Back Հայաստան. Եվրոպայի խորհրդի MONEYVAL-ը բարձր է գնահատում նպատակային ֆինանսական պատժամիջոցների ամուր համակարգը և կոչ է անում բարելավել փողերի լվացման գործերով քրեական հետապնդումներն ու հանցավոր ակտիվների վերադարձը

Հայաստան. Եվրոպայի խորհրդի MONEYVAL-ը բարձր է գնահատում նպատակային ֆինանսական պատժամիջոցների ամուր համակարգը և կոչ է անում բարելավել փողերի լվացման գործերով քրեական հետապնդումներն ու հանցավոր ակտիվների վերադարձը

Եվրոպայի խորհրդի փողերի լվացման դեմ պայքարի մարմինը՝ MONEYVAL-ը, այսօր հրապարակել է զեկույց , որում գնահատվում է Հայաստանի կողմից փողերի լվացման (ՓԼ), ահաբեկչության ֆինանսավորման (ԱՖ) և զանգվածային ոչնչացման զենքերի տարածման ֆինանսավորման (ՏՖ) դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև դրանց համապատասխանությունը Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի (FATF) հանձնարարականներին։ Զեկույցում գնահատվում է իրավիճակը 2025 թվականի հոկտեմբերին իրականացված տեղում գնահատման այցի դրությամբ։

Զեկույցում նշվում է, որ զգալի առաջընթաց է գրանցվել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի ընկալման ամրապնդման ուղղությամբ, իսկ այդ ռիսկերին արձագանքելու ազգային քաղաքականություններն ու ռազմավարությունները գնահատվում են բավարար։ Հայաստանի իշխանությունների կողմից բացահայտված փողերի լվացման հիմնական սպառնալիքները բխում են խարդախությունից, յուրացումից, կոռուպցիայից, հարկային հանցագործություններից, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից և կիբերհանցագործություններից։ Միաժամանակ, MONEYVAL-ը կոչ է անում առավել խորքային վերլուծություն իրականացնել արտաքին սպառնալիքների, ահաբեկչության ֆինանսավորման և վիրտուալ ակտիվների հետ կապված ռիսկերի վերաբերյալ։ Զեկույցում նաև նշվում է, որ անհրաժեշտ են հետագա բարելավումներ անշարժ գույքի ոլորտի ռիսկերի գնահատման, ինչպես նաև գործառնական համագործակցության մեխանիզմների ուղղությամբ։

Միջազգային համագործակցության իրավական շրջանակը գնահատվում է ամուր, և Հայաստանը, որպես կանոն, ապահովում է բարձրորակ և ժամանակին աջակցություն՝ ցուցաբերելով նախաձեռնողական մոտեցում օտարերկրյա գործընկերների հետ համագործակցություն հաստատելու հարցում, հատկապես կոռուպցիոն գործերով։ Սակայն այս մոտեցումը համակարգված կերպով չի կիրառվում հարակից նախորդող հանցագործությունների, օրինակ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերում։ Փոխադարձ իրավական օգնության մեխանիզմները որոշ չափով կիրառվում են նաև ակտիվների վերադարձի նպատակով։

Զեկույցում դրական է գնահատվում այն վերահսկողական համակարգը, որը կանխում է հանցագործների և նրանց հետ փոխկապակցված անձանց մուտքը կարգավորվող ֆինանսական համակարգ, ինչպես նաև ֆինանսական վերահսկող մարմնի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի ընկալումը։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր վերջերս կարգավորվող վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցողների և ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի նկատմամբ վերահսկողության ոլորտում։ Նշանակված ոչ ֆինանսական գործունեություն իրականացնող անձանց և մասնագիտությունների նկատմամբ վերահսկողությունը գնահատվել է սահմանափակ արդյունավետ, քանի որ կիրառվել են քիչ թվով պատժամիջոցներ և շտկման միջոցներ, որոնք բավարար զսպող ազդեցություն չեն ունեցել։

Հայաստանի իշխանությունները սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, փակ բաժնետիրական ընկերությունները և որոշ դեպքերում նաև ոչ առևտրային կազմակերպությունները ճանաչել են որպես այն իրավաբանական անձինք, որոնք առավել հաճախ ներգրավված են հանցավոր գործունեության մեջ։ Իրական շահառուների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կիրառվում է բազմակողմ մոտեցում, սակայն անհրաժեշտ է շարունակել աշխատանքները թափանցիկության բարձրացման ուղղությամբ՝ մասնավորապես ավարտին հասցնելով իրական շահառուների գրանցամատյանի ստեղծումը և ապահովելով այնտեղ ներառված տվյալների ճշգրտության ու արդիականության ստուգումը։

