Back Եվրոպայի խորհուրդը և Հայաստանի շահագրգիռ կողմերը համագործակցում են ընտրությունների արդար լուսաբանման շուրջ

Եվրոպայի խորհուրդը և Հայաստանի շահագրգիռ կողմերը համագործակցում են ընտրությունների արդար լուսաբանման շուրջ

Մայիսի 6-ին Երևանում Եվրոպայի խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից համատեղ կազմակերպված աշխատաժողովի ընթացքում Հայաստանի լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու ընտրական գործընթացի շահագրգիռ կողմերը ամրապնդեցին իրենց գիտելիքները 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ արդար, հավասարակշռված և անաչառ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ։

Աշխատաժողովին մասնակցեցին տեսալսողական մեդիա ծառայություններ մատուցողների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ընտրական դիտորդական առաքելությունների մոտ 60 ներկայացուցիչներ։ Միջոցառման ընթացքում գործնական ուղեցույցներ ներկայացվեցին նախընտրական շրջանում լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև այն մարտահրավերների վերաբերյալ, որոնց նրանք կարող են բախվել ճշգրիտ տեղեկատվություն, քաղաքական գործիչների համար հավասար հասանելիություն և արդար ներկայացվածություն ապահովելու գործում։

Մեդիայի ազատությունն ամրապնդվում է, երբ կարգավորումներն ուղեկցվում են համաչափ երաշխիքներով: Նման երաշխիքները օգնում են պաշտպանել հանրությանը վնասակար բովանդակությունից և ապատեղեկատվությունից, միաժամանակ ապահովելով տարբեր գործիչների համար հավասար հասանելիություն: Դրանք կարևորագույն նշանակություն ունեն ընտրությունների ժամանակ, երբ ճշգրիտ տեղեկատվությունը և արդար ներկայացուցչությունը կարող են զգալիորեն ազդել հանրային վստահության և ժողովրդավարահեն արդյունքների վրա:

Քանի որ Հայաստանը պատրաստվում է 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, Եվրոպայի խորհուրդը ակտիվացրել է իր համագործակցությունը ազգային ընտրական շահագրգիռ կողմերի հետ՝ մեդիայի ազատությունը և տեղեկատվական տարածքի ճշմարտացիությունը պաշտպանելու համար։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ամփոփ ներկայացրեց լրատվական ոլորտի, նախընտրական քարոզարշավի իրավական շրջանակը, քաղաքական կուսակցությունների և դաշինքների համար հավասար պայմանների գնահատման մեթոդաբանությունը, ինչպես նաև մոնիթորինգի և հաշվետվությունների հետ կապված ընթացակարգերը։ 

Եվրոպայի խորհուրդը հատկապես շեշտադրեց ընտրությունների համատեքստում լրատվամիջոցներում արհեստական ​​բանականության օգտագործումը։

Թեև արհեստական ​​բանականությունը կարող է օգտակար լինել լրատվամիջոցների աշխատանքի համար` նպաստելով արդյունավետությանը, վերլուծությանը և տեղեկատվության հասանելիությանը, դրա օգտագործումը կարող է նաև հանգեցնել մանիպուլյացիաների, ապատեղեկատվության և կողմնակալության: Հետևաբար, աշխատաժողովը օգնեց մասնակիցներին ավելի լավ բացահայտել արհեստական ​​բանականության հետ կապված ինչպես հնարավորությունները, այնպես էլ ռիսկերը նախընտրական համատեքստում:

Քանի որ Հայաստանը մոտենում է 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, այս միջոցառումը նպաստեց լրատվամիջոցների ազատությունը պաշտպանելու, ընտրությունների արդար լուսաբանմանը աջակցելու և տեղեկատվական տարածքի ճշմարտացիությունը ամրապնդելու ավելի լայն ջանքերին։

Միջոցառումը կազմակերպվեց Եվրոպայի խորհրդի «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի կողմից՝ Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ գործողությունների ծրագրի շրջանակներում։

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 6 ՄԱՅԻՍԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Ո՞րն է ծրագրի նպատակը

Եվրոպայի խորհրդի Հայաստանի  համար իրականացվող գործողությունների 2023-2026 թվականների ծրագրի շրջանակներում  իրականացվող «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագիրը նպատակ ունի աջակցել խոսքի ազատության երաշխիքների ամրապնդմանը և այս ոլորտում ընթացիկ օրենսդրական բարեփոխումներին, տեսալսողական մեդիայի ազգային կարգավորող մարմնի, հանրային հեռարձակողի կարողությունների հզորացմանը, Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների և շահագրգիռ կողմերի (Արդարադատության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով) ինստիտուցիոնալ ջանքերին՝ ապատեղեկատվության դեմ պայքարի և մեդիագրագիտության բարելավման ուղղությամբ, մասնավորապես՝ նախընտրական շրջանում, հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական ​​​​հայցերի (SLAPPs) դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող օրենսդրական և գործնական քայլերին՝ համաձայն Եվրոպայի խորհրդի գործիքակազմի, ինչպես նաև տեղեկատվության հասանելիության վերաբերյալ ներպետական օրենսդրության ներդաշնակեցմանը՝ Թրոմսոյի կոնվենցիայի դրույթներին համապատասխան։

 Ծրագրի սկիզբը՝ 2026 թվականի հունվարի 1

 Տևողությունը՝ 12 ամիս

 Ֆինանսավորում՝ 400,000 եվրո, Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

Կոնտակտային անձ՝ Նաիրա Մելիքսեթյան, Ծրագրի ավագ պատասխանատու

 

Ովքե՞ր են ծրագրի շահառուները
  • Համապատասխան ազգային կառույցներ
  • Արդարադատության նախարարություն
  • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
  • Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
  • Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
  • Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողով
  • Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն
  • խոշոր համազգային լրատվամիջոցներ, լրագրողներ
  • մեդիա համայնք և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ
  • լայն հասարակություն
Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

Ծրագիրը բաղկացած է երեք փոխկապակցված բաղադրիչներից՝

  • Բաղադրիչ 1. Աջակցել Արդարադատության նախարարությանը և այլ պետական ​​հաստատություններին՝ Հայաստանում խոսքի ազատության և մամուլի ոլորտի, ինչպես նաև SLAPP-ների դեմ ուղղված պայքարի ուղղությամբ օրենսդրական ու կարգավորող շրջանակի ընթացիկ և նախատեսվող բարեփոխումների առաջխաղացման հարցում։
  • Բաղադրիչ 2. Հզորացնել համապատասխան ազգային կառույցների և շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (տեսալսողական մեդիայի ազգային կարգավորող մարմին), Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ինստիտուցիոնալ կարողությունները՝ ընտրությունների լուսաբանման, տեղեկատվական աղտոտվածության դեմ պայքարի, մեդիագրագիտության բարելավման և հասարակության՝ ապատեղեկատվության նկատմամբ դիմակայունության բարձրացման ուղղությամբ: Աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և խոշոր համազգային լրատվամիջոցներին, այդ թվում՝ հանրային հեռարձակողին՝ հասցեագրելու ապատեղեկատվության մարտահրավերները և հռետորաբանությունները, բարելավելու գենդերազգայուն լուսաբանումը, ինչպես նաև աջակցել մամուլի ոլորտի մասնագետներին և այլ շահագրգիռ կողմերին՝ էթիկական, անաչառ լրատվության և բովանդակության բազմազանության խթանման հարցերում:
  • Բաղադրիչ 3. Բարելավել տեղեկատվության հասանելիության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը՝ համապատասխանեցնելով այն Եվրոպայի խորհրդի չափանիշներին, այդ թվում՝ պաշտոնական փաստաթղթերի հասանելիության մասին Թրոմսոյի կոնվենցիայի դրույթներին։

Ի՞նչ արդյունքի ենք ակնկալում հասնել

Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի քաղաքացիների՝ խոսքի  ազատության իրավունքի առավել արդյունավետ իրացումը։

Ակնկալվող արդյունքները ներառում են՝

  • Համապատասխան ազգային կառույցների և դերակատարների գործունեության արդյունավետության բարձրացում խոսքի/մեդիայի ազատության հետ կապված հարցերի հասցեագրման ուղղությամբ, այդ թվում՝ իրավական, քաղաքական և կարգավորող միջավայրի համապարփակ բարեփոխումների միջոցով։
  • Լրատվամիջոցների բովանդակության բազմազանության ամրապնդում՝ հիմնված անաչառ, էթիկական և որակյալ լրատվության վրա՝ նպաստելով տեղեկատվական աղտոտվածության, ապատեղեկատվության նվազեցմանը և լրագրողների անվտանգության ապահովմանը։
  • Տեղեկատվության հասանելիության վերաբերյալ բարելավված իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ՝ համապատասխան Եվրոպայի խորհրդի չափանիշներին, այդ թվում՝ Թրոմսոյի կոնվենցիային։