Հոկտեմբերի 11-12-ը Եվրոպայի խորհուրդը կազմակերպել էր երկօրյա աշխատաժողով արդյունավետ խնամակալության թեմայով՝ համախմբելով տեղական իշխանությունների շուրջ 30 ներկայացուցիչների:
Մասնակիցների թվում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ներքին գործերի նախարարության, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Հայաստանի մի շարք համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Աշխատաժողովի նպատակն էր բարելավել երեխաների, այդ թվում՝ առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների խնամակալության համակարգի վերաբերյալ ըմբռնումն ու վերջինիս իրականացումը։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են այնպիսի առանցքային թեմաներ, ինչպիսիք են խնամակալությունը կարգավորող միջազգային և ազգային իրավական շրջանակներն ու Հայաստանում դրանց ընթացակարգային կիրառումը, ինչպես նաև միգրացիայի և հետճգնաժամային իրավիճակների հետ կապված հատուկ նկատառումներ:
Քննարկման ընթացքում առանձնահատուկ շեշտադրված էր «երեխայի լավագույն շահի» սկզբունքը և խնամակալության գործընթացներում ներգրավված պետական մարմինների միջև համակարգումը:
Այս նախաձեռնությամբ Եվրոպայի խորհուրդը նպատակ ուներ ամրապնդել համագործակցությունը համապատասխան մարմինների միջև խոցելի երեխաների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև ապահովել խնամակալության վերաբերյալ մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ կիրառումը:
Աշխատաժողովը կազմակերպվել էր «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակում, որը հանդիսանում է Հայաստանում փախստականների ներհոսքին արձագանքման համալիր փաթեթի մաս՝ Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի շրջանակում։




