ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ և համագործակցությամբ` պետական կառույցների ներկայացուցիչները և լրագրողները մասնակցեցին աշխատաժողովի, որը բաց հարթակ ապահովեց հանրային քննարկումներում ատելության խոսքի վերաբերյալ երկխոսության համար։
Միջոցառումը հնարավորություն տվեց քննարկումներ ծավալել հանրության շրջանում ատելության խոսքի դրսևորման վերաբերյալ, որի ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց տեսակետներով համապատասխան եվրոպական չափանիշների, տեղական և միջազգային մակարդակներում լավագույն փորձի և առկա կարգավորող մեխանիզմների վերաբերյալ: Ընդգծվեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ որպես Հայաստանի ազգային իրավահավասարության մարմնի կարևորագույն առաքելությունը: Ինչպես ընդգծվում է Եվրոպայի խորհրդի Ռասայական խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի (ECRI) ընդհանուր քաղաքականության առաջարկություններում, իրավահավասարության մարմինները կարևոր դեր են խաղում ատելության խոսքի դեմ պայքարի և մոնիթորինգի գործում, ներառյալ հասարակության բոլոր ոլորտներում երկխոսության խթանումը:
Հետագա քննարկումները անդրադարձան լրատվամիջոցների ներկայացուցիչների և պետական կառույցների միջև փոխգործակցության մարտահրավերներին՝ պարզաբանելով համապատասխան դերերն ու պարտականությունները և ընդգծելով այս բացասական երևույթի դեմ պայքարի համար ներառական մոտեցման անհրաժեշտությունը: Հատուկ ուշադրություն դարձվեց էթիկական լրատվությանը, մասնավորապես՝ խտրականության և խոցելի խմբերի հետ կապված դեպքերում:
Մասնակիցները հայտնեցին իրենց հանձնառությունը շարունակել մասնակցել ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարի վերաբերյալ գալիք քննարկումներին, ամրապնդել համապատասխան շահագրգիռ կողմերի միջև համագործակցությունը, մշակել հակափաստարկներ և խթանել բազմազանությունը, հանդուրժողականությունը և ներառական լեզուն հանրային ոլորտում՝ ի շահ բոլոր քաղաքացիների և Հայաստանում ապրող մարդկանց։
Այս միջոցառումը Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի կողմից և իրականացվում Եվրոպայի Խորհրդի կողմից՝ «Հավասարության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
