Back Եվրոպայի խորհուրդը մեկնարկում է «Երեխաների պաշտպանություն սեռական շահագործումից և սեռական բռնությունց» ՀԵԼՓ առցանց դասընթացի հայերեն տարբերակը

Եվրոպայի խորհուրդը մեկնարկում է «Երեխաների պաշտպանություն սեռական շահագործումից և սեռական բռնությունց» ՀԵԼՓ առցանց դասընթացի հայերեն տարբերակը

Երեխաների սեռական շահագործումն ու բռնությունը շարունակում են լուրջ խնդիր մնալ բոլոր պետություններում՝ զոհերին խոր և երկարատև վնաս պատճառելով։ Այս խնդիրների հաղթահարումն առանձնահատուկ դժվար է հանցագործության թաքնված բնույթի և երեխաների բարձր խոցելիության պատճառով։

Այս մարտահրավերին Հայաստանի արձագանքը հզորացնելու նպատակով Եվրոպայի խորհուրդը պաշտոնապես մեկնարկեց «Երեխաների պաշտպանություն սեռական շահագործումից և սեռական բռնությունց» նոր ՀԵԼՓ դասընթացը։

Հայկական համատեքստին հարմարեցված այս նոր առցանց դասընթացը արդյունավետ կրթական գործիք է իրավաբանների և այլ շահագրգիռ կողմերի համար: Դասընթացը խորացնում է նրանց գիտելիքները այս հանցագործությունների բնույթի, համապատասխան կանխարգելիչ միջոցառումների և գործողությունները կարգավորող միջազգային չափանիշների վերաբերյալ։ Դասընթացի հիմնական թեմաները դիտարկվում են Եվրոպայի խորհրդի «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Լանցարոտեի կոնվենցիա) շրջանակում և ներկայացվում են տարբեր անդամ պետություններում կիրառվող արդյունավետ գործելաոճերը։

Դասընթացի մեկնարկի միջոցառմանը, որը տեղի ունեցավ 2025 թվականի օգոստոսի 19-ին Երևանում, մասնակցում էին երեխաների հետ և երեխաների համար աշխատող ավելի քան 20 մասնագետ, այդ թվում՝ տարբեր նախարարություններից քաղաքացիական ծառայողներ, իրավապահ մարմինների աշխատակիցներ, փաստաբաններ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Երեխաների իրավունքների ստորաբաժանման և Արդարադատության և մարդու իրավունքների վերապատրաստման ստորաբաժանման ներկայացուցիչներ: Լանցարոտեի կոմիտեի նախագահ տիկին Մարիա Խոսե Կաստելո-Բրանկոն նույնպես մասնակցել և հանդես է եկել հիմնական ելույթով:

Իր բացման խոսքում Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն շնորհավորեց ՀԵԼՓ դասընթացին գրանցված մասնակիցների առաջին խմբին։ Նա ընդգծեց, որ Հայաստանը կարևոր քայլ է կատարել՝ վավերացնելով Եվրոպայի խորհրդի «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը երեխաներին սեռական շահագործումից և բռնությունից պաշտպանելուն միտված հիմնական միջազգային պայմանագիրն է։ «Այնուամենայնիվ, դեռ շատ աշխատանք կա անելու կոնվենցիայի պահանջների լիարժեք իրականացման առումով։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել Հայաստանին գիտելիքների ամրապնդման, իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև երեխաներին պաշտպանելու և նրանց իրավունքների խթանելուն ուղղված արդյունավետ գործելակերպի առաջմղման գործում», - ընդգծեց նա։

«Այս կոնվենցիան այսօր միակ միջազգային պայմանագիրն է, որը բացառապես կարգավորում է սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության հարցեր և անդամ պետություններից պահանջում է գործել կանխարգելման, պաշտպանության, քրեական հետապնդման և համագործակցության շրջանակներում», - ընդգծեց Լանցարոտեի կոմիտեի նախագահ Մարիա-Խոսե Կաստելո Բրանկոն: «Հայաստանն արդեն իսկ գրանցել է կարևոր առաջընթաց, բայց յուրաքանչյուր երկրի նման, բարելավման տեղ դեռ կա, և այս դասընթացը կարող է արժեքավոր գործիք լինել ընդհանուր ջանքերին աջակցելու համար», - հավելեց նա:

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ․ ծրագրի ներքո իրականացվող «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակում։

 

Նշում: Իրավաբանական մասնագետների համար մարդու իրավունքների կրթության եվրոպական ծրագիրը՝ HELP-ը, աջակցում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իրականացման գործում: Դրա հիմնական նպատակն է բարձրացնել դատավորների, փաստաբանների և դատախազների կարողությունները Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր 46 պետություններում և դրանից դուրս՝ մարդու իրավունքների եվրոպական չափանիշներն իրենց ամենօրյա աշխատանքում կիրառելու համար:

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 19 ՕԳՈՍՏՈՍԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page