Եվրոպայի խորհրդի արժեքներն ու չափանիշներն առանցքային են Հայաստանում վերջին շրջանի վարչատարածքային բարեփոխումների իրականացման համար։
Երևանում «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ 2» ծրագրի մեկնարկին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ պարոն Վաչե Տերտերյանը նշեց, որ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս համակարգված մոտեցում ցուցաբերել բարեփոխումներին և հանգեցնում գործնական արդյունքների:
Երկրորդ փուլի մեկնարկից առաջ ծրագրի շահագրգիռ կողմերն այցելեցին Ապարանի համայնքապետարանում գտնվող երիտասարդական կենտրոն, որը վերանորոգվել էր «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի առաջին փուլի շրջանակներում իրականացվող փոքր դրամաշնորհային ծրագրի միջոցով: Համայնքի երիտասարդները փաստեցին, որ կենտրոնը նրանց հնարավորություն է տվել ավելի ներգրավված լինել և ավելի ակտիվ մասնակցել տեղական որոշումների կայացման գործում: Ապարան համայնքի ղեկավարի տեղակալը նշեց, որ համայնքապետարանն արդեն ունի դրական արդյունքներ ժողովրդավարական գործընթացներում երիտասարդության և կանանց ավելի ակտիվ ներգրավվածությունից:
Երևանում Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար պարոն Կլաուս Կապերը ծրագրի Ղեկավար կոմիտեի 1-ին նիստին ջերմորեն ողջունեց քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը: Նա նշեց «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի առաջին փուլի դրական արդյունքները, ինչպիսիք են Ապարանի երիտասարդական կենտրոնը, Վարդենիսի մարզադահլիճը, և անհամբեր սպասում էր նմանատիպ հաջողված պատմությունների երկրորդ փուլում:
Մեկնարկային միջոցառման ժամանակ կազմակերպված պանելային քննարկման ժամանակ Հայաստանի տեղական իշխանությունների ներկայացուցիչները թվարկեցին խոշորացման հետ կապված մի քանի մարտահրավերներ, որոնք դեռ լուծման կարիք ունեն՝ ապակենտրոնացման գործընթացն արդյունավետ իրականացնելու համար: «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ 2» ծրագիրը կփորձի լուծել դրանք՝ օգնելով ապահովել օրենսդրական դաշտի բարելավումը՝ իրականացվող բարեփոխումներին համահունչ: Նաև ջանքեր կգործադրվեն որոշումների կայացման գործընթացներում ավելի ակտիվ և բովանդակալից մասնակցությունը, ինչպես նաև տեղական պաշտոնյաների միջև փորձի փոխանակումն ու շփումը խթանելու համար:
Ծրագրի հիմնական բաղադրիչն է նաև Վրաստանի գործընկերների հետ անդրսահմանային համագործակցության ոլորտում կարողությունների զարգացումը և հնարավորությունների խթանումը:
«Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ 2» ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից և իրականացվում Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի շրջանակում:
