Back Մահապատժի դեմ պայքարի եվրոպական և համաշխարհային օր․ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի համատեղ հայտարարությունը

Աշխարհում գրանցված մահապատիժների թիվը 2024 թվականի համեմատ աճել է 78%-ով
Մահապատժի դեմ պայքարի եվրոպական և համաշխարհային օր․ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի համատեղ հայտարարությունը

Մահապատժի դեմ պայքարի եվրոպական և համաշխարհային օրվա կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հայտարարությունը, 2026 թվականի հոկտեմբերի 10

 Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը միանշանակ դեմ են մահապատժին՝ բոլոր դեպքերում և բոլոր հանգամանքներում։

Անցած տարվա ընթացքում շարունակվել է մահապատժի համընդհանուր վերացմանն ուղղված առաջընթացը։ 2026 թվականի օգոստոսին Լիբանանը վերացրել է մահապատիժը։ Գամբիան և Վիետնամը կրճատել են մահապատժով պատժվող հանցագործությունների շրջանակը, իսկ Սիեռա Լեոնեն վավերացրել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի երկրորդ կամընտիր արձանագրությունը՝ բացառելով մահապատժի իրականացումն այդ արձանագրության մասնակից պետության իրավազորության ներքո։ Կամբոջան, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը և Չադը նույնպես քայլեր են ձեռնարկել արձանագրությունը վավերացնելու ուղղությամբ։ Այս օրինակները հիշեցնում են, որ փոփոխությունը միշտ հնարավոր է։

Հայտնի է, որ 2025 թվականին մահապատիժ է իրականացվել ընդամենը 17 երկրում, սակայն մահապատիժների թվի կտրուկ աճը մտահոգիչ է։ Գրանցված մահապատիժների թիվը 2024 թվականի համեմատ աճել է 78%-ով։ Դրանց մեծ մասն իրականացվել է Իրանում, սակայն զգալի աճ է գրանցվել նաև Եգիպտոսում, Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում, Սինգապուրում և Եմենում։ Մահապատիժները շարունակվել են նաև Միացյալ Նահանգներում։ Չինաստանում իրականացված մահապատիժները պետական գաղտնիության պատճառով արտացոլված չեն համաշխարհային վիճակագրության մեջ, թեև գնահատվում է, որ անցյալ տարի այդ երկրում մահապատժի են ենթարկվել հազարավոր մարդիկ։ Բելառուսը շարունակում է մնալ Եվրոպայի միակ երկիրը, որտեղ կիրառվում է մահապատիժը։

Հատկապես մտահոգիչ է նաև թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար մահապատժի շարունակական կիրառումը։ Միջազգային մարդու իրավունքի համաձայն՝ մահապատիժը կարող է կիրառվել միայն առավել ծանր հանցագործությունների համար, որոնք բնութագրվում են ծայրահեղ ծանրությամբ և ներառում են դիտավորյալ սպանություն։ Թմրանյութերի արտադրության և ապօրինի շրջանառության համար մահապատժի կիրառումը չի համապատասխանում այս չափանիշին և արդյունավետ միջոց չէ։ Ապացույցները ցույց են տալիս, որ այն հանցագործությունները չի կանխում ավելի արդյունավետ, քան պատժի այլ տեսակները։ Մահապատիժը նաև վերացնում է վերականգնման ցանկացած հույս և միշտ պարունակում է արդարադատության անդառնալի սխալների վտանգ։

Մահապատժի դեմ պայքարի եվրոպական և համաշխարհային այս օրվա կապակցությամբ Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը կոչ են անում մահապատիժը պահպանող բոլոր պետություններին անհապաղ սահմանել մահապատիժների իրականացման մորատորիում՝ որպես մահապատժի վերացմանն ուղղված առաջին քայլ։ Մորատորիումին պետք է հաջորդեն արդեն կայացված մահապատժի դատավճիռների փոխարինումը ավելի մեղմ պատժատեսակներով և միջազգային մարդու իրավունքների իրավունքի ու չափանիշների լիարժեք պահպանումը՝ մինչև մահապատժի ամբողջական վերացումը։

Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը վճռականորեն շարունակում են ընդդիմանալ մահապատիժը վերականգնելու կամ դրա կիրառման շրջանակն ընդլայնելու ցանկացած փորձի, այդ թվում՝ Եվրոպայում։ Միջազգային գործընկերների, քաղաքացիական հասարակության և իրավաբանների հետ միասին մենք կշարունակենք խթանել մարդու իրավունքների և իրավունքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական քննարկումները՝ նպատակ ունենալով հասնել մահապատժի համընդհանուր վերացմանը։ Այս առումով Ֆրանսիայում վերջերս կայացած՝ Մահապատժի դեմ պայքարի համաշխարհային համագումարը ցույց տվեց դատական համակարգի վճռորոշ դերը մահապատժի վերացման գործում, ինչպես նաև երիտասարդների ներգրավման կարևորությունը։ Մենք ողջունում ենք Մարոկկոյի որոշումը՝ 2029 թվականին հյուրընկալելու համաշխարհային 10-րդ համագումարը։

Մահապատիժը, ներառյալ մահապատժի իրականացմանը նախորդող գործընթացը, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի ձև է։ Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին որդեգրել վերականգնողական արդարադատության մոտեցումը և միանալ մահապատիժը մերժող համաշխարհային շարժմանը, որն անընդհատ ընդլայնվում է։


 Նախարարների կոմիտեի որոշումը մահապատժի վերաբերյալ

 Գլխավոր քարտուղար Ալեն Բերսե

 Եվրոպայի խորհուրդ և Եվրոպական միություն

 

 
ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page