 1 հունվարի 2024

 Տևողություն՝ 36 ամիս

 Ֆինանսավորում՝ 860 000 եվրո, Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

Կոնտակտային անձ՝ Արտյոմ Սեդրակյան, ծրագրի ավագ պատասխանատու

Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

Համագործակցության ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի կողմից Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով սահմանված առաջնահերթություններին համահունչ: 

Ո՞րն է ծրագրի նպատակը
  • որդեգրելով բազմակողմանի մոտեցում՝ առաջարկել Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան իրավական և քաղաքական աջակցություն՝ պաշտպանելու հայ երեխաների իրավունքները հետպատերազմյան համատեքստում,
  • կենտրոնալ հանրային ծառայողների, պատասխանատու անձանց և այլ մասնագետների կարողությունների զարգացման վրա՝ արդյունավետորեն պաշտպանելու համար հակամարտությունից տուժած հայ երեխաների, ներառյալ՝ առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների իրավունքները,
  • բարձրացնել արդյունավետ խնամակալության և երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման մասին երեխաների ու ծնողների իրազեկվածությունը։