Back Եվրոպայի խորհուրդը և Microsoft-ը ստորագրել են համագործակցության շրջանակային համաձայնագիր՝ արհեստական բանականության դարաշրջանում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն աջակցելու նպատակով

Եվրոպայի խորհրդի և Microsoft-ի միջև համագործակցության նոր շրջանակը ձևավորվում է այնպիսի ժամանակաշրջանում, երբ արհեստական բանականության արագ զարգացումը մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության համար ստեղծում է ինչպես նշանակալի հնարավորություններ, այնպես էլ նոր մարտահրավերներ։
Alain Berset and Brad Smith

Alain Berset and Brad Smith

Եվրոպայի խորհուրդը և Microsoft-ը ստորագրել են համաձայնագիր, որով սահմանվում է համագործակցության շրջանակ՝ պատասխանատու և ներառական տեխնոլոգիական զարգացման ու նորարարության միջոցով մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության խթանման, ինչպես նաև թվային միջավայրում, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում, առկա մարտահրավերների հասցեագրման նպատակով։

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն և Microsoft-ի փոխնախագահ և նախագահ Բրեդ Սմիթն այսօր Եվրոպայի խորհրդի՝ Ստրասբուրգում գտնվող կենտրոնակայանում ստորագրել են փոխըմբռնման հուշագիրը, որով սահմանվում է համագործակցության շրջանակային համաձայնագիրը։

Գլխավոր քարտուղար Բերսենը նշել է․ «Միջազգային իրավունքի անտեսումը հանգեցրել է աշխարհակարգի խաթարմանը։ ԱԲ-ն ի հայտ է գալիս այդ խաթարման պայմաններում, երբ ընդհանուր կանոնների փոխարեն ուժն է դառնում գերիշխող։ Որևէ այլ տեխնոլոգիա երբևէ այս կանոնների կարիքն այդքան չի ունեցել, քանի որ ԱԲ-ն զարգանում է ավելի արագ, քան մեր ժողովրդավարական երաշխիքները։ Մարտահրավերներին դիմակայելու համար բիզնեսի հետ համագործակցությունը պետք է առաջնահերթություն լինի։ Microsoft-ի նման գործընկերների հետ Եվրոպայի խորհուրդը կարող է այս փոխակերպումը դարձնել պատասխանատու»։

«ԱԲ-ն ստեղծում է բացառիկ հնարավորություններ, սակայն դրա հաջողությունը, ի վերջո, գնահատվելու է նրանով, թե որքանով է այն ծառայում մարդկանց»,— նշել է Microsoft-ի փոխնախագահ և նախագահ Բրեդ Սմիթը։ «Եվրոպայի խորհրդի հետ մեր գործընկերությունն այս սկզբունքը գործնականում կյանքի կոչելու հնարավորություն է տալիս՝ նպաստելով, որպեսզի նորարարությունը շարունակի հիմնված լինել մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության վրա»։

Համաձայնագիրը սահմանում է շրջանակ, որի ներքո Եվրոպայի խորհուրդը և Microsoft-ը կարող են ուսումնասիրել համագործակցության տարբեր ուղղություններ՝ փոխադարձ համաձայնության հիման վրա և իրենց համապատասխան մանդատների ու փորձագիտական ոլորտների շրջանակում։ Դրանք կարող են ներառել երկխոսության ծավալում, մասնավորապես՝ Ստրասբուրգում Microsoft-ի Բաց նորարարությունների կենտրոնի միջոցով, պատասխանատու և ներառական տեխնոլոգիական զարգացման վերաբերյալ գիտելիքների ու լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև լեզվական և մշակութային բազմազանության խթանմանն ուղղված նախաձեռնությունների, այդ թվում՝ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների աջակցության իրականացում։

Փոխըմբռնման հուշագիրը հետագայում կզարգացնի Եվրոպայի խորհրդի և Microsoft-ի համագործակցությունը այնպիսի նախագծերի շրջանակում, ինչպիսին է Ուկրաինայի համար վնասի գրանցամատյանը (Register of Damage for Ukraine)։ Microsoft-ի AI for Good Lab-ն արդեն աջակցում է այս նախաձեռնությանը՝ արհեստական բանականության և արբանյակային վերլուծության կիրառմամբ վնասների գնահատման գործում։

Նախկին համագործակցությունը հատկապես սերտ է եղել կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում։ Microsoft-ը աջակցել է Եվրոպայի խորհրդի Կիբերհանցագործությունների մասին Բուդապեշտի կոնվենցիային՝ Եվրոպայի խորհրդի Կիբերհանցագործությունների դեմ պայքարի գլոբալ ծրագրի շրջանակում, ինչպես նաև Cybercrime Octopus նախագծին, որի նպատակն է օգնել երկրներին իրականացնել Կոնվենցիայի դրույթները և ամրապնդել տվյալների պաշտպանության ու իրավունքի գերակայության երաշխիքները։

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page