Զեկույցում բարձր է գնահատվում Հայաստանի Ֆինանսական հետախուզության կենտրոնի առաջընթացը մարդկային և տեղեկատվական տեխնոլոգիաների ռեսուրսների ընդլայնման, տվյալների լայն հասանելիության ապահովման և իրավապահ մարմիններին տրամադրվող հետախուզական տվյալների բարձր որակի առումով։ Սակայն մասնավոր հատվածի կողմից ներկայացվող կասկածելի գործարքների վերաբերյալ հաղորդումների թե՛ քանակը, թե՛ որակը պետք է բարելավվեն։ MONEYVAL-ը նաև կոչ է անում հետախուզական մարմիններին ավելի մեծ ուշադրություն դարձնել քրեական հետաքննությունների շրջանակում փողերի լվացման բաղադրիչին։

Հայաստանի իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը վերջին տարիներին ենթարկվել է բարեփոխումների, որոնք նպաստել են փողերի լվացման գործերով քննությունների և քրեական հետապնդումների աճին, հատկապես կոռուպցիոն գործերով։ Այնուամենայնիվ, համակարգը շարունակում է հիմնականում հիմնվել նախորդող հանցագործությունների վրա՝ կենտրոնանալով ներքին հանցագործությունների հետ կապված ինքնալվացման դեպքերի վրա։ Փողերի լվացման հանցակազմի սահմանափակ մեկնաբանությունը խոչընդոտում է քրեական հետապնդումների իրականացմանը, իսկ դատավճիռների թիվը շարունակում է մնալ ցածր։

Չնայած հանցավոր ճանապարհով ստացված ակտիվների վերադարձի համար իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ ստեղծելու ուղղությամբ իրականացված զգալի ջանքերին, գույքի կալանավորման և բռնագրավման ոլորտում ձեռք բերված արդյունքները չեն վկայում, որ հանցավոր ակտիվների վերադարձը հանդիսանում է պետական քաղաքականության առաջնահերթ նպատակ։ Թեև քաղաքացիաիրավական բռնագանձման համակարգի ներդրումը զգալիորեն ամրապնդել է ապօրինի ծագում ունեցող ակտիվների բռնագրավման հնարավորությունները, MONEYVAL-ը կոչ է անում համապարփակ վերանայել ակտիվների վերադարձի համակարգը՝ վերականգնման գործընթացի բոլոր փուլերում, ինչպես նաև ուժեղացնել հանցավոր եկամուտների հայտնաբերման, հետագծման, կալանավորման և բռնագրավման կարողություններն ու ռեսուրսները։ Թեև մինչ օրս ահաբեկչության ֆինանսավորման համար քրեական հետապնդումներ կամ դատավճիռներ չեն արձանագրվել, համապատասխան իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը գործում է։ Միաժամանակ, մտահոգություններ կան ահաբեկչության ֆինանսավորման դեպքերի հետևողական բացահայտման առնչությամբ, հատկապես այն իրավիճակներում, երբ միջոցները հավաքագրվում են նախորդող հանցագործությունների միջոցով։ Առկա տեղեկատվությունը բավարար չափով չի օգտագործվում, իսկ մասնավոր հատվածի կողմից ահաբեկչության ֆինանսավորման կասկածների մասին հաղորդումները մնում են սահմանափակ։

Զեկույցում դրական է գնահատվում նաև Հայաստանի կողմից ահաբեկչության և զանգվածային ոչնչացման զենքերի տարածման ֆինանսավորման դեմ ուղղված նպատակային ֆինանսական պատժամիջոցների կիրառման ամուր իրավական շրջանակը և արդյունավետ համակարգման մեխանիզմները, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ ռիսկահենք վերահսկողությունը։

Գնահատման արդյունքներով Հայաստանը ստացել է հիմնական առաջարկվող գործողությունների ճանապարհային քարտեզ, որը պետք է իրականացվի առաջիկա երեք տարիների ընթացքում։ Հաշվի առնելով արդյունավետության և տեխնիկական համապատասխանության գնահատականները՝ Հայաստանը ներառվել է ուժեղացված հետագա վերահսկողության գործընթացում և պարտավորվել է պարբերաբար հաշվետվություն ներկայացնել MONEYVAL-ին կատարված առաջընթացի վերաբերյալ։

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 9 ՀՈՒԼԻՍԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page