Back Զեկույց մամուլի ազատության մասին. աճող թշնամական մթնոլորտ լրագրության համար

Անցյալ տարի Եվրոպայում մեդիայի ազատությանը վերաբերող լուրջ սպառնալիքների մասին 344 ահազանգ է ստացվել։
ԶԼՄ-ների ազատությունը և լրագրողների անվտանգությունը ժողովրդավարական դիմադրողականության հիմքն են

ԶԼՄ-ների ազատությունը և լրագրողների անվտանգությունը ժողովրդավարական դիմադրողականության հիմքն են

2025 թվականի  ընթացքում մամուլի ազատությունը Եվրոպայում շարունակել է գտնվել կայուն ճնշման տակ՝ պայմանավորված իրավական սպառնալիքներով, ֆիզիկական հարձակումներով և ահաբեկումներով, մեդիայի գրավման փորձերով և միջազգային ճնշումներով, ասվում է գործընկեր կազմակերպությունների՝ Եվրոպայի խորհրդի նորաստեղծ Լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության խթանման հարթակի տարեկան զեկույցում։

Այս իրավիճակը մեղմվել է մի շարք պետություններում ձեռնարկված և եվրոպական մակարդակով մամուլի ազատության և լրագրողների անվտանգության բարելավմանն ուղղված նախաձեռնությունների շնորհիվ, այդ թվում՝ լրագրողներին պաշտպանելու գործողությունների ծրագրերի և որոշ երկրներում օրենսդրության ընդունմամբ՝ այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են չարաշահվող դատական ​​հայցերը, ապատեղեկատվությունը և աղբյուրների պաշտպանությունը։

Լրագրողները սպառնալիքի տակ են պատերազմի և բողոքի ցույցերի ժամանակ

 «Շրջադարձային կետում. մամուլի ազատություն 2025» վերնագրով զեկույցում նշվում է, որ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ մնացել է լրագրողների համար ամենալուրջ սպառնալիքը. մեդիայի չորս աշխատակիցներ զոհվել են, մյուսները վիրավորվել, իսկ շատերը դեռևս կալանքի տակ են օկուպացված տարածքներում կամ անհետ կորել են։

Ամբողջ Եվրոպայում լրագրողները բողոքի ցույցերի ժամանակ հաճախ ֆիզիկական հարձակումների են ենթարկվել ոստիկանության, քաղաքական գործիչների և ցուցարարների կողմից: Այս տեսակի հարձակումների մասին հաղորդվել է զեկույցում ընդգրկված պետությունների մեկ քառորդում, ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Վրաստանում, Սերբիայում և Թուրքիայում:

Լրագրությանը խոչընդոտող իրավական խնդիրները

Մի շարք երկրներում հանրային լրատվամիջոցները բախվել են քաղաքական միջամտության, սահմանափակող օրենսդրության և անբավարար ֆինանսավորման խնդիրների: Չարաշահվող դատական ​​​​հայցերը, որոնք հայտնի են որպես հանրային մասնակցության դեմ ռազմավարական դատական ​​​​հայցեր (SLAPPs), շարունակել են լայնորեն օգտագործվել լրատվամիջոցներին լռեցնելու համար: Այս առումով, հարթակի գործընկերները ողջունում են մի շարք երկրների նախաձեռնությունները՝  իրականացնելու ինչպես ԵՄ դիրեկտիվը, այնպես էլ Եվրոպայի խորհրդի առաջարկությունը ՝ ուղղված SLAPP-ների դեմ:

Զեկույցում նաև մտահոգություն է հայտնվում լրագրողների նկատմամբ լրտեսող ծրագրերի միջոցով թվային հսկողության, լրագրողների նկատմամբ միջազգային ճնշումների, մի շարք երկրներում ընդունված կամ նախատեսվող «օտարերկրյա գործակալների» մասին օրենսդրության և շատ երկրներում մեդիայի աշխատակիցների նկատմամբ անկայուն աշխատանքային պայմանների վերաբերյալ։

Որտե՞ղ էին Եվրոպայում մեդիայի ազատությանը սպառնացող լուրջ սպառնալիքները։

2025 թվականին հարթակի գործընկերները հրապարակել են մեդիայի ազատությանը սպառնացող լուրջ սպառնալիքների 344 ահազանգ, ինչը զգալի աճ է (+29%)՝ համեմատած 2024 թվականի հետ, երբ գրանցվել էր 266 ահազանգ։ Ամենաշատ ահազանգեր արձանագրվել են Ռուսաստանում (50), Թուրքիայում (49), Վրաստանում (35), Սերբիայում (35) և Ուկրաինայում (27), որոնք հիմնականում կապված են Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների հետ կամ վերագրվում են ռուսական ուժերին։

