Back Փախստական կանանց զորեղացմանն ուղղված ջանքերը Հայաստանում

Փախստական կանանց զորեղացմանն ուղղված ջանքերը Հայաստանում

2024 թ.-ի ապրիլից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ և ֆինանսավորմամբ, չորս տեղական քաղաքացիական հասարակական կազմակերպություններ (ՔՀԿ) հաջողությամբ իրականացրել են ծրագրեր՝ ուղղված փախստական կանանց սոցիալական և տնտեսական հզորացմանը, գենդերային բռնության կանխարգելմանը և գենդերային հավասարության ամրապնդմանը։ Այս առաջնահերթությունները ներառված են Եվրոպայի Խորհրդի և Հայաստանի համագործակցության շրջանակներում և բխում են Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ. ծրագրի նպատակներից։

Ներգրավված ՔՀԿ-ներից յուրաքանչյուրը ցուցաբերել է յուրահատուկ մոտեցումներ՝ աջակցելու փախստական կանանց և աղջիկներին․

  • Դիզակ Արտը կազմակերպել է վարպետաց դասեր, որոնց մասնակցել են 265 կանայք, այդ թվում՝ փախստականներ, ովքեր զբաղվում են ձեռներեցությամբ՝ նրանց համար ձևավորելով կապեր և համագործակցության հնարավորություններ տեղական գործարարների հետ։

  • Ընտանիք առանց բռնության հասարակական կազմակերպությունը (ՀԿ) աջակցել է Լոռու մարզի 115 կանանց և աղջիկներին՝ օգնելով հաղթահարել տրավման և ապահովելով համայնքում ակտիվ ներգրավվածություն՝ իրազեկման արշավների, արվեստի թերապիայի և խորհրդատվության միջոցով։

  • Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ն աջակցել է Գեղարքունիքի մարզի 141 կանանց՝ տրամադրելով մասնագիտական ուսուցում և արվեստի միջոցով թերապիա։

  • Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ն Կոտայքի մարզում իրականացրել է վերապատրաստման դասընթացներ 16 կանանց համար՝ տրամադրելով մասնագիտական հմտություններ՝ ուղղված տնտեսական անկախության խթանմանը, ներառյալ համակարգչային գրագիտության ուսուցում։

Այս նախաձեռնությունները հնարավորություն են ստեղծել փախստական և տեղացի կանանց համար՝ կապ հաստատելու, փորձով և պատմություններով կիսվելու և ամենօրյա դժվարությունների հաղթահարման գործում միասին աշխատելու։

Վանաձորի ծրագրի մասնակիցներից մեկը ընդգծել է նման նախաձեռնությունների կարևորությունը՝ նշելով. «Հանդիպեցինք արվեստի թերապիայի ընթացքում, և այժմ օգնում ենք միմյանց առօրյա խնդիրների հաղթահարման հարցում։ Հաճելի է լինել համայնքի մաս և ունենալ ծանոթություններ, որոնք կարող են նոր հնարավորություններ ստեղծել»։

ՔՀԿ-ների այս համատեղ ջանքերը ցույց են տալիս համայնքային համագործակցության ուժը՝ կառուցելու ավելի ներառական և կայուն համայնքներ Հայաստանում։

Ծրագրերն իրականացվել են Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։


 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page