Հայաստանը հերթական կարևոր քայլն է ձեռնարկել հաշտարարության մասնագիտության կայացման գործում՝ որպես իր արդարադատության բարեփոխումների հիմնաքար։ 2025թ․ սեպտեմբերի 5-ից 9-ը տասներկու հաշտարարներ անցան ինտենսիվ դասընթաց՝ «Դասընթաց դասընթացավարների համար»։ Այժմ նրանք պատրաստ են վերապատրաստել հաշտարարների հաջորդ սերունդը երկրում։
Այս նախաձեռնությունը հաջորդել է 120 հաշտարարների որակավորման գործընթացին՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2022 թվականի փոփոխություններով սահմանված ընտանեկան իրավունքի վեճերի համար պարտադիր հաշտարարության պահանջները բավարարելու համար։ Ստեղծելով դասընթացավարների խումբ՝ Հայաստանը ապահովում է հաշտարարության երկարաժամկետ կայունությունը և խորացնում է այս պրակտիկայի ներդրումը իր արդարադատության համակարգում։
Դասընթացը համատեղեց տեսական և գործնական գիտելիքները՝ ուժեղացնելով մասնագիտական կարողություններն ու վստահությունը։ Նոր վերապատրաստված դասընթացավարները կնպաստեն հաշտարարական ծառայությունների մատչելիության ընդլայնմանը, դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը, ինչպես նաև արդարադատությունը կդարձնեն ավելի արագ, հասանելի և մարդակենտրոն։
Արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման կենտրոնի տնօրեն Դավիթ Ղարիբյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպայի Խորհրդին աջակցության համար և ընդգծեց այս նախաձեռնության կարևորությունը՝ Հայաստանի հաշտարարության համակարգի ամրապնդման գործում։
Համատեղ ջանքերի շնորհիվ Եվրոպական միությունն ու Եվրոպայի խորհուրդը շարունակում են աջակցել Հայաստանի իշխանություններին արդարադատության համակարգի արդիականացման և մարդակենտրոն արդարադատության խթանման հարցում։
Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում » ծրագրի շրջանակներում։


