Այսօր հրապարակվել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոմիտեի (Լանցարոտեի կոմիտե) զեկույցը «Երեխաների պաշտպանությունը սեռական բռնությունից «վստահության շրջանակ»-ում թեմայով: Այն անդրադառնում է «վստահության շրջանակ»-ում սեռական բռնության քրեականացմանը, ընտանիքում բռնության զոհ դարձած երեխաների պաշտպանությանը, երեխաների կողմից դրսևորվող վնասակար սեռական վարքագծի դեմ պայքարին, ինչպես նաև հետաքննության և քրեական դատավարության ընթացքում երեխա զոհերի պաշտպանությանը:
Զեկույցը ներկայացնում է՝ ինչպես Լանցարոտեի կոնվենցիայի կողմ հանդիսացող 48 պետություն կարող են էլ ավելի ամրապնդել իրենց իրավական շրջանակները՝ ավելի արդյունավետ կերպով կանխելու բռնությունը և պաշտպանելու զոհերին: Այն արձանագրում է 2015 թվականին արված առաջին մշտադիտարկման զեկույցից ի վեր գրանցված առաջընթացը, բացահայտում խոստումնալից գործելակերպեր և առաջարկություններ է ներկայացնում գործողությունների համար:
«Ոչ մի երեխա երբեք չպետք է անապահով լինի այն շրջապատում, որը կոչված է նրան պաշտպանելու։ Մեր զեկույցի միջոցով կոչ ենք անում բոլոր պետություններին վերացնել առկա բացերը և յուրաքանչյուր միջավայր դարձնել անվտանգ և վստահելի», - նշեց Լանցարոտեի կոմիտեի նախագահ Մարիա-Խոսե Կաստելո Բրանկոն (Պորտուգալիա)։
Զեկույցը ողջունում է առաջին մշտադիտարկման փուլից ի վեր գրանցված առաջընթացը[1], քանի որ Լանցարոտեի կոնվենցիայի կողմ հանդիսացող մի շարք պետություններ (այսուհետ՝ Կողմերի) այժմ քրեականացնում են բոլոր տարիքի երեխաների նկատմամբ սեռական բռնությունը՝ վստահություն, իշխանություն կամ ազդեցություն վայելող անձանց կողմից: Լանցարոտեի կոմիտեն կոչ է անում անհապաղ գործողություններ ձեռնարկել այն Կողմերին, որոնք դեռևս սահմանափակում են այս պաշտպանությունը շատ կոնկրետ հանգամանքներով կամ ընդգրկում են միայն սեռական գործունեության համար օրինական տարիքից փոքր երեխաներին:
Ընտանեկան համատեքստում սեռական բռնությունը պահանջում է վաղ հայտնաբերում, անհապաղ պաշտպանության միջոցներ և համակարգված գործողություններ, որոնք առաջնահերթություն են տալիս երեխայի անվտանգությանը և լավագույն շահերին: Կողմերի մեծ մասը նախատեսում է ենթադրյալ հանցագործին հեռացնելը տնից՝ նույնիսկ նախքան քրեական վարույթի հարուցումը: Լանցարոտեի կոմիտեն կոչ է անում այն Կողմերին, որոնք դեռևս չունեն նման գործելաոճ, ապահովել, որ երեխա զոհի հեռացումը ընտանեկան միջավայրից քննարկվի միայն այն դեպքում, եթե ենթադրյալ հանցագործին հեռացնելը բավարար չէ երեխային պաշտպանելու համար կամ հնարավոր չէ:
Առաջընթաց է գրանցվել հետաքննության և դատական գործընթացների ընթացքում զոհ երեխաների անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու գործում: Առաջին մշտադիտարկման փուլում Կոմիտեն բազմամասնագիտական ծառայությունների համար Բարնահուսի տիպի մոդելները ճանաչել է որպես խոստումնալից գործելակերպ, որը օգնում է խուսափել երեխա զոհերի երկրորդային զոհականացումից և ապահովում է նրանց արդյունավետ մասնակցությունը արդարադատության իրականացման գործընթացում: Այս մոդելն այդ ժամանակ ներդրվել էր Լանցարոտեի կոնվենցիայի կողմ հանդիսացող վեց պետությունում, բայց այժմ գործում է քսանութում:
Կոմիտեն կոչ է անում պետություններին պաշտպանել երեխաներին բոլոր լուրջ վնասներից, այլ ոչ թե միայն ոչ միայն ներթափանցմամբ ուղեկցվող հանցագործություններից: Բացի այդ, երեխաները պետք է պաշտպանված լինեն սեռական գործողություններից առանց զոհի և հանցագործի միջև ֆիզիկական շփման, ինչպիսիք են ոտնձգությունները (պահվածք) և երեխային սեռական գործողություններին մասնակցելու դրդելը:
Հաշվի առնելով, որ երեխաները կարող են վնասակար սեռական վարքագիծ դրսևորել այլ երեխաների հետ, Կոմիտեն պահանջում է, որ Կողմերն ապահովեն համապարփակ կրթություն՝ օգնելու երեխաներին ճանաչել և խուսափել վնասակար սեռական գործողություններից, ինչպես նաև աջակցություն ստանալ, եթե նրանք զոհ են դառնում: Կոմիտեն կողմերին առաջարկում է, հնարավորության դեպքում, քրեական պատասխանատվության տարիքի հասած երեխաների հետ վարվելիս կիրառել վերականգնողական արդարադատության մոտեցում:
Երեխաների սեռական բռնության դեպքերի մասին լուսաբանումը լրատվամիջոցների կողմից կարող է օգտակար գործիք լինել իրազեկվածության բարձրացման համար, եթե այն պատշաճ կերպով իրականացվի: Կոմիտեն առաջարկում է այն Կողմերին, որոնք դեռևս դա չեն արել, միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ցանկացած տեղեկատվության հրապարակային տարածումը, որը կարող է հանգեցնել սեռական շահագործման կամ սեռական բռնության որևէ երեխայի նույնականացմանը:
Դատապարտված հանցագործների արդյունավետ մշտադիտարկումը և վերահսկողությունը հանցագործության կրկնությունը կանխելու հիմնական գործիք է: Սա հատկապես կարևոր է, երբ նրանք զբաղեցնում են վստահության, իշխանության կամ ազդեցության դիրք՝ երեխա զոհի նկատմամբ: Մասնագետների և կամավորների կողմից իրականացվող քրեական գործերի համակարգված և կանոնավոր ստուգումները ապահովում են բարձր մակարդակի պաշտպանություն դատապարտված հանցագործների կողմից երեխաների հետ շփման մեջ մտնելուց: Կոմիտեն կողմերին խորհուրդ է տալիս ստեղծել և կատարելագործել դատապարտված անձանց նկատմամբ վերահսկողության մեխանիզմները՝ չխոչընդոտելով իրավախախտների հնարավոր վերականգնմանը:
Ամփոփագիրը և հանձնարարականների ցանկը մի քանի լեզվով հասանելի է այս հղմամբ:
