Այսօրվա իրականության մեջ փախստական և միգրանտ երեխաներին աջակցելու և նրանց արդյունավետորեն ներգրավելու հմտություններին տիրապետելը կենսական նշանակություն ունի՝ հատկապես, որ այդ երեխաները հաճախ բախվում են եզակի մարտահրավերների, ինչպիսիք են ընդհատված կրթությունը, տան և անվտանգության կորուստը, հոգեբանական տրավման, վախը և այլն:
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան ներկայացուցչության և Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հետ համատեղ, կազմակերպել է «Փախստական և միգրանտ երեխաները» HELP պիլոտային դասընթացի մասնակիցների վկայականների հանձման տոնական արարողություն:
2024 թվականի սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած միջոցառումը համախմբել էր ավելի քան 30 մասնակից տարբեր հաստատություններից, այդ թվում՝ Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունից, ՀՀ ներքին գործերի և արդարադատության նախարարություններից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Գլխավոր դատախազությունից, Ազգային անվտանգության ծառայությունից, Փաստաբանների պալատից, Վարչական դատարանից, ինչպես նաև ներկայացուցիչներ քաղաքացիական հասարակությունից, ինչպիսիք են Վորլդ Վիժն և Առաքելություն Հայաստան հասարակական կազմակերպությունները:
Հիմնական ելույթներով հանդես եկան Մաքսիմ Լոնգանգեն՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը, Մոնիկա Սանդրին՝ Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարը, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների մագիստրոսական ծրագրի համակարգող Լիլիթ Կարապետյանը։
Միջոցառմանն աջակցող «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ԵԽ ծրագրի կատարած աշխատանքների և անելիքների մասին ներկայացրեց Եվրոպայի խորհրդի Երեխաների իրավունքների ստորաբաժանման ծրագրերի համակարգող Կարին Մորոն։
Իր բացման խոսքում Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն շնորհավորեց դասընթացի մասնակիցներին՝ ընդգծելով միջազգային կազմակերպությունների, տեղական իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության կարևորությունը, որպեսզի ոչ մի երեխա չմնա անտեսված:
Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի ներկայացուցչի պաշտոնակատար Մոնիկա Սանդրին էլ իր խոսքում շեշտեց, որ դասընթացը մասնակիցներին տրամադրել է գործնական հմտություններ և գիտելիքներ, որոնք հնարավորություն են տալիս լուծել խոցելի երեխաների առջև ծառացած մարտահրավերները՝ ապահովելով նրանց իրավունքների պաշտպանությունը:
Դասընթացը, որը հայաստանյան համատեքստին հարմարեցրել է HELP դասընթացավար Սերգեյ Ղազինյանը, կենտրոնացել է ոլորտների վրա, ինչպիսիք են փախստական և միգրանտ երեխաների իրավական պաշտպանությունը, երեխաների համար հարմարավետ ընթացակարգերը, սոցիալական իրավունքները, ընտանիքի վերամիավորումը և խնամակալությունը:
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին շնորհվեցին վկայականներ Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ ՓԳՀ-ի պաշտոնյաների կողմից:
Նշում: Իրավաբանական մասնագետների համար մարդու իրավունքների կրթության եվրոպական ծրագիրը՝ HELP-ը, աջակցում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իրականացման գործում: Դրա հիմնական նպատակն է բարձրացնել դատավորների, փաստաբանների և դատախազների կարողությունները Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր 46 պետություններում և դրանից դուրս՝ մարդու իրավունքների եվրոպական չափանիշներն իրենց ամենօրյա աշխատանքում կիրառելու համար:



