Նարեկը, Արթուրը և Ռոմանը նստած են մեր դիմաց. նրանց աչքերը փայլում են հպարտությունից ու ուրախությունից։ Իրավագիտության երեք ուսանողների համար սա պարզապես հաղթանակ չէ․ նրանք հաղթել են Հայաստանում առաջին անգամ անցկացված սահմանադրական արդարադատության թեմայով դատախաղի մրցույթում և իրենց փաստարկները ներկայացրել ոչ թե լսարանում, այլ հենց Սահմանադրական դատարանի դատավորների առջև։
Մրցույթը, որը կազմակերպել էր Եվրոպայի խորհուրդը՝ Սահմանադրական դատարանի և Հայաստանի միջազգային իրավունքի միության հետ համատեղ, համախմբել էր երկրի տարբեր իրավաբանական ֆակուլտետների թիմերին։ Հաղթողների համար սա այն պահն էր, երբ սահմանադրական իրավունքը դադարեց լինել պարզապես տեսական գիտելիք։
Նրանց հաղթանակի մասին զրույցը շուտով վերածվեց ավելի լայն քննարկման՝ այն մասին, թե ինչ է նշանակում լինել իրավաբան, պաշտպանել հիմնարար իրավունքները, և որքան էական է իրապես անկախ դատական իշխանությունը ցանկացած ժողովրդավարական պետության համար։
Ինչու որոշեցին մասնակցել դատախաղին
Նրանք մինչ այդ մասնակցել էին այլ դատախաղերի, սակայն սահմանադրական արդարադատության թեմայով դատախաղին հատկապես էին սպասում։
«Թեև սա մեր մասնակցած առաջին դատախաղը չէր, սահմանադրական արդարադատության ոլորտում այն առաջինն էր, և մենք անհամբեր սպասում էինք այս հնարավորությանը», — ասում է Արթուրը։ Հայաստանում դատախաղեր անցկացվել են միջազգային իրավունքի, արբիտրաժի, քրեական և քաղաքացիական իրավունքի թեմաներով, սակայն մինչ այժմ՝ երբեք այն ոլորտում, որը նրանց համար առանձնահատուկ նշանակություն ուներ։
«Դատախաղերը միայն իրավունք չեն սովորեցնում», — ասում է Նարեկը։ «Դրանք պատրաստում են դատարանի իրական միջավայրին․ ինչպես կառուցել համոզիչ փաստարկ, ինչպես վստահ ներկայանալ դատավորի առջև, անգամ ինչպես ճիշտ շնչել և հանդես գալ ճնշման տակ»։
Սահմանադրական արդարադատության մասին խոսելիս Նարեկն ընդգծում է․ «Այստեղ պատասխանատվությունն ավելի մեծ է։ Որպես իրավունքի գերակայության հիմնական երաշխիք՝ սահմանադրական արդարադատությունը առանցքային դեր ունի հասարակության մեջ։ Դրա հիմնական առաքելությունն է ամրապնդել հանրային վստահությունը պետական հաստատությունների նկատմամբ՝ ապահովելով, որ քաղաքացիները իրենց պաշտպանված զգան և վստահ լինեն, որ իրենց հիմնարար իրավունքները չեն խախտվի։ Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից այն մեր իրավական համակարգի ամենակարևոր մեխանիզմներից մեկն է»։
Այդ սկզբնական հետաքրքրասիրությունը, սակայն, մրցույթի սկսվելուն պես արագ վերածվեց պատասխանատվության խոր զգացողության։
«Թեև սա դատավարության մոդելավորում է, զգացողությունը շատ իրական է», - ասում է Արթուրը։ «Սա մեր առաջին շփումն էր Սահմանադրական դատարանի հետ, և այն մեզ տվեց գործնական փորձ, որը մենք վստահաբար կկիրառենք մեր ապագա իրավաբանական գործունեության ընթացքում»։
Երկու կողմի դիրքերից
Հանձնարարված գործն ամենևին էլ պարզ չէր։ «Գործի ընդունելիության հարցն անգամ տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տալիս», — ասում է Նարեկը։
Իրենց փաստարկները կառուցելու համար թիմն աշխատել էր իրական իրավական նյութերի հետ, ինչպիսիք են՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները, Վենետիկի հանձնաժողովի կարծիքները և հենց Սահմանադրական դատարանի որոշումները։
«Վերլուծելով Սահմանադրական դատարանի դիրքորոշումները ու դրանց տրամաբանությունը՝ կարողացանք փաստարկներ կառուցել իրական դատական պրակտիկայի հիման վրա», — ավելացնում է Ռոմանը։
Հետո մրցույթն ունեցավ իր գլխավոր շրջադարձը։ Մի փուլում ուսանողները պաշտպանում էին դիմողին, իսկ հաջորդում արդեն պետք է ներկայացնեին Ազգային ժողովի դիրքորոշումը և պաշտպանեին այն։
Արդյո՞ք տարօրինակ էր նույն գործի երկու կողմերը ներկայացնելը։
«Բոլորովին», — պատասխանում են նրանք։ «Սա երկակի չափանիշների մասին չէ։ Դատավարության մրցակցային բնույթը՝ անկախ դատական իշխանության հետ մեկտեղ, հենց այն է, ինչի շնորհիվ իրավունքը դառնում է գործող մեխանիզմ։ Յուրաքանչյուր կողմ պետք է մանրակրկիտ պատրաստված լինի, որպեսզի իրավունքները պատշաճ կերպով պաշտպանվեն»։
«Սահմանադրական դատարանի դատավորների առջև կանգնելը արդեն իսկ եզակի և անմոռանալի փորձառություն է», — միաձայն ասում են նրանք։
Սակայն սեփական ուժերի հանդեպ վստահությունը միանգամից ձեռք չի բերվում․ այն ձևավորվում է փորձի և կրկնության արդյունքում։
«Երրորդ ելույթից հետո կարծես ինչ-որ բան փոխվում է», — շարունակում են նրանք։ «Արդեն ավելի վստահ ես քեզ զգում։ Սկսում ես հասկանալ՝ ինչ հարցեր կարող են տալ դատավորները, և սովորում ես չկորցնել ինքնատիրապետումը այդ լարվածության պայմաններում»։
Դատավորներն էլ իրենց հերթին սուր և անսպասելի հարցերով փորձության ենթարկեցին ուսանողներին։ «Նրանք պարզապես չէին ստուգում, թե որքանով ենք տիրապետում դասագրքային տեսությանը», — հիշում է թիմը։ «Նրանք մեզ տեղափոխեցին գործնական իրավական պրակտիկայի դաշտ՝ հարցերով, որոնք պահանջում էին բացարձակ ճշգրտություն»։
Երկու ելույթ ունեցողներից բացի, թիմում կար նաև երրորդ՝ ոչ պակաս կարևոր դեր։ Թե՛ Արթուրը, թե՛ Նարեկը առանձնահատուկ գնահատանքով են խոսում իրենց թիմակցի՝ Ռոմանի ներդրման մասին, ով ստանձնել էր հետազոտական աշխատանքի հիմնական պատասխանատվությունը․ ուսումնասիրում էր դատական պրակտիկան, լսումների ընթացքում ուշադիր հետևում հակառակորդ թիմերին և դատավորների հարցերին, ապա գրառումներով օգնում թիմակիցներին հստակեցնել իրենց ելույթները։ «Հասկացա, որ ավելի շատ կօգնեմ իմ թիմին, եթե հետազոտության մեծ մասն ինքս անեմ և գտնեմ անհրաժեշտ նախադեպերը», — ասում է նա։ «Մեր փաստարկների ուժը հենց նյութերի մանրակրկիտ ուսումնասիրության մեջ էր»։
Ամուր հիմքեր
Մեր այն հարցին, թե արդյոք այս ակադեմիական մոդելավորումները գործնականում պատրաստում են ուսանողներին առօրյա կյանքի բարդություններին, թիմակիցները պատասխանում են․
«Դա իրական կյանքից չի տարբերվում, որովհետև մեր աշխատանքը լիովին իրական էր», — բացատրում է Նարեկը։ «Մենք չէինք աշխատում հորինված իրավիճակների հետ։ Մենք խորանում էինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների մեջ։ Երբ աշխատում ես նման փաստաթղթերի հետ, ստացած գիտելիքդ իրական արժեք է ունենում»։
«Եթե մի օր մեր սեղանին հայտնվի արտահայտվելու ազատության վերաբերյալ բարդ գործ կամ սահմանադրական գանգատ», — ավելացնում է Արթուրը, — «մենք չենք սկսի զրոյից։ Այս փորձի շնորհիվ արդեն կունենանք որոշ պատասխաններ»։
Ապագայի ուղին
Այս հաղթանակը նրանց օգնեց ավելի հստակ պատկերացնել իրենց մասնագիտական ապագան։
«Այս փորձառությունը վերջնականապես ամրապնդեց իմ մտադրությունը՝ մի օր անպայման դառնալ Սահմանադրական դատարանի դատավոր», — կիսվում է Նարեկը։
Դատախաղը ևս մեկ անգամ հաստատեց Արթուրի հետաքրքրությունը իրավագիտության ոլորտում գիտական և հետազոտական աշխատանքի նկատմամ: Նա նախատեսում է կրթությունը շարունակել արտերկրում՝ նպատակ ունենալով միջազգային իրավական փորձառությունը հետ բերել Հայաստան։ Ռոմանն իր հերթին արդեն ընդունվել է իրավագիտության մագիստրոսական ծրագիր և շարունակում է իր մասնագիտական աճի ճանապարհը։
