Back Մամուլի ազատության ամրապնդումը Հայաստանում. Եվրոպայի խորհուրդը մեկնարկեց իր նոր ծրագիրը

Մամուլի ազատության ամրապնդումը Հայաստանում. Եվրոպայի խորհուրդը մեկնարկեց իր նոր ծրագիրը

Խոսքի ազատության, մամուլի բազմակարծության և անկախության ամրապնդումը կարևոր է ժողովրդավարության պաշտպանության համար, հատկապես այսօր, երբ այն բախվում է աննախադեպ մարտահրավերների: Այդ մարտահրավերների թվում են լրագրողների վրա հարձակումները, մամուլի ազատության սահմանափակումները և ապատեղեկատվության ու ստահոդ տեղեկատվության մեծացող տարածումը: Դրա կարևորությոնն ավելի է ընդգծվում ընտրությունների շրջանում, երբ կեղծ տեղեկատվության և բևեռացված պատմությունների ազդեցությունը կարող է խորապես խաթարել ժողովրդավարական գործընթացները:

Փետրվարի 26-ին, Եվրոպայի խորհուրդը Երևանում մեկնարկեց «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» նոր ծրագիրը։ Այն նպատակ ունի ամրապնդել խոսքի ազատությունը՝ բարելավելով իրավական շրջանակը և երկրում մամուլի ազատության պաշտպանության համար պատասխանատու ինստիտուցիոնալ դերակատարների կարողությունները։ 

Ծրագրի մեկնարկային համաժողովի մասնակիցները՝ Հայաստանի կառավարության, պետական հաստատությունների, լրատվամիջոցների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական առաքելությունների, քաղաքացիական հասարակության և կրթական համայնքի ներկայացուցիչները, քննարկումներ ունեցան Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը Հայաստանի մամուլի դաշտի բարելավման և ժողովրդավարության դիմադրողականության ամրապնդման գործում։

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն ընդգծեց, որ «Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր Հայաստանը բարելավել է իր մեդիա դաշտը և վերահաստատել թափանցիկության նկատմամբ իր հանձնառությունը՝ 2022 թվականի մայիսին վավերացնելով Թրոմսոյի կոնվենցիան: Մինչ ապատեղեկատվությունը և ստահոդ տեղեկատվությունը շարունակում են մնալ մարտահրավերներ, Հայաստանն ունի դրանց հաղթահարման փորձ և որոշակի դիմադրողականություն է ձեռք բերել: Անդամակցության 25 տարիների ընթացքում երկիրը ցուցաբերել է անկեղծ նվիրվածություն ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանը և զգալի առաջընթաց է արձանագրել իր մեդիա դաշտի և օրենսդրական շրջանակի բարելավման գործում»։

Արդարադատության փոխնախարար Աննա Կարապետյանը նշել է, որ «խոսքի ազատությունը ժողովրդավարության անկյունաքարն է ոչ միայն որպես անհատական իրավունք, այլև որպես որակյալ, հաշվետու և վստահելի հանրային քննարկման նախապայման»։

Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի նոր նախագծին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծեց, որ «այն սկսվում է վճռորոշ ժամանակահատվածում, քանի որ շուտով ընտրություններ են, ապատեղեկատվության և ստահոդ տեղեկատվության հետ կապված մարտահրավերները շարունակում են ազդել հանրային տեղեկատվական հարթակի վրա և հանդիսանում են գերակա խնդիրներից մեկը»։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ և Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հավելեց, որ «հիբրիդային միջամտությունը մեր ժամանակների քաղաքական պայքարի ամենավտանգավոր և անտեսանելի ձևերից մեկն է։ Դրա հիմքում ընկած է տեղեկատվության օգտագործումը որպես միջամտության զենք՝ հասարակական ընկալումներ ձևավորելու, հոգեբանական ճնշում գործադրելու և ներքին ժողովրդավարական գործընթացներին արտաքին միջամտության միջոցով»։

Ներածական խոսքը լրացրեց Եվրոպայի խորհրդի ժողովրդավարական ինստիտուտների և ազատությունների վարչության ղեկավար Ռոբերտո Օլլայի հիմնական ելույթը, որը վերլուծեց խոսքի ազատության ոլորտում կազմակերպության կողմից սահմանված չափանիշները՝ նշելով, որ նոր ծրագրի նպատակն է աջակցել և նպաստել այդ չափանիշների արդյունավետ իրականացմանը Հայաստանում։

Ծրագիրը կաջակցի Հայաստանի կառավարությանը խոսքի ազատության իրավական երաշխիքների ամրապնդման, Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան հանրային մասնակցության դեմ ռազմավարական դատական հայցերի (SLAPPs) դեմ ուղղված օրենսդրական բարեփոխումների առաջխաղացման գործում և կնպաստի Հայաստանի օրենսդրության համապատասխանեցմանը Եվրոպայի խորհրդի պաշտոնական փաստաթղթերի հասանելիության մասին կոնվենցիայի՝ Թրոմսոյի կոնվենցիայի սկզբունքներին՝ այդպիսով խթանելով հանրային կյանքում ավելի մեծ թափանցիկություն և հաշվետվողականություն: Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ծրագիրը կկենտրոնանա Եվրոպայի խորհրդի առաջարկությունների, այդ թվում՝ Նախարարների կոմիտեի CM/Rec(2007)15 առաջարկությունը՝ լրատվամիջոցների կողմից ընտրությունների լուսաբանմանն առնչվող գործողությունների վերաբերյալ, որը սահմանում է ուղեցույցներ՝ ընտրական ժամանակահատվածում լրատվամիջոցների կողմից արդար, հավասարակշռված և անաչառ լուսաբանումն ապահովելու համար՝ այդպիսով խթանելով առողջ ժողովրդավարական գործընթացը՝ միաժամանակ պաշտպանելով ինչպես հանրության տեղեկատվության իրավունքը, այնպես էլ ընտրությունների ամբողջականությունը:

Ծրագրի ազգային շահառուները վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ խթանելու Հայաստանում մամուլի ազատությունը և ժողովրդավարության դիմակայունությունը։

Միջոցառումն իրականացվեց Եվրոպայի խորհրդի «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի կողմից՝ Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի շրջանակներում։

 

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 26 ՓԵՏՐՎԱՐԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Ո՞րն է ծրագրի նպատակը

Եվրոպայի խորհրդի Հայաստանի  համար իրականացվող գործողությունների 2023-2026 թվականների ծրագրի շրջանակներում  իրականացվող «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագիրը նպատակ ունի աջակցել խոսքի ազատության երաշխիքների ամրապնդմանը և այս ոլորտում ընթացիկ օրենսդրական բարեփոխումներին, տեսալսողական մեդիայի ազգային կարգավորող մարմնի, հանրային հեռարձակողի կարողությունների հզորացմանը, Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների և շահագրգիռ կողմերի (Արդարադատության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով) ինստիտուցիոնալ ջանքերին՝ ապատեղեկատվության դեմ պայքարի և մեդիագրագիտության բարելավման ուղղությամբ, մասնավորապես՝ նախընտրական շրջանում, հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական ​​​​հայցերի (SLAPPs) դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող օրենսդրական և գործնական քայլերին՝ համաձայն Եվրոպայի խորհրդի գործիքակազմի, ինչպես նաև տեղեկատվության հասանելիության վերաբերյալ ներպետական օրենսդրության ներդաշնակեցմանը՝ Թրոմսոյի կոնվենցիայի դրույթներին համապատասխան։

 Ծրագրի սկիզբը՝ 2026 թվականի հունվարի 1

 Տևողությունը՝ 12 ամիս

 Ֆինանսավորում՝ 400,000 եվրո, Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

Կոնտակտային անձ՝ Նաիրա Մելիքսեթյան, Ծրագրի ավագ պատասխանատու

 

Ովքե՞ր են ծրագրի շահառուները
  • Համապատասխան ազգային կառույցներ
  • Արդարադատության նախարարություն
  • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
  • Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
  • Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
  • Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողով
  • Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն
  • խոշոր համազգային լրատվամիջոցներ, լրագրողներ
  • մեդիա համայնք և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ
  • լայն հասարակություն
Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

Ծրագիրը բաղկացած է երեք փոխկապակցված բաղադրիչներից՝

  • Բաղադրիչ 1. Աջակցել Արդարադատության նախարարությանը և այլ պետական ​​հաստատություններին՝ Հայաստանում խոսքի ազատության և մամուլի ոլորտի, ինչպես նաև SLAPP-ների դեմ ուղղված պայքարի ուղղությամբ օրենսդրական ու կարգավորող շրջանակի ընթացիկ և նախատեսվող բարեփոխումների առաջխաղացման հարցում։
  • Բաղադրիչ 2. Հզորացնել համապատասխան ազգային կառույցների և շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (տեսալսողական մեդիայի ազգային կարգավորող մարմին), Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ինստիտուցիոնալ կարողությունները՝ ընտրությունների լուսաբանման, տեղեկատվական աղտոտվածության դեմ պայքարի, մեդիագրագիտության բարելավման և հասարակության՝ ապատեղեկատվության նկատմամբ դիմակայունության բարձրացման ուղղությամբ: Աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և խոշոր համազգային լրատվամիջոցներին, այդ թվում՝ հանրային հեռարձակողին՝ հասցեագրելու ապատեղեկատվության մարտահրավերները և հռետորաբանությունները, բարելավելու գենդերազգայուն լուսաբանումը, ինչպես նաև աջակցել մամուլի ոլորտի մասնագետներին և այլ շահագրգիռ կողմերին՝ էթիկական, անաչառ լրատվության և բովանդակության բազմազանության խթանման հարցերում:
  • Բաղադրիչ 3. Բարելավել տեղեկատվության հասանելիության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը՝ համապատասխանեցնելով այն Եվրոպայի խորհրդի չափանիշներին, այդ թվում՝ պաշտոնական փաստաթղթերի հասանելիության մասին Թրոմսոյի կոնվենցիայի դրույթներին։

Ի՞նչ արդյունքի ենք ակնկալում հասնել

Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի քաղաքացիների՝ խոսքի  ազատության իրավունքի առավել արդյունավետ իրացումը։

Ակնկալվող արդյունքները ներառում են՝

  • Համապատասխան ազգային կառույցների և դերակատարների գործունեության արդյունավետության բարձրացում խոսքի/մեդիայի ազատության հետ կապված հարցերի հասցեագրման ուղղությամբ, այդ թվում՝ իրավական, քաղաքական և կարգավորող միջավայրի համապարփակ բարեփոխումների միջոցով։
  • Լրատվամիջոցների բովանդակության բազմազանության ամրապնդում՝ հիմնված անաչառ, էթիկական և որակյալ լրատվության վրա՝ նպաստելով տեղեկատվական աղտոտվածության, ապատեղեկատվության նվազեցմանը և լրագրողների անվտանգության ապահովմանը։
  • Տեղեկատվության հասանելիության վերաբերյալ բարելավված իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ՝ համապատասխան Եվրոպայի խորհրդի չափանիշներին, այդ թվում՝ Թրոմսոյի կոնվենցիային։