Back Հայաստանում դատախազների կարողությունների ուժեղացում՝ եվրոպական չափանիշների և ընդդատության համաձայն ատելության դրսևորումների դեմ պայքարելու նպատակով

Հայաստանում դատախազների կարողությունների ուժեղացում՝ եվրոպական չափանիշների և ընդդատության համաձայն ատելության դրսևորումների դեմ պայքարելու նպատակով

Երկօրյա ինտերակտիվ դասընթացը մասնակից 25 դատախազներին հնարավորություն է ընձեռել իմանալ ավելին` ատելության հիման վրա հանցագործությունների և ատելության խոսքի դեպքերի բացահայտման, որակավորման և հետապնդման լավագույն եվրոպական փորձի մասին՝ համաձայն եվրոպական չափանիշների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի։ Վերոհիշյալի համատեքստում մասնակիցները իրենց գործընկերների հետ փորձի և գաղափարների փոխանակման հնարավորություն ունեցան: Դասընթացի ծրագիրը ներառեց նաև գործնական ասպեկտներ՝ կապված նախապաշարմունքների և կարծրատիպերի բացահայտման, խտրականության դեպքերի հետապնդման իրավական պրակտիկայի, ինչպես նաև տուժածների նկատմամբ հարգալից և ոչ խտրական վերաբերմունքի հետ:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առցանց տիրույթում և հանրային դիսկուրսում ատելության խոսքի համար պատասխանատվության ենթարկելու մարտահրավերներին: Դասընթացացի փորձագետները միջոցառման մասնակիցների հետ աշխատանք տարան ատելության խոսքի և խոսքի ազատության միջև սահմանը գծելու, հասարակական գործիչների նկատմամբ ատելության խոսքի դեմ պայքարելու և ԶԼՄ-ներում ատելության խոսքը ուսումնասիրելու ուղղությամբ: Քննարկվել է նաև ատելության հիման վրա հանցագործությունների դեմ պայքարի լավ փորձը, ինչպես նաև հանցագործությունների դեմ պայքարի համար հասանելի գործիքակազմը՝ հիմնված միջազգային չափանիշների վրա:

Ողջույնի խոսքում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Վեդրան Յան-Քյելդսենն իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազությանը՝ դատախազների կարողությունները բարձրացնելու շահագրգռվածության համար։ «Ատելության խոսքի և ատելության հիման վրա հանցագործությունների դեմ պայքարը միշտ եղել է Եվրոպայի խորհրդի առաջնահերթություններից մեկը», - հաստատեց պարոն Յան-Քյելդսենը՝ հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, անդամ պետություններին ուղղված Նախարարների կոմիտեի հանձնարարականներին՝ ատելության հանցագործության (2024) և ատելության խոսքի (2022) դեմ պայքարի վերաբերյալ, ինչպես նաև այլ իրավական և մեթոդաբանական փաստաթղթերին: «Ակնհայտ է, որ դուք՝ դատախազներդ, վճռորոշ դեր եք խաղում ատելության հիման վրա հանցագործությունների դեմ պայքարում, ատելության խոսքի դեպքերի հետաքննության և հանդուրժողականության և փոխըմբռնման քարոզչության գործում՝ այդպիսով նպաստելով սոցիալական համերաշխությանը», - իր խոսքն ամփոփեց պարոն Յան-Քյելդսենը:

Անդրադառնալով դասընթացի նպատակներին՝ ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Նարինե Գասպարյանն ընդգծեց մասնակիցների կարիքները բացահայտելու և կազմակերպված դասընթացին համապատասխանեցնելու ուղղությամբ կատարված աշխատանքները։ Նա իր երախտագիտությունը հայտնեց Եվրոպայի խորհրդին՝ նախաձեռնողական մոտեցման և միջազգային մասնագիտական փորձն ի մի բերելու և ներկայացնելու համար։ Տիկին Գասպարյանը մասնակիցներին խրախուսեց օգտագործել հայերեն թարգմանված ատելության խոսքի դեմ պայքարի վերաբերյալ Նախարարների կոմիտեի հանձնարարականը՝ որպես իրենց աշխատանքային պրակտիկայում օգտակար գործիքակազմ:

Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության հետ համատեղ կազմակերպված այս միջոցառման ավարտին մասնակիցները ընդգծեցին դասընթացային աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունն ու տարբեր դերակատարների կողմից երկխոսության և համագործակցային լուծումների վրա հիմնված մոտեցման կարևորությունը՝ նպաստելով ատելության խոսքի, ատելության հիման վրա հանցագործության և խտրականության դեպքերի արդյունավետ մշակմանը։

Սույն դասընթացը կազմակերպվել է «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» տեղական ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ նրանց համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում։ 

ՀԱՆՔԱՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 14-15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page