Ուսանողներին, ովքեր դեռ մտածում են՝ մասնակցե՞լ դատախաղի, թե՞ ոչ, նրանք միաձայն խորհուրդ են տալիս․ «Մի ասեք՝ չեք մասնակցի, որովհետև դժվար է։ Հենց դժվարություններն են ձևավորում իրական իրավաբաններին։ Միայն դիպլոմը քեզ իրավաբան չի դարձնում․ փորձառությունն է դարձնում»։
Ժողովրդավարության պաշտպանությունը բարդ ժամանակներում
Երեք հաղթողների համար սահմանադրական արդարադատության նշանակությունը գավաթով չի սահմանափակվում։
Զրույցն արագ անձնական հարցերից անցավ ավելի համընդհանուր թեմայի։ Մի ժամանակաշրջանում, երբ ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությունը աշխարհում լուրջ մարտահրավերների են բախվում, արդյո՞ք այսօր իրավաբան լինելն ավելի դժվար է, քան քսան տարի առաջ։
«Այսօր ժողովրդավարությունը հաճախ ավելի շատ ձևական, քան բովանդակային է ընկալվում», — նկատում է Նարեկը։ «Շատ վայրերում ուժեղ ժողովրդավարական մշակույթը դեռ բացակայում է։ Ժողովրդավարությունը՝ առանց սահմանների, կարող է վերածվել անարխիայի, ուստի այն պետք է ձեռք ձեռքի տված ընթանա իրավունքի գերակայության հետ։ Նպատակը ոչ թե կատարյալ ժողովրդավարությունն է, այլ գործող ժողովրդավարությունը՝ կառուցված դատարանների նկատմամբ հանրային վստահության վրա»։
Երեքն էլ ընդգծում են, որ ուժեղ ժողովրդավարությունը չի կարող կայանալ առանց անկախ դատական իշխանության, որն ունակ է հավասարակշռել իշխանության մյուս՝ գործադիր և օրենսդիր ճյուղերը, և դատարանների նկատմամբ հանրային վստահության, որը ձևավորվում է, երբ մարդիկ տեսնում են, որ իրենց իրավունքները գործնականում պաշտպանվում են։ Այս առումով իրավաբանի մասնագիտությունն այսօր խոր հասարակական նշանակություն ունի։
Նրանք նույնքան իրատեսորեն են նայում նաև իրենց մասնագիտությանը։
«Երբ խնդիր է առաջանում, մարդիկ դիմում են իրավաբանի, բայց երբեմն իրավաբաններն օգտագործում են չափազանց բարդ տերմինաբանություն։ Մարդը հեռանում է՝ ոչինչ չհասկանալով», — նշում են նրանք։ Այս բացը հաղթահարելու համար, նրանց համոզմամբ, իրավաբանական խոսքը պետք է ավելի հասանելի լինի մարդկանց համար։
«Դրա համար մենք պետք է հասկանանք՝ ինչպես են մարդիկ մտածում, և ինչպես կարելի է իրավական գաղափարները պարզ ու հստակ հաղորդել»։ Նրանք պատկերացնում են ապագա, որտեղ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կարևոր որոշումները չեն մնում արխիվներում, այլ դառնում են քննարկման նյութ լսարաններում և հասկանալի ձևով ներկայացվում հանրությանը։
«Իրավաբանի աշխատանքը նույնքան կարևոր է, որքան բժշկի աշխատանքը», — խորհում է Արթուրը։ «Բժիշկը փրկում է մարդու կյանքը, իրավաբանը պաշտպանում է այն իրավունքները, որոնց շնորհիվ այդ կյանքն արժե ապրել»։
Ճանապարհը շարունակվում է
Դատախաղը դատավարության մոդելավորում էր, բայց այս երեք ուսանողների համար այն բացեց մասնագիտական ճանապարհի կարևոր մի էջ։ Դատախաղից նրանք իրենց հետ տանում են ոչ միայն վկայական։ Այս փորձառությունը նրանց մեջ ամրապնդեց այն համոզումը, որ արդարադատության ապագան կախված է ոչ միայն իրավունքի կանոնները լավ իմանալուց, այլև դրանք պաշտպանելու համարձակությունից։ Այդ ապագան հենվում է արդարադատության կենդանի մշակույթի վրա, որն առաջ են տանում մարդիկ, որոնց համար արդարությունը կարևոր արժեք է։
Դատախաղի մրցույթը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն սահմանադրական արդարադատության զարգացմանը Հայաստանում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան» և «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրերի շրջանակներում։





