Back Ժողովրդավարության միջազգային օր․ ժողովրդավարությունն առաջին հերթին դրսևորվում է տեղական մակարդակում

Կոնգրեսի նախագահ Գուն Մարիտ Հելգեսենը նշում է իշխանության ապակենտրոնացման ուղղությամբ Եվրոպայում արձանագրված առաջընթացը։
The Congress President argued that often the signs of a democracy in trouble appear at the local level first

The Congress President argued that often the signs of a democracy in trouble appear at the local level first

«Այսօր ժողովրդավարությունը ողջ աշխարհում լուրջ մարտահրավերների առջև է կանգնած․ ժողովրդավարական հետընթացը, քաղաքացիների՝ ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքական գործիչների նկատմամբ վստահության նվազումը, պատերազմները, շրջակա միջավայրի վատթարացումը և տնտեսական ճնշումները նպաստում են ժողովրդավարության թուլացմանը», – այսօր՝ Ժողովրդավարության միջազգային օրվան (սեպտեմբերի 15) ընդառաջ, իր հայտարարության մեջ ընդգծել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուն Մարիտ Հելգեսենը։

«Այս բոլոր գործոններն ունեն մեկ կարևոր ընդհանրություն․ ի վերջո, մարդիկ դրանց ազդեցությունն զգում են հենց այն համայնքներում, որտեղ ապրում են։ Տեղական և տարածքային մակարդակներում ընտրված ներկայացուցիչներն առաջնային պատասխանատվություն են կրում տեղական ժողովրդավարության կայունության և կենսունակության համար։ Դա ենթադրում է քաղաքացիների, հատկապես երիտասարդների, ակտիվ ներգրավում տեղական կառավարման գործընթացներում, քաղաքացիների կարիքներին ու ակնկալիքներին արձագանքող լուծումների և արդյունքների ապահովում, ինչպես նաև ժողովրդավարական արժեքներին նվիրվածությամբ անձնական օրինակ ծառայել։

Քանի որ ժողովրդավարության դիմակայունությունը ձևավորվում է տեղական մակարդակում, և ժողովրդավարական հետընթացի առաջին նշանները հաճախ հենց այնտեղ են ի հայտ գալիս», – նշել է Կոնգրեսի նախագահը։

Նա նաև ընդգծեց, որ լավատեսության հիմքեր կան․ վերջին տարիներին ամբողջ Եվրոպայում տեղական ժողովրդավարությունը զգալի առաջընթաց է արձանագրել։ Իշխանության ապակենտրոնացումն ավելի ու ավելի մեծ տեղ է գտնում ազգային օրենսդրության մեջ, տարածքային և վարչական բարեփոխումները նպաստում են տեղական կարողությունների ամրապնդմանը, իսկ քաղաքացիներն ավելի մեծ հնարավորություն են ստանում մասնակցելու տեղական որոշումների կայացմանը։

«Նշելով Ժողովրդավարության միջազգային օրը՝ եկեք հիշենք, որ ժողովրդավարությունը ինքնաբերաբար տրված իրողություն չէ․ այն մշտապես կառուցվում և վերականգնվում է ներքևից վեր՝ քաղաքացիների հետ միասին, և այս աշխատանքը երբեք ավարտված չէ», – եզրափակել է նախագահ Հելգեսենը։

* * *

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը 46 անդամ պետությունների տեղական և տարածքային իշխանությունները ներկայացնող քաղաքական մարմին է, որը պատասխանատու է տեղական ընտրությունների խթանման և մշտադիտարկման համար։


 Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես

 

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page