Եվրոպայի Խորհրդի կողմից 2025 թվականի սկզբից մեկնարկած մասնագիտացված վերապատրաստման դասընթացների շարքը զգալիորեն բարելավել է Հայաստանի հանրային ծառայողների և երեխաների հոգեկան առողջության ու հոգեսոցիալական աջակցության ոլորտում աշխատող մասնագետների կարողությունները:
2025 թվականի փետրվար-հուլիս ամիսներին անցկացված կարողությունների զարգացման այս դասընթացները նպաստել են պետական հաստատությունների, այդ թվում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ավելի քան 80 ներկայացուցչի մասնագիտական գիտելիքների ու գործիքակազմի զարգացմանը՝ տրավմայից տուժած երեխաներին ավելի արդյունավետ աջակցություն ցուցաբերելու համար։
Նախաձեռնությունը հիմնված է հայկական համատեքստին հարմարեցված Տրավմատիկ իրադարձություններ վերապրած երեխաներին հոգեբանական աջակցություն և օգնություն տրամադրելու մասին ուսումնամեթոդական ձեռնարկի վրա: Ձեռնարկը և հարակից նյութերը վերանայվել և լրամշակվել են 2024 թվականին ազգային ու միջազգային փորձագետների, այդ թվում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած փորձագիտական գնահատման սեմինարի շրջանակում անցկացված քննարկումների արդյունքում։
Այս թեմատիկ դասընթացների միջոցով մասնակիցներն ամրապնդել են երեխաների պաշտպանության և տրավմայի հետևանքներին արձագանքման վերաբերյալ իրենց գիտելիքները։ Դասընթացների նպատակն էր նաև խթանել միջգերատեսչական համագործակցությունը և համատեղ ջանքերը՝ հնարավորություն տալով վերապատրաստված մասնագետներին կիսվել իրենց փորձով և ընդլայնել նման կարևոր գործելակերպի հասանելիությունը։
Այս նախաձեռնությունը միտված է աջակցելու Հայաստանի ջանքերին՝ ստեղծելու տրավմատիկ իրադարձություններ վերապրած երեխաների աջակցության կայուն համակարգ, որը երեխաների իրավունքները և բարեկեցությունը կապահովի երկրի ստանձնած հանձնառությանը համահունչ։
Այս միջոցառումները կազմակերպվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակում, որը հանդիսանում է Հայաստանում փախստականների ներհոսքին արձագանքման համալիր փաթեթի մաս՝ Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի շրջանակում։