Ահազանգերի ամենատարածված կատեգորիան (90) կապված էր լրագրողների ֆիզիկական անվտանգության և անձեռնմխելիության դեմ հարձակումների հետ, այդ թվում՝ ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով լրատվամիջոցների չորս աշխատողների՝ ուկրաինացի լրագրողներ Օլենա Հրամովայի, Եվհեն Կարմազինի և Տետյանա Կուլիկի, ինչպես նաև ֆրանսիացի ֆոտոլրագրող Անտոնի Լալիկանի վախճանը, ինչպես նաև թուրք ազատ լրագրող Հաքան Թոսունի մահը՝ դաժան հարձակումից հետո: 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ լրագրողների 51 սպանություն հարթակում մնացել էր չբացահայտված:

Զեկույցում զգուշացվում է ազատազրկման համակարգված կիրառման մասին՝ որպես լրատվամիջոցների վերահսկման գործիք: 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Եվրոպայում կալանքի տակ է գտնվել 148 լրագրող, այդ թվում՝ 36-ը Ադրբեջանում, 32-ը՝ Ռուսաստանում, 27-ը՝ Բելառուսում, 26-ը Ռուսաստանի կողմից պահվում են Ուկրաինայի օկուպացված տարածքներում, 24-ը՝ Թուրքիայում, երկուսը՝ Հայաստանում և մեկը՝ Վրաստանում:

Հարթակի գործընկերները կոչ են անում Եվրոպայի խորհրդին, Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետություններին կիրարկել մամուլի ազատության չափանիշները: Նրանք, որպես առաջնահերթություն, խորհուրդ են տալիս ամրապնդել լրագրողների անվտանգությունը, լիովին կիրարկել SLAPP-ի դեմ ուղղված չափանիշները, պաշտպանել հանրային լրատվամիջոցների անկախությունը և բարձրացնել կին լրագրողների պաշտպանությունը, ի թիվս այլ միջոցառումների:

Գործընկերները ընդգծում են, որ Եվրոպայի խորհրդի Եվրոպայի նոր ժողովրդավարական պակտը պետք է մեդիայի ազատությունը, լրատվամիջոցների բազմակարծությունը և լրագրողների անվտանգությունը դնի ժողովրդավարական դիմակայունության հիմքում, ներառի լրատվամիջոցների զավթման և ապատեղեկատվության դեմ պաշտպանության միջոցներ, ինչպես նաև ճանապարհային քարտեզ՝ լրագրողների անվտանգության նպատակները Եվրոպայի խորհրդի համապատասխան գործողությունների մեջ ներառելու համար։

 Ափսոսանքով արձանագրելով, որ 2025 թվականին ահազանգերի մեկ երրորդից էլ պակասն է ստացել պատասխան կառավարության կողմից, գործընկերները կոչ են անում պետություններին ընդլայնել իրենց համագործակցությունը հարթակի հետ։

Հարթակի տարեկան զեկույցը ներառում է Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունները, ինչպես նաև Ռուսաստանը՝ 2022 թվականին Եվրոպայի խորհրդից հեռացվելուց հետո, և Բելառուսը։

* * *

Եվրոպայի խորհրդի լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության խթանման հարթակը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի կողմից 2015 թվականին՝ խոսքի ազատության ոլորտում գործող առաջատար միջազգային ՀԿ-ների և լրագրողների միավորումների հետ համագործակցությամբ՝ տեղեկատվություն տրամադրելու համար, որը կարող է հիմք հանդիսանալ անդամ պետությունների հետ հնարավոր պաշտպանական կամ վերականգնողական գործողությունների վերաբերյալ երկխոսության համար։

15 գործընկերներն են՝ Լրագրողների եվրոպական ֆեդերացիան, Լրագրողների միջազգային ֆեդերացիան, Եվրոպական լրագրողների ասոցիացիան, «ARTICLE 19»-ը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Լրագրողների պաշտպանության կոմիտեն, Գրաքննության ինդեքսը, Միջազգային մամուլի ինստիտուտը, Միջազգային լրատվական անվտանգության ինստիտուտը, Ռորի Պեկի հիմնադրամը, Եվրոպական հեռարձակողների միությունը, «PEN International»-ը, Մամուլի և լրատվամիջոցների ազատության եվրոպական կենտրոնը, Free Press Unlimited-ը և «Արդարություն լրագրողների համար» հիմնադրամը։ 

 

 

 

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 3 ՄԱՐՏԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Ո՞րն է ծրագրի նպատակը

Եվրոպայի խորհրդի Հայաստանի  համար իրականացվող գործողությունների 2023-2026 թվականների ծրագրի շրջանակներում  իրականացվող «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագիրը նպատակ ունի աջակցել խոսքի ազատության երաշխիքների ամրապնդմանը և այս ոլորտում ընթացիկ օրենսդրական բարեփոխումներին, տեսալսողական մեդիայի ազգային կարգավորող մարմնի, հանրային հեռարձակողի կարողությունների հզորացմանը, Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների և շահագրգիռ կողմերի (Արդարադատության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով) ինստիտուցիոնալ ջանքերին՝ ապատեղեկատվության դեմ պայքարի և մեդիագրագիտության բարելավման ուղղությամբ, մասնավորապես՝ նախընտրական շրջանում, հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական ​​​​հայցերի (SLAPPs) դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող օրենսդրական և գործնական քայլերին՝ համաձայն Եվրոպայի խորհրդի գործիքակազմի, ինչպես նաև տեղեկատվության հասանելիության վերաբերյալ ներպետական օրենսդրության ներդաշնակեցմանը՝ Թրոմսոյի կոնվենցիայի դրույթներին համապատասխան։

 Ծրագրի սկիզբը՝ 2026 թվականի հունվարի 1

 Տևողությունը՝ 12 ամիս

 Ֆինանսավորում՝ 400,000 եվրո, Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

Կոնտակտային անձ՝ Նաիրա Մելիքսեթյան, Ծրագրի ավագ պատասխանատու

 

Ովքե՞ր են ծրագրի շահառուները
  • Համապատասխան ազգային կառույցներ
  • Արդարադատության նախարարություն
  • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
  • Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
  • Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
  • Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողով
  • Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն
  • խոշոր համազգային լրատվամիջոցներ, լրագրողներ
  • մեդիա համայնք և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ
  • լայն հասարակություն
Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

Ծրագիրը բաղկացած է երեք փոխկապակցված բաղադրիչներից՝

  • Բաղադրիչ 1. Աջակցել Արդարադատության նախարարությանը և այլ պետական ​​հաստատություններին՝ Հայաստանում խոսքի ազատության և մամուլի ոլորտի, ինչպես նաև SLAPP-ների դեմ ուղղված պայքարի ուղղությամբ օրենսդրական ու կարգավորող շրջանակի ընթացիկ և նախատեսվող բարեփոխումների առաջխաղացման հարցում։
  • Բաղադրիչ 2. Հզորացնել համապատասխան ազգային կառույցների և շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (տեսալսողական մեդիայի ազգային կարգավորող մարմին), Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ինստիտուցիոնալ կարողությունները՝ ընտրությունների լուսաբանման, տեղեկատվական աղտոտվածության դեմ պայքարի, մեդիագրագիտության բարելավման և հասարակության՝ ապատեղեկատվության նկատմամբ դիմակայունության բարձրացման ուղղությամբ: Աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և խոշոր համազգային լրատվամիջոցներին, այդ թվում՝ հանրային հեռարձակողին՝ հասցեագրելու ապատեղեկատվության մարտահրավերները և հռետորաբանությունները, բարելավելու գենդերազգայուն լուսաբանումը, ինչպես նաև աջակցել մամուլի ոլորտի մասնագետներին և այլ շահագրգիռ կողմերին՝ էթիկական, անաչառ լրատվության և բովանդակության բազմազանության խթանման հարցերում:
  • Բաղադրիչ 3. Բարելավել տեղեկատվության հասանելիության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը՝ համապատասխանեցնելով այն Եվրոպայի խորհրդի չափանիշներին, այդ թվում՝ պաշտոնական փաստաթղթերի հասանելիության մասին Թրոմսոյի կոնվենցիայի դրույթներին։

Ի՞նչ արդյունքի ենք ակնկալում հասնել

Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի քաղաքացիների՝ խոսքի  ազատության իրավունքի առավել արդյունավետ իրացումը։

Ակնկալվող արդյունքները ներառում են՝

  • Համապատասխան ազգային կառույցների և դերակատարների գործունեության արդյունավետության բարձրացում խոսքի/մեդիայի ազատության հետ կապված հարցերի հասցեագրման ուղղությամբ, այդ թվում՝ իրավական, քաղաքական և կարգավորող միջավայրի համապարփակ բարեփոխումների միջոցով։
  • Լրատվամիջոցների բովանդակության բազմազանության ամրապնդում՝ հիմնված անաչառ, էթիկական և որակյալ լրատվության վրա՝ նպաստելով տեղեկատվական աղտոտվածության, ապատեղեկատվության նվազեցմանը և լրագրողների անվտանգության ապահովմանը։
  • Տեղեկատվության հասանելիության վերաբերյալ բարելավված իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ՝ համապատասխան Եվրոպայի խորհրդի չափանիշներին, այդ թվում՝ Թրոմսոյի կոնվենցիային։