Մայիսի 22-ին և 23-ին Եվրոպայի խորհուրդը Երևանում անցկացրեց համաժողով՝ նվիրված Հայաստանում երեխաների պաշտպանության առաջխաղացմանը, մասնավորապես՝ հետճգնաժամային իրավիճակներում։ «Երեխաների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» խորագրով համաժողովը համախմբել էր ավելի քան 80 պետական պաշտոնյայի, երեխաների իրավունքների ոլորտի փորձագետի և մասնագետի՝ քննարկելու եվրոպական չափանիշներն ու գնահատելու երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող ընթացիկ ջանքերը։
Ճգնաժամային իրավիճակներում և դրանց հաջորդող փուլերում երեխաները ամենախոցելի խմբերի թվում են։ Նրանք բախվում են բազմաբնույթ մարտահրավերների, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են համակարգված գործողություններ ազգային իշխանությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների կողմից։
Համաժողովը ծառայեց որպես երկխոսության և համագործակցության հարթակ՝ ընդգծելով երեխաների պաշտպանության ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացը և նշելով այն ուղղությունները, որոնք հետագա բարելավման կարիք ունեն։
Թեմատիկ պանելային քննարկումներն ընդգրկում էին մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝ միգրացիայի մեջ գտնվող առանց ուղեկցության անչափահասների խնամակալության համակարգերը և երեխաների հետ աշխատող հայ մասնագետների հոգեսոցիալական աջակցության կարողությունների ամրապնդումը։ Մասնակիցները քննարկեցին նաև ազգային համակարգերի հետագա ամրապնդման հնարավոր ուղիները՝ հետկոնֆլիկտային և արտակարգ իրավիճակներում երեխաների կարիքներին առավել արդյունավետ արձագանքելու նպատակով։
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:
«Ցավոք, հակամարտություններն ու ճգնաժամերը խորապես ազդում են երեխաների վրա՝ հանգեցնելով երկարատև ֆիզիկական, հուզական և սոցիալական մարտահրավերների: Եվրոպայի խորհուրդն աջակցում է անդամ պետություններին ճգնաժամային իրավիճակներում, այդ թվում՝ միգրացիայում գտնվող երեխաների համար մարդու իրավունքների չափորոշիչների մշակման և խթանման, ինչպես նաև նման իրավիճակներին հարմարվողական երեխաների պաշտպանության հուսալի համակարգերի ստեղծման գործում: Եվրոպայի խորհրդի Երեխայի իրավունքների 2022-2027 թվականների ռազմավարությունն ընդգծում է ազգային օրենսդրության և գործնական մեխանիզմների ամրապնդման կարևորությունը՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու համար: Բացի այդ, միգրացիայի համատեքստում արդյունավետ խնամակալության վերաբերյալ Նախարարների կոմիտեի hանձնարարականի կատարումը կարևոր դեր է խաղում այս ջանքերի ամրապնդման գործում», - ընդգծեց պարոն Լոնգանգեն։
Համաժողովի նպատակների և ակնկալվող արդյունքների մասին իր ելույթում նշեց Եվրոպայի խորհրդի Երեխաների իրավունքների հարցերով Համագործակցության և կարողությունների զարգացման ստորաբաժանման ղեկավար Զարուհի Գասպարյանը, որին հաջորդեց Երեխաների իրավունքների հարցերով ղեկավար կոմիտեի (CDENF) անդամ Պանայոտա Մարգարոնիի հիմնական զեկույցը՝ արտակարգ և հետճգնաժամային իրավիճակներում երեխաների պաշտպանության թեմայով։
Համաժողովը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ․ ծրագրի ներքո իրականացվող «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակում։





