Back Լրատվամիջոցների կարողությունների զարգացումը Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ

Լրատվամիջոցների կարողությունների զարգացումը Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ

Լրատվամիջոցները կարևոր դեր են խաղում ժամանակակից հասարակություններում, հատկապես ընտրությունների ժամանակ, երբ անհրաժեշտ է արդար, հավասարակշռված և մանրակրկիտ լուսաբանում: Առաջին միջոցառման հաջողությունից հետո, Եվրոպայի խորհուրդը, համագործակցելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հետ, անցկացրեց լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված երկրորդ մասնագիտացված կարողությունների զարգացման միջոցառումը՝ 2026 թվականի հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:

Լրատվամիջոցներն ապահովում են, որպեսզի քաղաքացիները կարողանան կատարել տեղեկացված ընտրություն, ինչպես նաև, որ թեկնածուներն ու քաղաքական կուսակցություններն ունենան հավասար հասանելիություն՝ թույլ տալով արդար մրցակցություն: Կարևոր է նաև, որ լրատվամիջոցները մնան անկախ և իրացնեն իրենց խոսքի ազատությունը: 

Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրությունների լուսաբանման հիմնական մարտահրավերների, այդ թվում՝ ապատեղեկատվության, կողմնակալության և լրատվամիջոցների անհավասար հասանելիության հաղթահարմանն ուղղված դիմակայունության ամրապնդումը՝ ոլորտը կարգավորող ներպետական և եվրոպական չափանիշներին համապատասխան, Եվրոպայի խորհրդի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2026 թվականի մարտի 28-29-ին և ապրիլի 25-26-ին Ծաղկաձորում, Հայաստանում համատեղ կազմակերպված մասնագիտացված կարողությունների զարգացման միջոցառումների հիմնական թեման էր։

Միջոցառումների հիմքում որպես ուղեցույց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հիմնական առաջարկություններն էին։ Մասնավորապես Լրատվամիջոցների կողմից ընտրությունների լուսաբանմանն առնչվող միջոցառումների վերաբերյալ CM/Rec(2007)15 առաջարկությունը և Ընտրական հաղորդակցության և լրատվամիջոցների կողմից ընտրարշավների լուսաբանման վերաբերյալ CM/Rec(2022)12 առաջարկությունը այն հիմնական տեղեկատվական փաստաթղթերն էին, որոնք ուրվագծում են ընտրությունների ժամանակ լրատվամիջոցների արդար, հավասարակշռված և անաչառ լուսաբանման ապահովման հիմնարար սկզբունքները։

Մասնագիտացված կարողությունների զարգացման միջոցառումներին մասնակցեցին առաջիկա ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված լրատվամիջոցների մոտ 40 լրագրողներ Երևանից և Հայաստանի մարզերից, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պաշտոնյաներ։ Միջոցառումները հանդիսացան երկխոսության արժեքավոր հարթակ տարբեր տեսակետների շուրջ՝ նպատակ ունենալով բարձրացնել  լրագրողների իրազեկվածությունը և ամրապնդել արդար, հավասարակշռված և էթիկական ընտրությունների լուսաբանում ապահովելու կարողությունը՝ նպաստելով Հայաստանի ընտրական գործընթացի թափանցիկությանն ու ամբողջականությանը։

Եվրոպայի խորհուրդը և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կշարունակեն ընտրությունների լուսաբանման ուղղությամբ իրենց համագործակցությունը ողջ տարվա ընթացքում՝ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում նախատեսված մոտ 40 տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ։  

Միջոցառումները իրականացվեցին Եվրոպայի խորհրդի «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի կողմից՝ Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի շրջանակներում։

ԾԱՂԿԱՁՈՐ, ՀԱՅԱՍՏԱՆ 28-29 ՄԱՐՏԻ, 25-26 ԱՊՐԻԼԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page