Back Կոչ Հայաստանի տեղական իշխանություններին առաջարկել փոփոխություններ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում

Կոչ Հայաստանի տեղական իշխանություններին առաջարկել փոփոխություններ «Տեղական տուրքերի  և վճարների մասին» օրենքում

Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմիններին անհրաժեշտ է ունենալ սեփական ֆինանսական ռեսուրսներ, որոնց մի մասը պետք է առաջանա տեղական տուրքերի և վճարների հավաքագրումից՝ համաձայն Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի 9-րդ հոդվածի: «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի վերանայմանը նախապատրաստվելիս տեղական ինքնակառավարման շահագրգիռ կողմերը մասնակցեցին Երևանում և առցանց Համայնքային խորհրդակցական 9-րդ հանդիպմանը՝ քննարկելու օրենսդրության բարելավման առաջնահերթ ոլորտները, որոնք կօգնեն տեղական իշխանություններին զարգացնել ավելի ընդարձակ ֆինանսական ինքնավարություն:

Հանդիպմանը նախապատրաստվելիս իրականացվել էր լայնածավալ հարցում 71 համայնքապետարանների շրջանում, որի արդյունքում քննարկման են ներկայացվել 37 հարցեր և առաջարկություններ: Հարցերը վերաբերում էին բազմաթիվ խնդիրներին` սկսած ճանապարհաշինարարական աշխատանքներին առնչվող գործնական մարտահրավերներից կամ արևային ֆոտովոլտային վահանակների տեղադրումից մինչև անասնաբուժական հիմնական ծառայությունների համար տուրքերը չվճարելու դիմաց հարկադիր միջոցառումների կիրառմանը և համապատասխանության ստուգմանը:

Մասնակիցները նախազգուշացնում էին չափից ավելի լայն ծավալի կանոնակարգման հետ կապված ռիսկերի մասին և ընդգծում, որ տեղական ինքնավարությունը խթանելու համար տեղական իշխանություններին պետք է տրվի բավարար հայեցողություն՝ տեղական առանձնահատկություններին համապատասխան ծառայությունների համար վճարներ և փոխհատուցում սահմանելու հարցում: Ներկայացուցիչներից մեկն ընդգծեց բաց և թափանցիկ ընթացակարգերի կարևորությունը տեղական պաշտոնյաների համար բացառությունների տրամադրման հարցում՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով:

Ողջունելով մտքերի փոխանակումը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ՝ պարոն Աշոտ Գիլոյանը, կոչ արեց տեղական իշխանություններին ներկայացնել նոր առաջարկություններ՝ ի նպաստ օրենսդրական փոփոխությունների նախապատրաստմանը:

Սույն թեման կրկին կբարձրաձայնվի «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ II» ծրագրի շրջանակում կազմակերպվող Համայնքային խորհրդակցության հաջորդ հանդիպմանը։ Այս ծրագիրը իրականացվում է  ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի Լավ կառավարման փորձագիտական կենտրոնի  կողմից՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ ծրագրի շրջանակներում, և ֆինանսավորվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից:

Ծրագրի նպատակն է աջակցել տեղական ինքնակառավարման համար եվրոպական չափանիշներին համապատասխան վերանայված օրենսդրության ընդունմանը՝ արտացոլելու Հայաստանի նոր վարչատարածքային քարտեզը, և զարգացնել նոր խոշորացված համայնքների տեղական իշխանությունների կարողությունները՝ ապահովելու, որ նրանք կարողանան ստանձնել նոր իրավասություններ և մատուցել նոր ծառայություններ ապակենտրոնացան ռազմավարության շրջանակում։

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 8 ԱՊՐԻԼԻ 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page