Նպատակ ունենալով լսելի դարձնել երիտասարդների ձայնը առողջապահական ոլորտի քննարկումներում՝ Եվրոպայի խորհուրդը հյուրընկալեց ինտերակտիվ վարպետաց դաս Լոռու մարզում, առողջապահական իրավունքներն առաջնային դարձնելով երիտասարդների համար՝ որպես իրավունքի կրողների ապագա սերունդ:
Առողջության համաշխարհային օրվա և Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիայի (Օվիեդոյի կոնվենցիա) վավերացման միջոցառումների շրջանակներում կազմակերպված այս դասընթացը համախմբեց 12-17 տարեկան 45 դեռահասների ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նորարարական կենտրոնում:
«Երիտասարդները մեր ապագան ձևավորելու հիմնական դերակատարներն են», - նշեց Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանը: «Այս երկօրյա դասընթացի միջոցով մենք փորձում ենք զարգացնել ձեր առողջապահական իրավունքները հասկանալու և այդ իրավունքները վտանգված լինելու ժամանակ բարձրաձայնելու հմտությունները»:
Երկու եռանդուն օրերի ընթացքում մասնակիցները ավելին սովորեցին առողջապահական իրավունքների մասին՝ ներգրավվածության վարժությունների, խմբային քննարկումների և իրական դեպքերի ուսումնասիրությունների միջոցով: Թեմաները ներառում էին տեղեկացված համաձայնություն, բժշկական գաղտնիություն և առողջապահական ոլորտի մասնագետների էթիկական պարտավորություններ՝ Օվիեդոյի կոնվենցիայում ամրագրված հիմնական սկզբունքները, որը կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավական պարտադիր ուժ ունեցող միակ միջազգային փաստաթուղթն է։
Հանդիպման առանցքում էր ինտերակտիվ դասախոսություն-քննարկումը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ՝ նվիրված առողջության պահպանման իրավունքին՝ որպես մարդու հիմնարար իրավունք՝ ընդգծելով առողջ միջավայրի նշանակությունը մարդկանց ֆիզիկական և հոգեկան առողջության համար։ Երիտասարդներին ուղղված ուղերձը հետևյալն էր. «Ձեր իրավունքները հասկանալը դրանց պաշտպանելու առաջին քայլն է, միաժամանակ կարևոր է վստահ լինել, որ մյուսների իրավունքները ևս հարգված »:
«Առաջին անգամ եմ մասնակցում նման դասընթացի, որի ընթացքում ոչ միայն ձեռք բերեցինք յուրահատուկ հմտություններ ու գիտելիքներ, այլ նաև հնարավորություն ունեցանք մեր իրավունքների մասին խոսել», - նշեց մասնակից դեռահասներից մեկը։
Եվրոպայի խորհրդի փորձագետներն օգտագործել են պատմություններ և գործնական վարժություններ, որոնք նպաստեցին ակտիվ քննարկումներին և խորը ներգրավվածությանը:
Արդյունքում երիտասարդ մասնակիցները վերադարձան իրենց համայնքներ՝ առողջապահական իրավունքների վերաբերյալ ավելի տեղեկացված և ոգեշնչված, պատրաստ փոփոխություններ կատարելու և վստահ, որ առողջապահական խնդիրների շուրջ հանրային երկխոսության մեջ իրենց բովանդակալից ներգրավվածությունը կարևոր և անհրաժեշտ է:
Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ III» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակում։





