Back Հայաստանի ընտրողներին առաջարկվել էր իրական ընտրություն՝ արտաքին ուղղակի ճնշումների և քարոզարշավի անհավասար հնարավորությունների ֆոնին

Հայաստանի ընտրողներին առաջարկվել էր իրական ընտրություն՝ արտաքին ուղղակի ճնշումների և քարոզարշավի անհավասար հնարավորությունների ֆոնին

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները ընտրողներին, լավ կազմակերպված գործընթացի շրջանակում, առաջարկեցին իրական ընտրություն քաղաքական այլընտրանքների միջև, թեև նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվեցին արտաքին ուղղակի ճնշումներ՝ առևտրային սահմանափակումների սրման և անվտանգության սպառնալիքների ձևով, որոնք նպատակ ունեին անարդար կերպով ազդելու ընտրողների վրա՝ ընդդիմության օգտին, - ասվում է այսօր հրապարակված միջազգային դիտորդների նախնական հայտարարության մեջ։

Քարոզարշավը չափազանց առճակատողական էր, ուղեկցվում էր բաժանարար հռետորաբանությամբ և նշանավորվեց ձայների գնման ու այլ ընտրախախտումների վերաբերյալ մեղադրանքներով, որոնք հանգեցրին ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների դեմ բազմաթիվ քրեական վարույթների հարուցմանը, ինչի հետևանքով ընդդիմության բազմաթիվ կողմնակիցներ ձեռնպահ մնացին քարոզարշավին ակտիվ մասնակցությունից։ Սա, ինչպես նաև պետական հատվածի աշխատակիցների վրա իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու ճնշումը և վերջերս ներդրված սոցիալական ու տնտեսական միջոցառումները, մտահոգություններ առաջացրին քարոզչություն իրականացնելու հավասար հնարավորությունների վերաբերյալ, նշվում է հայտարարության մեջ։

«Ընդդիմադիր գործիչների նկատմամբ ձերբակալությունների և քրեական հետապնդումների կենտրոնացված բնույթը նպաստեց ընտրովի արդարադատության ընկալմանը, մինչդեռ բևեռացված մեդիա միջավայրը, բորբոքիչ հռետորաբանությունը, ապատեղեկատվությունը, ինչպես նաև շարունակական արտաքին ճնշումն ու միջամտությունը մարտահրավեր նետեցին Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը և հանրային բանավեճի ամբողջականությանը», — ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Ֆարահ Քարիմին։ «Սա ընդգծում է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, հիմնարար ազատությունների պաշտպանության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հանրային վստահության խթանման ուղղությամբ շարունակական ջանքերի կարևորությունը»։

«Հայաստանի ընտրությունները տեղի ունեցան առանձնապես լարված աշխարհաքաղաքական համատեքստում՝ արտաքին ուղղակի միջամտության պայմաններում», — ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտիեն։ «Մասնավորապես, ռուսական իշխանությունների ճնշումներն ու սպառնալիքները հասան աննախադեպ և մտահոգիչ մակարդակի»։

Գործընթացը կարգավորվում էր վերանայված ընտրական օրենքներով և կանոնակարգերով, որոնք ապահովում են ժողովրդավարական ընտրությունների համար ամուր հիմք։ Վերջին տարիներին կատարված փոփոխությունները հիմնականում իրականացվել են լայն խորհրդակցական գործընթացի միջոցով և նպաստել են իրավական դաշտի բարելավմանը, սակայն որոշ բացեր և անորոշություններ շարունակում են պահպանվել, իսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի մի շարք նախկին առաջարկություններ դեռևս չեն իրականացվել։

«Այս ընտրությունների կարևորությունը, ինչպես նաև քարոզարշավի ընթացքում բևեռացնող հռետորաբանությունը լարված մթնոլորտ ստեղծեցին թե՛ ընտրողների, թե՛ ընտրական մարմինների համար», — ասել է ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Եվրոսիմա Պեյովիչը։ «Ընտրական մարմինները գործեցին ուժեղացված վերահսկողության պայմաններում, մինչդեռ ընտրողները ենթարկվում էին շարունակական քաղաքական ճնշման և ինտենսիվ հանրային բանավեճի։ Ներքին և արտաքին գործոններից բխող լարվածությունը մեծացրեց այս ընտրությունների շուրջ ճնշումը և ազդեց ընտրական վարչարարության որակի հանրային ընկալման վրա՝ ընդգծելով կառուցողական քաղաքական մթնոլորտի խթանման և ընտրական մարմինների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման կարևորությունը»։

Ընտրական վարչակազմը տեխնիկական նախապատրաստական աշխատանքները կազմակերպեց մասնագիտական և արդյունավետ կերպով և վայելում էր շահագրգիռ կողմերի վստահությունը։ Ընտրության օրվա գործընթացները դիտարկված ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունում գնահատվեցին հիմնականում դրական։

