Ալբանիայի Դուրես քաղաքում կայացած «Ոստիկանության գործունեությունը բազմազան հասարակություններում. էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ատելության դեմ պայքար» տարածաշրջանային աշխատաժողովը ընդգծեց Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և տարածաշրջանային գործընկերների հանձնառությունը՝ պայքարելու ատելության և խտրականության բոլոր ձևերի դեմ: Միջոցառմանը մասնակցել են իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, Արևմտյան Բալկանների և Արևելյան գործընկերության տարածաշրջանների քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և միջազգային փորձագետներ՝ ուսումնասիրելու, թե ինչպես ոստիկանությունը կարող է ավելի լավ ծառայել բազմազան համայնքներին և պայքարել ռասիզմի և անհանդուրժողականության դեմ:
Երկօրյա աշխատաժողովի ընթացքում մասնակիցները ներգրավվեցին ինտերակտիվ նիստերում, փոխանակվեցին լավագույն փորձով և ունկնդրեցին առաջատար փորձագետների և հաստատությունների, ինչպիսիք են Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը (ECRI), ԵՄ Հիմնարար իրավունքների գործակալությունը (FRA) և Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ODIHR): Եվրոպայի տարբեր երկրների իրավապահ մարմինների ներկայացուցիչները ներկայացրեցին իրական դեպքերի ուսումնասիրություններ՝ գործնական պատկերացում տալով հավասարությունը խթանելու և խտրականությունը կանխելու հաջողված նախաձեռնությունների մասին:
Հայաստանի Հանրապետությունից միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ներքին գործերի նախարարության, ոստիկանության, ինչպես նաև խոցելի խմբերի և էթնիկ փոքրամասնությունների հետ աշխատանքում մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Տեղի ունեցած կարծիքների և փորձի փոխանակման ընթացքում հայաստանյան մասնակիցները հնարավորություն ունեցան վերոհիշյալ տարածաշրջանները ներկայացնող գործընկերների հետ կիսվել ատելության խոսքի, ատելության հիման վրա հանցագործության և խտրականության դեմ պայքարի իրենց փորձով։
Միջոցառման հիմնական թեմաների թվում էին հետևյալ հարցերը․ իրավապահ մարմինների դերը հակասեմականության, մահմեդականների և գնչուների նկատմամբ ատելության դեմ պայքարում, ոստիկանության և համայնքների միջև վստահության կառուցման ռազմավարությունները, տվյալների հավաքագրման և ատելության հիման վրա կատարված հանցագործությունների մոնիթորինգի գործիքները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ գործընկերության զարգացումը:
Սույն նախաձեռնությունը նշանակալի քայլ էր տարածաշրջանային համագործակցության խթանման և ներառական, մարդու իրավունքների վրա հիմնված ոստիկանական պրակտիկայի ամրապնդման ուղղությամբ:
Սույն աշխատաժողովը կազմակերպվել է «Հավասարության և խտրականության դեմ պայքարի խթանում. դեպի ավելի դիմացկուն և ներառական հասարակություններ» ծրագրի և «Հավասարության խթանում և ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ պայքար Արևմտյան Բալկաններում» գործողության շրջանակներում, որոնք Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» և «Հորիզոնական մեխանիզմ Արևմտյան Բալկանների և Թուրքիայի համար» համատեղ ծրագրերի մաս են կազմում։
