Եվրոպայի խորհուրդը մեկնարկում է «Քո ձայնը՝ հանուն ժողովրդավարության» առցանց խորհրդակցությունը՝ հրավիրելով իր 46 անդամ պետությունների քաղաքացիներին պատասխանելու մեկ բաց հարցի․ «Ի՞նչ պետք է փոխվի, որպեսզի ժողովրդավարությունն ավելի լավ գործի քեզ համար»։
Խորհրդակցությունն իրականացվում է «Եվրոպայի համար նոր ժողովրդավարական պակտ» նախաձեռնության շրջանակում, որը Եվրոպայի խորհրդի պատասխանն է մայրցամաքում ժողովրդավարական հետընթացին, ինստիտուտների նկատմամբ վստահության նվազմանը և բևեռացման խորացմանը։
Ընդամենը մի քանի րոպե՝ ցանկացած սարքից
Շատերը կարծում են, որ ժողովրդավարությունն այլևս չի ծառայում իրենց շահերին։ Խորհրդակցությունը հնարավորություն է տալիս բոլոր 46 անդամ պետությունների քաղաքացիներին, որոնք ցանկանում են, որ ժողովրդավարությունն ավելի արդյունավետ գործի, արտահայտելու իրենց կարծիքը և առաջարկելու անհրաժեշտ փոփոխությունները։
Մասնակցելու համար անհրաժեշտ է ընդամենը մի քանի րոպե՝ հեռախոսով, պլանշետով կամ համակարգչով։ Մասնակիցները կարող են ներկայացնել ժողովրդավարության փոփոխման և բարելավման վերաբերյալ սեփական առաջարկները, ինչպես նաև քվեարկել մյուսների առաջարկների օգտին։ Հարթակը հնարավորություն է տալիս առաջարկներ ներկայացնել և քվեարկել 36 լեզուներով։
Քննարկման թեմաների շրջանակը սահմանափակված չէ։ Ի տարբերություն հանրային կարծիքի հարցման՝ այս խորհրդակցությունը քաղաքացիներին հնարավորություն է տալիս առաջ քաշելու սեփական գաղափարները՝ միաժամանակ բացահայտելով, թե դրանցից որոնք են լայն աջակցություն ստանում կամ բանավեճի առիթ դառնում։
Քաղաքացիների գաղափարներից՝ դեպի Պակտ
Այս խորհրդակցությունը հաջորդում է «Նոր ժողովրդավարական պակտ Եվրոպայի համար» նախաձեռնության շրջանակում անցկացված խորհրդակցության առաջին փուլին, որի ընթացքում լսվել են կառավարությունների, խորհրդարանականների, տեղական և տարածաշրջանային իշխանությունների, միջազգային գործընկերների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների տեսակետները։
Խորհրդակցության ընթացքում հավաքված գաղափարները կարող են նպաստել իրական փոփոխությունների։ Դրա արդյունքները կներդրվեն Պակտի վերջնական փաստաթղթերում, որոնք ակնկալվում է ներկայացնել 2027 թվականին և որոնք հիմք կհանդիսանան որոշում կայացնողների՝ ժողովրդավարությանն իրենց հանձնառությունը վերահաստատելու համար։