«Մենք հանդիպեցինք ընտրատեղամասերի նվիրված անդամների, որոնց մեծ մասը կանայք էին, և որոնք իրենց պարտականությունները կատարում էին պատասխանատվությամբ ու ուշադրությամբ։ Որոշ ընտրողներ չունեին բավարար հիմնական տեղեկություններ իրենց ընտրատեղամասերի և քվեարկության ընթացակարգերի մասին, և Հայաստանի իշխանությունները պետք է դիտարկեն ընտրողների իրազեկման բարելավման ուղղությամբ աշխատանքներ տանելու հնարավորությունը», — ասել է Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելության ղեկավար Նատալի Լուազոն։ «Ընտրությունները հիմնականում խաղաղ էին և առանց միջադեպերի։ Ընտրական գործընթացը հանգիստ և շատ լավ կազմակերպված էր, ընթացակարգերը, կարծես, մանրակրկիտ պահպանվում էին, իսկ հաշվարկից առաջ փոքր անհամապատասխանությունները զգուշորեն ստուգվում էին»։

Առցանց քարոզարշավը լայնածավալ էր, իսկ դրա կարգավորումը՝ սահմանափակ, ինչը նվազեցնում էր թափանցիկությունն ու վերահսկողությունը։ Առցանց քարոզարշավը իրարամերժ և բաժանարար էր։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը արձանագրել է որոշ թեկնածուների կողմից մանիպուլյատիվ, կեղծ և արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության տարածում, ինչպես նաև ոչ իսկական և երրորդ կողմի հաշիվների օգտագործում՝ ընդդիմախոսներին, կառավարությանը և ընտրական գործընթացը վարկաբեկելու նպատակով։ Ընդհանուր առմամբ, իշխանությունները քայլեր ձեռնարկեցին ապատեղեկատվությանը հակազդելու ուղղությամբ, սակայն այդ ջանքերի թափանցիկությունն ու արդյունավետությունը սահմանափակվեցին հանրությանը հասանելի տեղեկատվության պակասով։

Քարոզարշավի ֆինանսավորման կանոնների փոփոխությունները ընդլայնեցին քարոզչական ծախսերի սահմանումը, բարձրացրին նվիրատվությունների և ծախսերի սահմանաչափերը և վերաբաշխեցին վերահսկողական պարտականությունները։ Այնուամենայնիվ, շարունակում են պահպանվել մի շարք բացեր, որոնք սահմանափակում են կուսակցությունների և քարոզարշավների ֆինանսավորման թափանցիկությունը, հաշվետվողականությունն ու ամբողջականությունը։

Չնայած ընտրական վարչակազմում և խորհրդարանում գենդերային քվոտաների առկայությանը, ինչպես նաև գենդերային հավասարակշռված ղեկավար մարմիններ պահպանող կուսակցությունների համար նախատեսված ֆինանսական խթաններին, կանանց մասնակցությունը հանրային և քաղաքական կյանքում շարունակում էր ցածր մնալ։ Կանայք կազմել են թեկնածուների 37.3 տոկոսը։

Մեդիա միջավայրը բազմակարծիք է, սակայն բևեռացված, և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության մեդիա մշտադիտարկումը ցույց է տվել, որ լրատվամիջոցների մեծ մասը օգտագործվել է մասնակիցների կողմից՝ փոխադարձ վիրավորանքներն ու բաժանարար քարոզչական հռետորաբանությունը ուժեղացնելու նպատակով՝ առաջարկելով շատ քիչ բովանդակային վերլուծություն թեկնածուների ծրագրերի վերաբերյալ։ Հանրային հեռուստատեսությունը հստակ կողմնակալություն է ցուցաբերել իշխող կուսակցության օգտին՝ հակառակ իր իրավական պարտավորություններին և հանրային առաքելությանը։ Միևնույն ժամանակ, մի շարք մասնավոր լրատվամիջոցներ կառավարությանը ներկայացրել են բացասական լույսի ներքո և նպաստավոր լուսաբանում ապահովել ընտրված ընդդիմադիր թեկնածուների համար։ Այս ամենը միասին սահմանափակել է ընտրողների՝ տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորությունը։

«Հայաստանի ընտրողներին տրվեց — և նրանք օգտվեցին — իրական ընտրություն կատարելու հնարավորությունից՝ մասնագիտական կերպով կառավարվող ընտրական գործընթացի և կենսունակ ու բազմակարծիք, թեև հաճախ խիստ բևեռացված քարոզարշավի պայմաններում», — ասել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրական դիտորդական առաքելության ղեկավար Յանեզ Լենարչիչը։ «Ցավոք, նրանք ստիպված էին այդ ընտրությունը կատարել աննախադեպ արտաքին միջամտության և ճնշման պայմաններում՝ պատժիչ առևտրային միջոցառումների և օրեցօր հնչող հետագա բացասական հետևանքների սպառնալիքների ֆոնին, որոնք կախված էին նրանից, թե ինչ ընտրություն կկատարեն»։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 7 ՀՈՒՆԻՍԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:

Վիկտորինա Եվրոպայի խորհրդի և Հայաստանի համագործակցության մասին


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից: բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից: 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր:

Դիտեք մեր ձեռքբերումները

Եվրոպայի մասին փոդքասթների շարք
Եվրոպայի խորհուրդն աշխատում է բարելավել 700 միլիոն մարդկանց կյանք՝ նվազեցնելով խտրականությունը, պաշտպանելով մարդու իրավունքները և ամրապնդելով ժողովրդավարության սկզբունքները: Եվրոպայի մասին փոթքասթների շարքում զրուցում ենք առաջնագծում գտնվող փորձագետների հետ՝ վերլուծելով մեր առօրյա կյանքի վրա ազդող հիմնական խնդիրները: 
  Փոդքասթների շարքը կարող եք լսել անգլերեն լեզվով հետևյալ հղմամբ